Jump to content

Հաշվետվություն/2024-03

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Մարտ
Մարտ ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"





Կանանց միամսյակը Վիքիակումբներում

Մարտին կայացավ հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար անցկացված «Կանանց միամսյակը Վիքիակումբներում» նախագիծը, որը նվիրված է Հայաստանում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը տևող կանանց ոչ պաշտոնական միամսյակին։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն էին թարգմանել աշխարհի անվանի կանանց մասին հոդվածներ։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայում ավելացան կանանց մասին հոդվածները։

Նախագիծը մրցութային էր․ հաղթողը ստացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստացել են հավաստագրեր։

Նախագծի ընթացքում 25 ակումբականներ ստեղծել են 1․736․882 բայթ ծավալով 104 հոդված։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Վիքիակումբներ, մարտ 2024

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ գրանցված էր 156 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի»  («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում մարտին ստեղծվել է 134․198 բայթ ընդհանուր ծավալով 53 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․200.497 բայթ ծավալով 463 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև ապրիլին։

Մարտին անցկացվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Կանանց միամսյակը Վիքիակումբներում» նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանել աշխարհի անվանի կանանց մասին հոդվածներ։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայում ավելացան կանանց մասին հոդվածները։ Նախագծի շրջանակներում ընդամենը ստեղծվել է 1․736․882 բայթ ծավալով 104 հոդված։

Վիքիխմբագրումներ մարտին

Ընդամենը մարտին վիքիակումբների 156 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 57-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 251 հոդված և կատարել 1071 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․952․004 բայթ։

Մարտին ակումբականներից 47-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 303 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Հացիկի վիքիակումբի անդամները ճանաչողական այց են կատարել գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի և «Ծակ քար» սրբատեղի։ Խմբագիրները քայլարշավի ընթացքում պատմել են Հացիկի սրբավայրերի մասին իմացած տեղեկությունները և նկարահանել փոքրիկ տեսանյութ։ Արշավի ավարտին ձնծաղկի փոքրիկ խորհրդանշական փնջեր են կազմվել մայրիկների և տատիկների գալիք տոնը՝ Մարտի 8-ը, շնորհավորելու համար։
Մարտի 17-ին Հացիկի վիքիակումբում տիրել է չարենցյան տրամադրություն։ Խմբագիրները նախ ծանոթացել են Վիքիդարանի հետ, իմացել, թե ինչպես կարող են Վիքիդարանից իրենց նախընտրած գիրքը կամ ստեղծագործությունը կարդալ, ապա ընթերցել են Եղիշե Չարենցի բանաստեղծություններից և պոեմներից։ Ավարտին նրանք լսել են նաև Չարենցի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված և PROJECT LA խմբի կատարմամբ երգերը։
  • Գորիսի վիքիակումբի անդամները հոդվածներ գրելու նպատակով այցելել են Եղիշե Չարենցի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ։
  • Կողբի վիքիակումբում որոշվել է մարտի լավագույն խմբագիրը, որը պարգևատրվել է պատվոգրով։ Ամսվա ընթացքում իրականացվել է «Ներկայիս ես-ը» թեմայով զրույց՝ բացահայտելու ակումբականների բացասական և դրական կողմերը։

Ուսուցչադասախոսական դասընթաց և հավաք

«Վիքիմեդիա Հայաստանը» 2024 թվականի մարտին կազմակերպեց Ուսուցչադասախոսական վիքիհավաք, որին նախորդեց դասընթաց, որի նպատակն էր Վիքիպեդիայում խմբագրական փորձ չունեցող ուցիչներին ծանոթացնել խմբագրական հմտություններին, ինչը հնարավորություն կտար նրանց փորձված խմբագիր-ուսուցիչների հետ համատեղ հավասար պայմաններով միանալ Վիքիհավաքին։

Դասընթացը տեղի ունեցավ և՛ առցանց՝ հիմնականում մարզերի ուսուցիչների համար, և՛ առկա ձևաչափերով։ Դասընթացներին մասնակցեց 31 ուսուցիչ, և այն տևեց երկու շաբաթ։ Դասընթացի ժամանակ նրանք ստեղծեցին 589․704 բայթ ծավալով 39 հոդված։

Վիքիհավաքը տեղի ունեցավ Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում։ Նախնական մասնակցության հայտ ներկայացրած փորձառու ուսուցիչներից 10 և դասընթացի արդյունքներով ընտրված 20 մասնակիցները աշխատանքային չորս օրերի ընթացքում ստեղծեցին 5․222․969 բայթ ծավալով 260 հոդված։ Բոլոր հոդվածները գրվել են կարևորագույն հոդվածների ցանկից։

Ուսուցչադասախոսական հավաքի մասնակիցների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Օրբելի եղբայրների տուն-թանգարան և Կեչառիս վանական համալիր։ Բացի դրանից, կազմակերպվեց նաև ինտելեկտուալ խաղ և բոուլինգ։ Հավաքին մասնակցած ուսուցիչների 90 տոկոսը կանայք էին։

Համալսարանների պրակտիկա

Փետրվարի 8-ից մինչև մարտի վերջ «Վիքիմեդիա Հայաստանում» կայացավ Հայաստանի երեք համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկան։ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երկու ֆակուլտետների, Երևանի պետական համալսարանի «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» ֆակուլտետի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի երեք ամբիոնների 146 ուսանողներ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցների ղեկավարությամբ և օգնությամբ նախ գրանցվեցին Վիքիպեդիայում, սովորեցին հոդվածներ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում, այնուհետև սկսեցին տարբեր օտար լեզուներից թարգմանելով կամ աղբյուրներից օգտվելով ստեղծել նոր հոդվածներ։ Բոլոր համալսարանների ուսանողները մեկ ամսից քիչ ավելի տևած պրակտիկայի ընթացքում ընդհանուր առմամբ ստեղծեցին 21․779․992 բայթ ծավալով 500 հոդված։

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Այս համալսարանի պրակտիկայի ընթացքում Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 86 ուսանողները Անգլերեն, Չինարեն և Կորեերեն Վիքիպեդիաներից թարգմանությամբ ստեղծեցին 13․031․491 բայթ ծավալով 207 հոդված։ Անգլերենից թարգմանված հոդվածները կարևորագույն հոդվածների ցանկից են։

Երևանի պետական համալսարանի «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» ֆակուլտետ

Այս համալսարանի պրակտիկայի ընթացքում 4-րդ կուրսի 5 ուսանողները Անգլերեն Վիքիպեդիայից թարգմանելով ստեղծել են կարևորագույն հոդվածների ցանկի 14 հոդված, որոնց ծավալը կազմել է 892․362 բայթ։

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այս համալսարանի պրակտիկան շարունակվել է առցանց։ Կայացած հանդիպումների ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, կատարել շտկումներ հրապարակված ավազարկղերում և հոդվածներում։ Բացի այդ, «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցներից մեկը երկօրյա այցով մեկնել է Իջևան, որտեղ ուսանողների հետ անցկացրել է 4 պարապմունք՝ նրանց օգնելով շտկել ու հրապարակել հոդվածները, պատասխանել հետաքրքրող հարցերին։ Անցկացվել է նաև ուսուցողական պարապմունք նույն համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հեռակա բաժնի ուսանողների հետ։ Այդ բաժնի ուսանողների պրակտիկան մեկնարկել է մարտի 7-ին և կավարտվի ապրիլին։ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների ստացիոնար բաժնի 55 ուսանողները Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն Վիքիպեդիաներից թարգմանելով, ինչպես նաև հայերեն տպագիր աղբյուրներից օգտվելով՝ ստեղծել և բարելավել են 7․856․139 բայթ ծավալով 279 հոդված։

«Վիքիմեդիա Հայաստանի» միջոցառումները մեդիայում

Մի շարք համալսարանների ուսանողներ 2024 թվականի փետրվարի 8-ից հնարավորություն ունեին իրենց պրակտիկան անցկացնել «Վիքիմեդիա Հայաստանում»։ Այս պրակտիկաների մասին պատմող հոդվածը հրապարակել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղեկագրում։