Հաշվետվություն/2024-07
Հուլիս ամսվա տվյալներ |
Վիքիակումբներ |
Վիքիակումբներ, հուլիս 2024
Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի հուլիսի 31-ի դրությամբ գրանցված էր 195 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հուլիսին ստեղծվել է 43.972 բայթ ընդհանուր ծավալով 12 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․489.992 բայթ ծավալով 592 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև օգոստոսին։
Հուլիսին կայացավ հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Եվրո 2024» նախագծի 4-րդ փուլը (1-3-րդ փուլերը կոչվում էին «Եվրո 2024-ին ընդառաջ»)։ Այն նվիրված էր 2024 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Մրցութային բազմափուլ այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն թարգմանեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին այս կամ այն կերպ առնչվող հոդվածներ։ Վերջին՝ 4-րդ փուլում, գրվեցին բացառապես 2024 թվականի Եվրոպայի առաջնությանն առնչվող հոդվածներ։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիան հարստացավ եվրոպական ֆուտբոլի մասին հոդվածներով, մասնավորապես՝ գրվեցին Եվրո-2024-ին մասնակցած 622 ֆուտբոլիստներից մեծ մասի (նախկինում արդեն գրվածների հետ այդ հոդվածների թիվը 589 է), առաջնության մարզադաշտերի, մրցավարների, ինչպես նաև խմբերի, ընտրական մրցաշարի, խորհրդանշանների մասին հոդվածներ։
Նախագծի 4-րդ փուլի շրջանակներում 37 մասնակիցներ ստեղծել են 3․268․067 բայթ ծավալով 256 հոդված։ Նախագծի չորս փուլերի ընթացքում ընդամենը ստեղծվեց 730 հոդված, որոնց ծավալն ավելի քան 12.561.385 բայթ է։
Նախագծի յուրաքանչյուր փուլը մրցութային էր․ հաղթողը ստանում էր «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում էին հավաստագրեր։
Վիքիխմբագրումներ
Ընդամենը հուլիսին վիքիակումբների 195 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 73-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 893 հոդված և կատարել 3751 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 11․907․634 բայթ։
Հուլիսին ակումբականներից 66-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 954 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Հուլիսի 5-ին Հացիկի վիքիակումբը նշել է իր ստեղծման վեցամյակը։ Խմբագիրներն ակումբում իրենց ձեռքով պատրաստել են հոբելյանական տորթը, խաղացել խաղեր։ Ակումբում հյուրընկալվել է նաև Հացիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Բաղդասարյանը, որի հետ խմբագիրները խաղացել են նաև պատմական լոտո։ Օրն անցել է շատ հետաքրքիր և հագեցած։
Հուլիսի 29-ին Կողբի վիքիակումբում հյուրընկալվել էր «Թեժ խոհանոց» հեռուստանախագծի հաղթող Գոհար Ասլիկյանը, որը մեծ ոգևորությամբ ակումբականների հետ կիսվեց իր գիտելիքներով։ Նա իր հետ բերել էր 1963 թվականին հրատարակված հայկական խոհանոցին նվիրված մի գիրք։ Ըստ հյուրի՝ հայերեն Վիքիպեդիայում հայտնի խոհարարներին, հայկական ուտելիքներին նվիրված բավական քիչ հոդվածներ կան։ Ակումբի անդամները որոշեցին հնարավորության սահմաններում լրացնել այդ բացը։
Պատանեկան ամառային Վիքիճամբար 2024
Հուլիսի 7-14-ին Ծաղկաձորում կայացավ Պատանեկան ամառային Վիքիճամբար 2024-ը, որին մասնակցեցին 13-17 տարեկան 45 պատանիներ։ Ընտրությունը կատարվել էր վերջին մեկ տարում Հայերեն Վիքիպեդիայում նրանց ցուցաբերած ակտիվության և ստեղծած հոդվածների որակի համադրությամբ։ Ճամբարի մասնակիցները բաժանվել էին 9-հոգանոց 5 ջոկատների, որոնք միմյանց հետ մրցում էին ինչպես վիքիխմբագրումներով, այնպես էլ մարզական, ինտելեկտուալ, տրամաբանական տարբեր խաղերով ու մշակութային միջոցառումներով։
Ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում տարբեր լեզուներից թարգմանելով ստեղծեցին 8.694.616 բայթ ծավալով 588 հոդված։ Խմբագրումների արդյունքով որոշվեցին լավագույն վիքիխմբագիրը և լավագույն ջոկատը, որոնք արժանացան «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած մրցանակներին։ Ճամբարի ընթացքում պատանիները մրցեցին հետևյալ մարզաձևերում․ պարանի ձգում, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս, դոջբոլ։ Կայացան բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղը, կոնստրուկտորի հավաքման մրցությունը։ Նախավերջին օրն անցկացվեց «Ֆորտ վիքի» բազմափուլ խաղը, որի ընթացքում ջոկատներն իրենց կարողությունները դրսևորցին տարբեր մարզաձևերում և խաղերում։ Բոլոր մրցությունների արդյունքում լավագույնը ճանաչված ջոկատի անդամները ևս պարգևատրվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած մրցանակներով։
Վիքիճամբարի ընթացքում կայացավ էքսկուրսիա դեպի Ծաղկաձորի ճոպանուղի, ինչպես նաև Կեչառիս վանական համալիր։ Պատանիներն այցելեցին նաև լողավազան։ Վիքիճամբարի վերջին օրը տեղի ունեցավ թատերական ներկայացում, որի ընթացքում ջոկատները ներկայացրին իրենց բեմադրությունները՝ պատկերելով նախապես հանձնարարված երկրների մշակույթը, ավանդույթները և սովորույթները։ Փակման պաշտոնական արարողությունից հետո ճամբարի մասնակիցները հավաքվեցին խարույկի շուրջ, որտեղ մի քանի ժամ անցկացրին երգելով ու զրուցելով։
Երիտասարդական ամառային վիքիճամբար 2024-ի դասընթաց
2024 թվականի օգոստոսի 11-18-ին Ծաղկաձորում կայանալիք Երիտասարդական ամառային վիքիճամբար 2024-ի մասնակիցներ ընտրելու նպատակով հուլիսի 22-30-ին տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հայաստանի» կազմակերպած դասընթացը։ Ճամբարին մասնակցելու համար դիմածներից 140-ը Վիքիպեդիայում խմբագրելու և հոդվածներ ստեղծելու փորձ չունեցողներն էին։ Հենց այդ նորեկների համար էլ կազմակերպության գրասենյակում կազմակերպվել էր դասընթացը։ Այն մասնակիցները, որոնց հարմար չէր գրասենյակ այցելելը, նույն դասընթացն անցան «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համակարգողների ղեկավարությամբ՝ տեղում՝ վիքիակումբների տարածքում, կամ առցանց։
Խմբագրելու փորձառություն չունեցող դիմողներից դասընթացին ներկայացան 53-ը։ Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի պատմությանը, Հինգ սյուներին, կանոնակարգային հիմնական պահանջներին, խմբագրման նրբություններին, ինչպես նաև ձեռք բերեցին հոդվածը հրապարակելու և վերջնական տեսքի բերելու բոլոր հմտությունները։ Այնուհետև նորեկները հոդվածներ ընտրեցին այլ լեզուներով Վիքիպեդիաներից, որոնք իրենց սևագրության էջերում սկսեցին թարգմանել հայերեն։
Դասընթացի ավարտին ընդամենը ստեղծվեց 1.980.146 բայթ ծավալով 105 հոդված։ Իրենց առավել լավ դրսևորած և բարձր արդյունք ցույց տված 25 նորեկները դարձան Երիտասարդական ամառային վիքիճամբարի մասնակիցներ։