Հաշվետվություն/2024-08
Օգոստոս ամսվա |
Վիքիակումբներ |
Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված էր 195 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում օգոստոսին ստեղծվել է 38.026 բայթ ընդհանուր ծավալով 9 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․528.018 բայթ ծավալով 601 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև սեպտեմբերին։
Օգոստոսին անցկացվեց հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Օլիմպիադա 2024» նախագիծը, որը նվիրված էր Փարիզի Ամառային օլիմպիական խաղերին։ Մրցութային այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն թարգմանեցին այդ Խաղերի մրցանակակիր դարձած մարզիկների մասին հոդվածներ, ինչպես նաև Խաղերի բացման արարողության և թալիսմանի մասին հոդվածները։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիան հարստացավ Փարիզ 2024-ի մասին հոդվածներով։
Նախագծի շրջանակներում 35 մասնակիցներ ստեղծել են 2․602․635 բայթ ծավալով 217 հոդված։ Նախագիծը մրցութային էր․ հաղթողը ստացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստացել են հավաստագրեր։
Վիքիխմբագրումներ
Ընդամենը օգոստոսին վիքիակումբների 195 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 55-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 343 հոդված և կատարել 1261 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4․372․386 բայթ։
Օգոստոսին ակումբականներից 50-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 571 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։
- Կողբի վիքիակումբում օգոստոսին կազմակերպվել է կինոդիտում։ Երեխաները նայել են Ջեքի Չանի մասնակությամբ «Քունգ ֆու նժույգը» ֆիլմը, որի հետո ստեղծել են համապատասխան հոդվածը հայերեն Վիքիպեդիայում։
- Գորիսի վիքիակումբի անդամներն այցելել են Տեղ գյուղի երիտասարդական կենտրոն և ներկայացրել տարբեր վիքինախագծեր, որից հետո ակումբին անդամագրվել է նոր մասնակից։
Օգոստոսի 11-18-ին Ծաղկաձորում կայացավ Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024-ը, որին մասնակցեցին 18-35 տարեկան 46 երիտասարդներ։ Նրանցից 22-ը Վիքիպեդիայում խմբագրման փորձ ունեցողներն էին, որոնց ընտրությունը կատարվել էր Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2024-ից հետո Հայերեն Վիքիպեդիայում նրանց ցուցաբերած ակտիվության և ստեղծած հոդվածների որակի համադրությամբ, իսկ 24-ը նորեկ մասնակիցներ էին, որոնք ընտրվել էին հուլիսին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում, ինչպես նաև կազմակերպության վիքիակումներում դասընթացի մասնակցած և ստեղծած հոդվածներով աչքի ընկած դիմորդներից։
Ճամբարի մասնակիցները բաժանվել էին 11-12-հոգանոց 4 ջոկատների, որոնք միմյանց հետ մրցում էին ինչպես վիքիխմբագրումներով, այնպես էլ մարզական, ինտելեկտուալ, տրամաբանական տարբեր խաղերով ու մշակութային միջոցառումներով։
Ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում տարբեր լեզուներից թարգմանելով ստեղծեցին 15.594.760 բայթ ծավալով 461 հոդված։ Հոդվածները գրվել են Վիքիպեդիայի կարևորագույն հոդվածների ցանկերից։ Խմբագրումների արդյունքով որոշվեցին լավագույն վիքիխմբագիրը, լավագույն նորեկ վիքիխմբագիրը և լավագույն ջոկատը, որոնք արժանացան «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած մրցանակներին և հավաստագրերին։
Ճամբարի ընթացքում երիտասարդները մրցեցին հետևյալ մարզաձևերում․ վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս, նետաձգություն, դոջբոլ։ Կայացան բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղը, կոնստրուկտորի հավաքման մրցությունը։ «Համեղ մրցույթի» ժամանակ ջոկատները ներկայացրին իրենց խոհարարական հմտությունները՝ նախապես տրամադրված մթերքով պատրաստելով ինչ-որ կերակրատեսակ, որը գնահատեց մրցատյանը։ Նախավերջին օրը Ծաղկաձորի տարածքում անցկացվեց «Ֆորտ վիքի» բազմափուլ խաղը, որի ընթացքում ջոկատներն իրենց կարողությունները դրսևորեցին տարբեր մարզաձևերում և խաղերում։ Բոլոր մրցությունների արդյունքում լավագույնը ճանաչված ջոկատի անդամները ևս պարգևատրվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած մրցանակներով։
Վիքիճամբարի ընթացքում կայացավ էքսկուրսիա դեպի Ջուխտակ վանք, Հաղարծին, Թաքնված ջրվեժ, որի ժամանակ մասնակիցները լուսանկարեցին պատմաճարտարապետական և բնության այդ հուշարձանները՝ հետագայում «Վիքին սիրում է հուշարձանները» և «Վիքին սիրում է Երկիրը» մրցույթների ժամանակ այդ պատկերները Վիքիպահեստ վերբեռնելու նպատակով։ Երիտասարդներն այցելեցին նաև լողավազան։
Վիքիճամբարն ունեցավ նաև հյուրեր։ Ճամբար էին եկել «Գրքասեր» կայքի ներկայացուցիչները։ Ներկաները մասնակցեցին աուդիոգրքի քննարկմանը, որից հետո կայքի և «Դարակ» հրատարակչության հատուկ մրցանակների արժանացան այն ճամբարականները, որոնք նախապես տեղադրված ցանկերից Վիքիպեդիայում ստեղծել էին գրականության վերաբերյալ հոդվածներ։
Նախավերջին օրը ճամբարականներին այցելեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության վարչության պետի տեղակալ Արմինե Պետրոսյանը: Քննարկվեցին երիտասարդական ծրագրերը, ճամբարի մասնակիցների հետագա հնարավորությունները։ Հյուրը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, այնուհետև նա ներկա գտնվեց «Ֆորտ վիքի» խաղին։
Վիքիճամբարի վերջին օրը տեղի ունեցավ թատերական ներկայացում, որի ընթացքում ջոկատները հանդես եկան իրենց բեմադրություններով՝ պատկերելով նախապես հանձնարարված հայտնի կինոֆիլմերի սյուժեները։
Փակման պաշտոնական արարողությունից հետո ճամբարի մասնակիցները հավաքվեցին խարույկի շուրջ, որտեղ մի քանի ժամ անցկացրին երգելով ու զրուցելով։
Վիքիմանիա 2024
Այս տարի օգոստոսի 7-ից 10-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցավ Վիքիմեդիա Հիմնադրամի տարեկան Վիքիմանիա համաժողովը, որին մասնակցող աշխարհի տարբեր վիքիհամայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ կիսվում են իրենց խմբագրական, վիքիակտիվության և կամավորական փորձով։
Հայաստանից մեկնած վիքիպեդիստներից երկուսը «Վիքիմեդիա Հայաստանի» աշատակիցներ Մհեր Բեքարյանը և Մարի Ավետիսյանն էին։
Հանդիպումներ եղան տարբեր երկրների վիքիհամայնքների ներկայացուցիչների, մասնակցային խմբերի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին տարբեր համայնքներում նախագծերի իրականացման առանձնահատկությունները, նոր մոտեցումները, համագործակցության հնարավորություններն ու ժամկետները։
Մարի Ավետիսյանը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024 մրցույթը՝ պատմելով, թե ինչպես է այն անցկացվում, ինչ նորություններ կային այս տարի և ինչ հաջողություններ է կազմակերպությունը գրանցել այս տարի իրականացված մրցույթի շնորհիվ:
Միևնույն ժամանակ Մարի Ավետիսյանը ԿԱԵ Երիտասարդական խմբի ելույթի շրջանակներում ներկայացրեց Վիքիմեդիա Հայաստանի կողմից երիտասարդների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և նախագծերը, մասնավորապես Վիքիճամբարները, Վիքիակումբները և համալսարանների հետ համագործակցության արդյունքում իրականացվող պրակտիկաները: Հարց ու պատասխանի արդյունքում նաև ներկայացվեց Լեռնապատի դպրոցում հաջողությամբ իրականացված Վիքիդասարանի փորձը:
ՎՍԵ գնահատում
Օգոստոսին տեղի ունեցավ «Վիքին սիրում է Երկիրը 2024» լուսանկարչական միջազգային մրցույթի ընթացքում Հայաստանից վերբեռնած լուսանկարների գնահատումը։ Մրցատյանի մի քանի փուլ գնահատման արդյունքում առանձնացան Հայաստանի բնաշխարհի և կենդանական առանձնյակների մի խումբ լուսանկարներ, որոնցից 15-ը ներկայացվեցին միջազգային մրցատյանի գնահատմանը։ Դրանցից 10 լուսանկար կընտրվեն որպես հայակական մրցույթի հաղթողներ, որոնք կհայտարարվեն սեպտեմբերի 17-ին՝ մրցույթի մրցանակաբաշխության օրը։