Jump to content

Հաշվետվություն/2024-04

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Ապրիլ

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Ապրիլ ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Վիքիակումբներ, ապրիլ 2024

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գրանցված էր 161 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում ապրիլին ստեղծվել է 68․250 բայթ ընդհանուր ծավալով 36 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․268.747 բայթ ծավալով 496 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև մայիսին։ Ապրիլին մեկնարկել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Եվրո 2024-ին ընդառաջ» նախագիծը, որը նվիրված է 2024 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Մրցութային բազմափուլ այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին այս կամ այն կերպ առնչվող հոդվածներ (կարող են լինել Եվրոպայի չեմպիոնների, Եվրոներին մասնակցած ֆուտբոլիստների, խաղերը վարած մրցավարների, հավաքականների մարզիչների կենսագրություններ, Եվրոպայի առաջնություններին, ընտրական մրցաշարերին, հավաքականներին, մարզադաշտերին, պաշտոնական գնդակներին առնչվող հոդվածներ և այլն)։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայում ավելանում են եվրոպական ֆուտբոլի մասին հոդվածները։ Նախագծի 1-ին փուլի շրջանակներում 19 ակումբականներ ստեղծել են 1․724․894 բայթ ծավալով 113 հոդված։ Նախագիծն ունենալու է 4 փուլ և շարունակվելու է մինչև հուլիսի վերջ։ Նախագծի յուրաքանչյուր փուլը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը ապրիլին վիքիակումբների 161 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 60-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 213 հոդված և կատարել 886 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․946․581 բայթ։ Մարտին ակումբականներից 46-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 228 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Ամիսը Կողբի ակումբում բավականին ակտիվ է անցել։ Կազմակերպվել է ներակումբային խմբագրաթոն՝ նվիրված ուտելիքներին։ Խմբագրաթոնի հաղթողին հանձնվել է հավաստագիր։ Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է։ Ակումբը ևս անդրադարձել է այդ օրվան՝ կազմակերպելով խմբագրաթոն, որի շրջանակներում ստեղծվել են մի քանի հոդվածներ։ Ապրիլին ակումբում ավելացել է վիքիի մոտիվներով ժամացույցը, որը պատրաստել են ակումբականները։
  • Կիրանցի վիքիակումբի անդամները սկսել են իրազեկող սեմինարների շարք հասակակից երեխաների համար․ առաջին տեսասահիկը, որը ներկայացրել են ակումբականներից երեքը, եղել է «Համակարգչային խաղերի օգուտները և վնասները» թեմայով։ Հաջորդ թեման լինելու է «Ծխախոտի վնասակար ազդեցությունը»։

Համալսարանների պրակտիկա

Բրյուսովի պետական համալսարանի վիքիդասընթաց

Բրյուսովի պետական համալսարանի և «Վիքիմեդիա Հայաստանի» միջև համագործակցության շրջանակում համալսարանի Թարգմանչական գործ մասնագիտության կուրսային հետազոտական աշխատանք իրականացնող մի խումբ՝ 18 ուսանող, ապրիլ ամսին կրկին այցելել է «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ, մասնակցել դասընթացի, վերհիշել նախօրոք ձեռք բերած գիտելիքները։ Ուսանողները որպես կուրսային աշխատանք ստեղծում են հոդվածներ հոգեբանական սթրես, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, դասական գրականություն, ֆեմինիզմ, դիսկուրսի վերլուծություն, թարգմանություն հոգեբանաբանություն և մուլտիմեդիա թեմաներով։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա բաժնի ուսանողների պրակտիկա

Ապրիլի 22-ին ավարտվել է մարտի 7-ին մեկնարկած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հեռակա բաժնի ուսանողների պրակտիկան։ Այդ բաժնի ուսանողների հետ ապրիլին անցկացվել է առցանց երեք պարապմունք, որոնց ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները մանրամասն ներկայացրել են Վիքիպեդիան խմբագրելու, հոդվածներ ստեղծելու և հրապարակելու նրբությունները, պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպումների ժամանակ անհրաժեշտ շտկումներից հետո հրապարակվել են ավազարկղերում նախապես պատրաստված պատմական թեմաներով հոդվածները։ Պրակտիկայի ընթացքում 15 մասնակիցներ ընդամենը ստեղծել են 379․640 բայթ ծավալով 21 հոդված։

ԿԱԵ Գարուն

Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները ապրիլ ամսին ակտիվ միացել են CEE spring 2024 մրցույթի շրջանակներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի առաջին 40 օրերի ընթացքում՝ սկսած մարտի 21-ից, Հայերեն Վիքիպեդիայի 17 մասնակից, 33 երկրի առաջարկած ցանկերից, 19 թեմաներով 430 հոդված է ստեղծել։

Վիքիդասընթաց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների հետ

«Վիքիմեդիա Հայաստանը» Հայաստանի ազգային գրադարանիի հետ համագործակցության շրջանականերում, Հայաստանում անցկացվող «Գրադարանային շաբաթ» նախաձեռնությանը ընդառաջ, ապրիլին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում անցկացրեց հերթական վիքիդասընթացը։ Դասընթացի ընթացքում գրադարանի մի քանի գիտաշխատողներ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցների օգնությամբ բարելավել են Վիքիպեդիայում խմբագրելու իրենց հմտությունները։ Վերանայվել են վերջերս ստեղծած հոդվածները, բարելավել վիքիգործիքներն օգտագործելու հմտությունները։ Համագործակցությունը շարունակելի է։

«Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024» նախագծի դասընթաց

2024 թվականի ապրիլի 24-ից մայիսի 28-ը «Վիքիմեդիա Հայաստանը» ABCFinance.am / Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման «Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024» նախագիծ-մրցույթը։ Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։ Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում ստեղծում են ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Նախագծի մեկնարկից առաջ «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր հայտերի ընդունում։ Նախագծին մասնակցելու համար գրանցվել էր 124 անձ, որոնցից 65-ը փորձառու խմբագիրներ են, իսկ 59-ը՝ Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեցողներ։ Վերջինների համար «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր առցանց և առկա դասընթաց, որի ընթացքում նորեկները Վիքիպեդիայում ստեղծեցին մասնակցային հաշիվ, ծանոթացան կայքի պատմությանը, հիմնական կանոններին, հոդվածների կառուցվածքին, խմբագրելու հիմնական գործիքներին, ինչպես նաև հոդված ստեղծելու, ձևավորելու և հրապարակելու նրբություններին։ Դասընթացի ժամանակ և մինչև մրցույթի մեկնարկը նրանք ստեղծեցին հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։ Դասընթացին մասնակցել և Վիքիպեդիայում գրանցվել է 17 նորեկ։

Մրցանակ-վիքիէքսկուրսիա

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Ձմեռային երիտասարդական Վիքիճամբարի 2 հաղթող ջոկատների մրցանակ-էքսկուրսիան, որին մասնակցեց 22 ճամբարական։ 1-ին ջոկատը հաղթել էր սպորտային, ինտելեկտուալ խաղերի և մշակութային միջոցառումների արդյունքներով, իսկ 4-րդ ջոկատը՝ խմբագրումների արդյունքով։ Էքսկուրսիան կազմակերպվել էր Վարդաբլուրի լճեր, Հնեվանք, Արևածագի ձոր ուղղությամբ։ Վիքիէքսկուրսիայի ընթացքում մասնակիցները լուսանկարներ արեցին, որոնք որպես «Վիքին սիրում է Երկիրը» և «Վիքին սիրում է հուշարձանները» մրցույթների մասնակիցներ կբեռնեն Վիքիպահեստ։

Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտների այցը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ

Ապրիլի 18-ին ճանաչողական այցով «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ էին այցելել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները։ Տնօրենի և փոխտնօրենի ուղեկցությամբ 14 աշակերտները շրջայց կատարեցին գրասենյակում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին։ Այնուհետև կազմակերպության աշխատակիցները ներկայացրին Վիքիպեդիայի պատմությունը, հինգ սյուները, ինչպես նաև ծանոթացրին Վիքիպեդիայում գրանցվելու, խմբագրելու և հոդվածներ ստեղծելու հիմնական սկզբունքներին։ Դպրոցը նախատեսում է միանալ ակտիվ վիքիշարժմանը և սկսել խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում։ Այդ կապակցությամբ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ։