Հաշվետվություն/2024-12
Գործունեություն ծավալող 9 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 239 անդամ։
Դեկտեմբերին կայացավ հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Ամանորը վիքիակումբներում» նախագիծը, որի ընթացքում գրվեցին Ամանորին և Սուրբ ծննդին առնչվող հոդվածներ։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացավ «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվեցին հավաստագրեր։
Նախագծի շրջանակներում 28 մասնակիցներ ստեղծել են 921․295 բայթ ծավալով 72 հոդված։
Վիքիխմբագրումներ դեկտեմբերին
Ընդամենը դեկտեմբերին վիքիակումբների 239 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 79-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 168 հոդված և կատարել 824 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․360․724 բայթ։
Դեկտեմբերին ակումբականներից 53-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 430 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։
- Ամսվա ընթացքում Լեռնապատի վիքիակումբը համագործակցել է գյուղի միջնակարգ դպրոցի չորրորդ և տասներորդ դասարանների հետ։ Չորրորդ դասարանի աշակերտները «Կերպարվեստ» առարկայից նախագծային աշխատանքի շրջանակներում բարելավել են Սուրբծննդյան բացիկ հոդվածը։ Տասներորդ դասարանի աշակերտները նույնպես նախագծային աշխատանքի շրջանակներում բարելավել են Լեռնապատի մասին հոդվածը։
- Կողբի ակումբի անդամները խաղացել են «Գաղտնի Ձմեռ պապ», դեկտեմբերին ակումբականները ներկայացրել են Լապլանդիան, այնուհետև ստեղծվել են այդ թեմայով Սիդա և Ձյունե ամրոց հոդվածները․
- Տարին ամփոփելով՝ որոշվել է Կողբի վիքիակումբի լավագույն խմբագիրը, որը պարգևատրվել է հավաստագրով ու վիքիշապիկով։
-
Լեռնապատի վիքիակումբ
-
Լեռնապատի վիքիակումբ
-
Կողբի վիքիակումբ
-
Կողբի վիքիակումբ
«Վետերանների հուշեր» խմբագրաթոնի արդյունք, մրցանակաբաշխություն
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման դահլիճում տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը Հայերեն Վիքիպեդիայում կայացած «Վետերանների հուշեր» խմբագրաթոնի ամփոփումը և մրցանակաբաշխությունը։ Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վետերանների միավորման և «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ ներկայացուցիչներ, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներ։
Խմբագրաթոնին մասնակցած 26 խմբագիրները ստեղծել և բարելավել են 4․678․003 բայթ ծավալով 316 հոդված՝ առաջարկված ցանկերից։
Մրցանակաբաշխության ժամանակ հավաստագրեր և գումարային մրցանակներ հանձնվեցին ինը մասնակիցների, որոնք չորս անվանակարգերում զբաղեցրել են 12 մրցանակային տեղ։
Հայ-իրանական համատեղ խմբագրաթոնի ամփոփում
Հայ-իրանական վիքիհամայնքների փոխադարձ պայմանավորվածությամբ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը հայերեն և պարսկերեն Վիքիպեդիաներում կազմակերպվեցին համատեղ, թեմատիկ խմբագրաթոններ։ Խմբագրական 20 օրերի ընթացքում հայ 20 մասնակից Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեց հայ-իրանական հարաբերությունների, իրանական մշակույթի, սպորտի, դիցաբանության, միապետների մասին 3․773․812 բայթ ծավալով 241 հոդված։
Պարսկերեն Վիքիպեդիայի խմբագիրները, համապատասխանաբար, ստեղծել են հայկական թեմատիկայով հոդվածներ։ Գնահատման արդյունքում, համաձայն խմբագրումների քանակի և որակի, յուրաքանչյուր մասնակից վիքիհամայնքից ընտրվել են երկուական խմբագիր, որոնք 2025 թվականին, որպես մրցանակ, հնարավորություն կստանան այցելելու հարևան երկիր։ Հայկական կողմի հաղթողները և մյուս լավագույն խմբագիրները կհայտարարվեն 2025 թվականի հունվարի 15-ին՝ Վիքիպեդիայի ծննդյան օրը։
Գրասենյակի տոնական զարդարում
Դեկտեմբերի 17-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տոնական տրամադրություն էր։ Ավելի քան 20 երիտասարդ վիքիպեդիստներ զարդարեցին ամանորյա տոնածառը, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից գրասենյակում «բնակություն հաստատած» բնական եղևնին՝ Ջերմիկը։ Գրասենյակի պատին տոնական լույսերի շղթայով գրվեց WIKI բառը։ Միջոցառումն անցավ տոնական երաժշտության ներքո՝ բարձր տրամադրությամբ։ Ներկաների հաճելի երեկոն լրացրեց քաղցրավենիքով և պիցցայով սեղանը։
Վիքիդասընթաց Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների համար
Դեկտեմբերի 18-ին «Վիքիմեդիա Հայաստանը» հյուրընկալեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանչական ֆակուլտետի 15 ուսանողների։ Նրանց հետ դասընթաց անցկացվեց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Վիքիպեդիայի և վիքիշարժման պատմությանը, Վիքիպեդիայի խմբագրման հիմունքներին, գրանցվեցին Վիքիպեդիայում։ Դասընթացը երկարաժամկետ է, ավարտվելու է 2025 թվականի ապրիլին։ Ուսանողները ընտրել են նախագծի էջում ներկայացված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածներից, թարգմանելու են և Հայերեն Վիքիպեդիայում ստեղծելու են մոտավորապես 30.000-ական բայթ ծավալի հոդվածներ։ Նախագծի ընթացքում շարունակվելու են աշխատասեղանները։
24 հոդված՝ Վիքիպեդիայի 24-ամյակին
2025 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 24-ամյակը։ «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել է Նվեր-հոդվածների խմբագրաթոն, որտեղ առաջարկվում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած, ստեղծել նվեր հոդվածներ։ Մասնակիցները ձգտելու ենք ստեղծել առնվազն 10․000-ական բայթ ծավալով 24-ական հոդված։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 24 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հավաստագրերի, իսկ լավագույնները՝ նաև հուշանվերների։ Մասնակիցները կարող են ստեղծել ցանկացած թեմայով հոդվածներ։ «Առաջարկվող հոդվածներ» էջը օգնության համար է։ Խմբագրաթոնը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մեկ ամիս՝ մինչև հունվարի 14-ը ներառյալ։ Արդյունքները կհայտարարվեն Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։
«Վիքիֆիկացված պայքար կոռուպցիայի դեմ» նախագիծ
«Վիքիմեդիա Հայաստանը» և «Թրանսփերնսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «Վիքիֆիկացված պայքար կոռուպցիայի դեմ» (Wikified fight against corruption) ծրագրի շրջանակներում սեպտեմբերին սկսել էին համատեղ համագործակցություն։
Այն ներառում էր վիքիխմբագրման դասընթացներ, որոնց ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները կամավոր մասնակիցներին սովորեցնում էին խմբագրել Վիքիպեդիա և Վիքիբառարան հարթակներում, և նրանք ստեղծում են վիքիբովանդակություն կոռուպցիոն դրսևորումների բացասական հետևանքների, ինչպես նաև դրանք կանխարգելելու և/կամ դրանց դեմ պայքարելու մեթոդների վերաբերյալ։
Դասընթացը և խմբագրական հիմնական աշխատանքները կայացել են սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Նախագծի շրջանակներում հայերեն Վիքիբառարանում ստեղծվել և բարելավվել է թեմատիկ 29 բառահոդված, իսկ հայերեն Վիքիպեդիայում՝ 418․006 բայթ ծավալով 23 հոդված։ Համագործակցությունը կավարտվի հունվարին, երբ կստեղծվի ևս 7 հոդված հայերեն Վիքիպեդիայում։
Համայնքային վիքիհավաք
Դեկտեմբերի 5-8-ին «Վիքիմեդիա Հայաստանը» Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կազմակերպել էր նախապես ծրագրված համայնքային քառօրյա Վիքիհավաք՝ հանդիպում-քննարկում կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հավաքին մասնակցեց 30 անձ։
Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին ընթացիկ տարում «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը, միջազգային վիքիշարժման նորությունները, Հայերեն Վիքիպեդիայի և վիքիակումբների վիճակագրությունը: Մասնակիցները ներկայացրին մտագրոհի արդյունքում ձևավորված մտքեր և «Վիքիմեդիա Հայաստանի» հաջորդ տարվա ռազմավարությանը վերաբերող առաջարկություններ։ Վիքիմեդիա համայնքի անդամները ծանոթանացան ԿԱԵ երիտասարդական նորություններին և հարցեր տվեցին կամ կարծիքներ հայտնեցին։
Համակարգողները կիսվեցին իրենց կարծիքներով և առաջարկություններով։