Jump to content

Հաշվետվություն/2024-10

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Հոկտեմբեր
Կենտրոն
Հոկտեմբեր ամսվա
վիճակագրություն
- style="text-align:center;"

Վիքին սիրում է հուշարձաններ

2024 թվականի հոկտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» կրկին միացել էր «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարչական մրցույթին, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ու Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Հոկտեմբերին «Վիքին սիրում է հուշարձանները» հայկական մրցույթի 57 մասնակից, որոնցից 20-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից հուշարձանների 6459 լուսանկար։

Մրցույթին նոր լուսանկարիչներ ներգրավելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստանը» հոկտեմբերին կազմակերպեց լուսանկարչական երեք զբոսանք։ Մասնակցել է 31 լուսանկարիչ, որոնք այցելել են 13 պատմամշակութային վայր։

Վիքիպահեստ լուսանկարներ վերբեռնելու փորձ չունեցող 7 մասնակիցների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել նախագծին, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում անցկացվել է Վիքիպահեստում լուսանկարներ վերբեռնելու վերաբերյալ դասընթաց։ Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորել են նախագծի շրջանակներում լուսանկարներ վերբեռնելը և տվյալները ճիշտ լրացնելը։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 213 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հոկտեմբերին ստեղծվել է 97․619 բայթ ընդհանուր ծավալով 28 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1.766.864 բայթ ծավալով 659 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև նոյեմբերին։

Հոկտեմբերին շարունակվեց հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն» եռափուլ նախագիծը, որը նպատակ ունի Հայերեն Վիքիպեդիայում լրացնելու այն երկրների մասին հոդվածների բացը, որոնք ընդգրկված չեն ամեն տարի գարնանն անցկացվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գարուն» նախագծում։ «Արևմտյան Եվրոպա» հասկացությունը այս նախագծում խիստ պայմանական է, քանի որ այստեղ առկա են նաև Հյուսիսային և Հարավային Եվրոպայի երկրներ։ Ընդամենը գրվում է 25 երկրի մասին։ Մրցութային այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Նախագիծը եռափուլ է, տևելու է մինչև նոյեմբերի վերջ։ Նախագծի յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվում են հավաստագրեր։ Բոլոր երեք փուլերի հանրագումարով լավագույն արդյունքը ցույց տված ակումբականը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ մրցանակին։ Նախագծի 2-րդ փուլի շրջանակներում 13 մասնակիցներ ստեղծել են 1․758․054 բայթ ծավալով 126 հոդված։

Վիքիխմբագրումներ հոկտեմբերին

Ընդամենը հոկտեմբերին վիքիակումբների 213 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 57-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 222 հոդված և կատարել 863 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․421․076 բայթ։ Հոկտեմբերին ակումբականներից 41-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 274 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կողբի վիքիակումբը համագործակցել է «Կողբ» հիմնադրամի հետ, որը տրամադրել էր Կոստան Զարյանի մասին տվյալներ, որոնց հիման վրա նշանակալիորեն բարելավվել է Հայերեն Վիքիպեդիայի համանուն հոդվածը։

Ակումբի տարեկան պլանի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս ակումբականները, բաժանվելով թիմերի, ներկայացնում են որևէ երկիր, որից հետո այդ երկրին նվիրված հոդված է թարգմանվում։ Հոկտեմբերին այդ երկիրը Մադագասկարն էր։ Ստեղծված հոդվածներն են՝ Ամբիլուբե, Նուսի-Բե։

  • Հացիկի վիքիակումբում անցկացվել են վարվեցողության կանոններին նվիրված քննարկումներ, խմբագիրները ոչ միայն սովորել են վարվեցողության որոշ կանոններ, այլև ամսվա վերջում ստեղծել են «Էթիկետի կանոնները» խորագրով պաստառ։
  • Կիրանցի վիքիակումբի անդամները բարելավել են գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու մասին պատմող հոդվածը։ Հոկտեմբերի 27-ին նրանք այցելել են եկեղեցի, լուսանկարել, վերբեռնել Վիքիպահեստ, այնուհետև այդ լուսանկարները տեղադրել են հոդվածում։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյան

Հոկտեմբերի առաջին կեսին մի խումբ խմբագիրներ ավարտին հասցրին սեպտեմբերի 15-ին «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունների սկսած «ՎիքիՀայ» արշավը։ Վիքիարշավի նպատակը համացանցը հայերեն բովանդակությամբ հարստացնելն էր, հայերեն բազմաբնույթ նյութերի ստեղծումը։ Այս տարի արշավը նվիրված էր ազգային .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։ Նշված իրադարձությունը հաշվի առնելով՝ մրցույթի հովանավորները սահմանել էին նաև հատուկ մրցանակ։ Այսպիսով, ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, կշնորհվի նաև .am-30-ի մրցանակը։ Համացանցին և .am դոմենի զարգացմանը 30 տարի նվիրած «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հոբելյանական տարվա «ՎիքիՀայի» թեմա է հռչակել հենց այդ ոլորտի վերաբերյալ հայերեն բովանդակության հարստացումը։ Մեկ ամսվա ընթացքում 16 մասնակից ստեղծել են 2․645․025 բայթ ծավալով 97 հոդված։

Վիքին սիրում է հուշարձանները 2024, էքսկուրսիաներ

2024 թվականի «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց լուսանկարչական երեք վիքիէքսկուրսիա։ Հոկտեմբերի 19-ին կայացավ առաջին էքսկուրսիան․ ուղղությունը Ապարանն էր, որի ընթացքում 16 մասնակից այցելեց Եղիպատրուշի եկեղեցի, նույն գյուղում գտնվող 5-րդ դարի եկեղեցի, Ապարանի ջրամբարի ափին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Թուխ Մանուկ եկեղեցի և Աստվածընկալի վանք։ Երկրորդ էքսկուրսիան կազմակերպվեց հոկտեմբերի 26-ին՝ Ցաղաց քար, Սմբատաբերդ, Գլաձորի համալսարան ուղղությամբ։ Վերջինին մասնակցեց 15 մարդ։ Ցաղաց քար և Սմբատաբերդ հասնելու համար մասնակիցները քայլեցին մոտավորապես 7 կմ սարն ի վեր։ Վերջին ուղղությունը Վաղարշապատն էր, որտեղ վերաբացվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, բացի դրանից, այցելեցինք նաև Սուրբ Գայանե, Սուրբ Կաթողիկե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Հարություն և Շողակաթ եկեղեցիները։ Ընդհանուր առմամբ էքսկուրսիաների ընթացքում արված լուսանկարներից մրցույթի շրջանակներում վիքիպահեստ բեռնվեց մոտ 3500 լուսանկար։

Վետերանների հուշեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել են «Վետերանների հուշեր» մրցույթը՝ Երկրորդ աշխարհամարտին առնչվող ընթացիկ տարվա չորս նշանակալի հոբելյանների՝ Լենինգրադի շրջափակման օղակի ճեղքման 80-ամյակի, «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմավորման 80-ամյակի, հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակի, ծովակալ Իսակովի 130-ամյակի առթիվ։ Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը, ստեղծում և բարելավում են առաջադրված թեմաներով հոդվածներ։ Հավասար քանակի և որակի հոդվածների դեպքում գերադասությունը կտրվի բուն թեմատիկային հնարավորինս շատ անդրադարձած մասնակցին։ Չորս բաժիններից յուրաքանչյուրի առաջին երեք տեղեր զբաղեցնողները՝ 12 անձ, ստանալու են հավասարարժեք դրամական պարգևներ։ Մրցույթի առաջին 15 օրերի ընթացքում ստեղծվել է 163 հոդված։

Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024-ի հաղթող ջոկատի վիքիէքսկուրսիա

Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024-ի հաղթող ջոկատի լավագույն նորեկի և լավագույն վիքիպեդիստի մրցանակը Վիքիէքսկուրսիան էր։ Հոկտեմբերի 5-ին էքսկուրսիան կազմակերպվեց հաղթողների նախապես անցկացված քվեարկությամբ ընտրված ուղղությամբ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Ամբերդ, Վահրամաշեն եկեղեցի և Քարի լիճ ուղղությամբ։ Էքսկուրսիային մասնակցեց 12 ճամբարական, որոնք էքսկուրսիայի ընթացքում լուսանկարեցին, շփվեցին, կիթառ նվագեցին, երգեցին, ստացան գիտելիքներ՝ վայելելով իրենց վաստակած մրցանակ էքսկուրսիան։