Jump to content

Հաշվետվություն/2024-02

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Փետրվար
Փետրվար ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Նախընտրելի թեմաներ, փուլ 5

Փետրվարին կայացավ հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար անցկացված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագծի 5-րդ փուլը։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն էին թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այդ թեմաներն ընտրել էին հենց իրենք՝ ակումբականները։ Նախագիծը մրցութային էր․ հաղթողը ստանում էր «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում էին հավաստագրեր։

Փետրվարի 1-29-ին կայացել է մրցույթի վերջին՝ 5-րդ փուլը, որի ընթացքում 23 ակումբականներ ստեղծել են 2․812․109 բայթ ծավալով 108 հոդված հետևյալ 11 թեմաներով (չհաշված պահոցում եղած թեմաները)․

  • Գրողներ
  • Գրական ստեղծագործություններ
  • Աշխարհի անվանիներ
  • Հուշարձաններ
  • Աշխարհագրական օբյեկտներ (քաղաքներ, ծովեր, ջրվեժներ, լեռներ, դեպարտամենտներ)
  • Մուլտֆիլմեր
  • Սպորտ
  • Շախմատ
  • Ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ
  • Երգեր, ալբոմներ
  • Հետաքրքրաշարժ հոդվածներ

Նախագծի մեկնարկից հինգ ամսում ընդամենը ստեղծվել է 14․167․505 բայթ ծավալով 743 հոդված։ 2024 թվականի մարտին վիքիակումբների համար մեկնարկել է մրցութային նոր նախագիծ։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2024 թվականի փետրվարի 29-ի դրությամբ գրանցված էր 166 անդամ։ Նախորդ ամսվա համեմատ ակումբականների թիվն ավելացել է 15-ով։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում փետրվարին ստեղծվել է 113․444 բայթ ընդհանուր ծավալով 44 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․066․299 բայթ ծավալով 410 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև մարտին։ Փետրվարին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Ընդ որում՝ այդ թեմաները հարցման միջոցով որոշել են հենց իրենք՝ ակումբների անդամները։ 5-րդ փուլում ստեղծվել է 2․812․109 բայթ ծավալով 108 հոդված։ Սա նախագծի վերջին փուլն էր

Վիքիխմբագրումներ փետրվարին

Ընդամենը փետրվարին վիքիակումբների 166 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 75-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 217 հոդված և կատարել 1164 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․977․803 բայթ։ Փետրվարին ակումբականներից 47-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 290 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կողբի վիքիակումբում փետրվարի 19-ին նշվել է երկրում արդեն ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Այդ օրվա կապակցությամբ կազմակերպվել է վիճակահանություն, որից հետո երեխաներն իրար գրքեր են նվիրել։ «Նախընտրելի թեմաներ» մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած ակումբականներին հանձնվել են «Վիքիմեդիա Հայաստանի» հավաստագրերը։
  • Հացիկի վիքիակումբում անցկացվել է փոքրիկ ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան, որի ավարտին խմբագիրները նաև իրար գրքեր են նվիրել, խմբագիրներից մեկին էլ ակումբավարն է գիրք նվիրել։ Երկար դադարից հետո խմբագիրների նոր լուսանկարներով է համալրվել «Մեր Վիքիաշխարհը» անկյունը։
  • Լեռնապատի վիքիակումբում անցկացվել է խմբագրաթոն գրքի տոնի առթիվ, Գիրք նվիրելու օրն ակումբի լավագույն խմբագիրներն ստացել են գրքեր։ Գրքի տոնին ընդառաջ համագործակցություն է իրականացվել Լեռնապատի միջնակարգ դպրոցի հետ, որի շրջանակներում աշակերտները ակումբի մասնակիցների օգնությամբ խմբագրել են Հովհաննես Թումանյանի հեքիաթներին նվիրված հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում։
  • Կիրանցի վիքիակումբում փետրվարի 24-ին տեղի է ունեցել քննարկում տարվա հոբելյարների՝ Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի, Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի և մյուսների մասին։ Ակումբում պարզել են, որ տարին հոբելյանական է 14 անվանիների համար։ Խմբագրվել է Հովհաննես Թումանյան հոդվածը, գրվել է բանաստեղծի խոսքերով ստեղծված երգերի մասին։

Համալսարանների պրակտիկա

Փետրվարի 8-ից «Վիքիմեդիա Հայաստանում» մեկնարկել է Հայաստանի երեք համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկան։ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երկու ֆակուլտետների, Երևանի պետական համալսարանի «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» ֆակուլտետի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի երեք ամբիոնների 146 ուսանողներ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցների ղեկավարությամբ և օգնությամբ նախ գրանցվեցին Վիքիպեդիայում, սովորեցին հոդվածներ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում, այնուհետև սկսեցին տարբեր օտար լեզուներից թարգմանելով կամ աղբյուրներից օգտվելով ստեղծել նոր հոդվածներ։ Պրակտիկաներն ավարտվելու են մարտին, խմբագրման արդյունքները կամփոփվեն այդ ամիս։

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Այս համալսարանի պրակտիկան մեկնարկել է փետրվարի 12-ին։ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 86 ուսանողներ շաբաթական երկու անգամ գալիս էին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ և մասնակցում դասընթացին (յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ)։ Առաջին երկու հանդիպումների ընթացքում աշխատակիցները նրանց ծանոթացրին Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին, երրորդ հանդիպումից սկսած՝ ուսանողները սկսեցին հոդվածներ գրել Հայերեն Վիքիպեդիայում։ Նրանք կատարում են թարգմանություններ Անգլերեն, Չինարեն և Կորեերեն Վիքիպեդիաներից։ Անգլերենից թարգմանվում են կարևորագույն հոդվածների ցանկում ընդգրկվածները։ Պրակտիկան շարունակվում է։

Երևանի պետական համալսարանի «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» ֆակուլտետ

Այս համալսարանի պրակտիկան ևս մեկնարկել է փետրվարի 12-ին։ 4-րդ կուրսի 5 ուսանողները դասընթացին մասնացել են նույն հաճախականությամբ և ծանրաբեռնվածությամբ, ինչ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները։ Նրանք կատարում են թարգմանություններ Անգլերեն Վիքիպեդիայից։ Թարգմանվում են կարևորագույն հոդվածների ցանկում ընդգրկվածները։ Այս պրակտիկան ևս շարունակվում է։

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այս համալսարանի պրակտիկայի սկիզբը տրվել է փետրվարի 8-ին՝ Իջևանում։ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները երկօրյա այցով մեկնել էին Իջևան, որտեղ ուսանողների հետ անցկացրին 4 պարապմունք՝ նրանց ծանոթացնելով Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին։ Հետագա շաբաթների ընթացքում կայանում էին առցանց հանդիպումներ, որոնց ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքը, կատարվում էին շտկումներ հրապարակված ավազարկղերում և հոդվածներում։ Ընդամենը պրակտիկային մասնակցում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների 55 ուսանող։ Նրանք կատարում են թարգմանություններ Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն Վիքիպեդիաներից, ինչպես նաև ստեղծում և բարելավում են հոդվածներ՝ օգտվելով հայերեն տպագիր աղբյուրներից։ Պրակտիկան կավարտվի մարտի 21-ին։

Աստղագիտական հոդվածների ստեղծում

Փետրվարին, ընդառաջ գնալով մի շարք սկսնակ վիքիպեդիստների առաջարկին, «Վիքիմեդիա Հայաստանն» անցկացրեց առցանց դասընթաց նորեկ և քիչ փորձով վիքիպեդիստների համար։ Նպատակը՝ Վիքիպեդիայի խմբագրական գործիքներին ծանոթացնելն էր՝ հետագայում աստղագիտության վերաբերյալ հոդվածներ ստեղծելու և բարելավելու նպատակով։

Դասընթացի աշխատանքները կարգավորելու համար Հայերեն Վիքիպեդիայում էջ ստեղծվեց թարգմանության համար առաջարկվող աստղագիտական անգլիալեզու հոդվածների ցանկով և մասնակիցների գրանցման էջով։

Փետրվարին ստեղծված մոտ 20 և ստեղծվելիք հոդվածների աստղագիտական եզրերը և հոդվածների գիտական շարադրանքը ստուգելու են երկու կամավոր մասնագետներ։ Նախագիծը շարունակական է։

«Վիքիմեդիա Հայաստանի» միջոցառումները մեդիայում

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը հունվարի 21-28-ը Ծաղկաձորում կազմակերպել էր Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար, որի մասին Վիքիմեդիա Diff-ում հրապարակվել է հոդված՝ ներկայացնելով ճամբարի մանրամասներն ու արդյունքները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։