Jump to content

Հաշվետվություն/2024-09

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Սեպտեմբեր

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Կենտրոն
Սեպտեմբեր ամսվա

տվյալներ

- style="text-align:center;"

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 205 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում սեպտեմբերին ստեղծվել է 141․227 բայթ ընդհանուր ծավալով 30 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1,669,245 բայթ ծավալով 631 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև հոկտեմբերին։

Սեպտեմբերին մեկնարկեց հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն» եռափուլ նախագիծը, որը նպատակ ունի Հայերեն Վիքիպեդիայում լրացնելու այն երկրների մասին հոդվածների բացը, որոնք ընդգրկված չեն ամեն տարի գարնանն անցկացվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գարուն» նախագծում։ «Արևմտյան Եվրոպա» հասկացությունը այս նախագծում խիստ պայմանական է, քանի որ այստեղ առկա են նաև Հյուսիսային և Հարավային Եվրոպայի երկրներ։ Ընդամենը գրվում է 25 երկրի մասին։ Մրցութային այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Նախագիծը եռափուլ է, տևելու է մինչև նոյեմբերի վերջ։ Նախագծի յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվում են հավաստագրեր։ Բոլոր երեք փուլերի հանրագումարով լավագույն արդյունքը ցույց տված ակումբականը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ մրցանակին։

Նախագծի 1-ին փուլի շրջանակներում 17 մասնակիցներ ստեղծել են 1․211․391 բայթ ծավալով 109 հոդված։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը սեպտեմբերին վիքիակումբների 205 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 60-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 196 հոդված և կատարել 856 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․594․045 բայթ։

Սեպտեմբերին ակումբականներից 53-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 233 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

Կիրանցի վիքիակումբում սեպտեմբերի 29-ին ակումբականներից երկուսը հանդես են եկել հերթական զեկույցով։ Այս անգամ թեման հետևյալն էր․ «Ծխախոտի վնասակար ազդեցությունը»։

«Վիքիֆիկացված պայքար կոռուպցիայի դեմ» նախագիծ

«Վիքիմեդիա Հայաստանը» և «Թրանսփերնսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «Վիքիֆիկացված պայքար կոռուպցիայի դեմ» (Wikified fight against corruption) ծրագրի շրջանակներում սեպտեմբերին սկսել են համատեղ համագործակցություն։

Այն ներառում է վիքիխմբագրման դասընթացներ, որոնց ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները կամավոր մասնակիցներին սովորեցնում են խմբագրել Վիքիպեդիա և Վիքիբառարան հարթակներում, և նրանք ստեղծում են վիքիբովանդակություն կոռուպցիոն դրսևորումների բացասական հետևանքների, ինչպես նաև դրանք կանխարգելելու և/կամ դրանց դեմ պայքարելու մեթոդների վերաբերյալ։

Դասընթացը և խմբագրական աշխատանքները սկսել են սեպտեմբերին և լինելու են շարունակական։

«Վիքին սիրում է Երկիրը» մրցույթի ամփոփում

2024 թվականի հունիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2024» լուսանկարչական մրցույթին։ ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։

Հունիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 46 մասնակից՝ որոնցից 14-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3150 լուսանկար։

Սեպտեմբերի 17-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում անցկացվեց «Վիքին սիրում է Երկիրը 2024» լուսանկարչական նախագծի հայաստանյան մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը և պարգևատրումը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հայկական մրցույթում լավագույն տասնհինգ լուսանկարները և դրանց հեղինակները, որոնք արժանացան «Վիքիմեդիա Հայաստանի» մրցանակների և «WWF Հայաստանի» հուշանվերների։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյան

Սեպտեմբերի 15-ին «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները 2024 թվականին ևս հայտարարել են ամենամյա «ՎիքիՀայ» արշավի մեկնարկը։ Նպատակը համացանցը հայերեն բովանդակությամբ հարստացնելն է, հայերեն բազմաբնույթ նյութերի ստեղծումը։ Այս տարի արշավը նվիրվում է ազգային .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։ Նշված իրադարձությունը հաշվի առնելով՝ մրցույթի հովանավորները սահմանել են նաև հատուկ մրցանակ։ Այսպիսով, ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, կշնորհվի նաև .am-30-ի մրցանակը։

Համացանցին և .am դոմենի զարգացմանը 30 տարի նվիրած «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հոբելյանական տարվա «ՎիքիՀայի» թեմա է հռչակել հենց այդ ոլորտի վերաբերյալ հայերեն բովանդակության հարստացումը։ Հոդվածները պետք է ստեղծվեն բացառապես առաջարկված ցանկերից։ Մրցույթը ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։

- style="text-align:center;" Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպում 2024

2024 թվականի սեպտեմբերի 20-ից 22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց Վիքիմեդիա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամյա հանդիպումը, որի նպատակն է մեկ տեղում համախմբել ԿԱԵ տարածաշրջանի վիքիմեդիա համայնքների ներկայացուցիչներին, կիսվել փորձով և ներկայացնել նոր գաղափարներ:

Այս տարի հայկական վիքիհամայնքից հանդիպմանը ներկա էին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության համակարգող Մհեր Բեքարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և դրամաշնորհային հարցերով պատասխանատու Մարի Ավետիսյանը:

ԿԱԵ հանդիպման շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչները կապեր հաստատեցին և հանդիպումներ ունեցան վիքիմեդիա այլ համայնքների ներկայացուցիչների հետ, փորձեցին գտնել համագործակցության եզրեր: Մասնավորապես «Վիքիմեդիա օգտագործողների խումբ Թուրքիայի» նախաձեռնությամբ և առաջարկով տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեց խմբագրաթոնի ձևաչափով հնարավոր համագործակցության հնարավորությունը: «Վիքիմեդիա Ուկրաինայի», «Վիքիմեդիա օգտագործողների խումբ Ռումինիայի և Մոլդովայի», «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչների և Վիքիմեդիա հիմնադրամի դրամաշնորհների հարցերով պատասխանատուի միջև տեղի ունեցավ քննարկում հաջորդ տարի նախատեսվող բժշկական միջազգային Վիքիճամբարի վերաբերյալ:

Բացի հանդիպումներից և քննարկումներից, կազմակերպության նախագահը մասնակցեց կրթական ծրագրերի իրականացման թեմայով պանելային քննարկման՝ ներկայացնելով «Վիքիմեդիա Հայաստանի» մեծ փորձը կրթական ծրագրերի իրականացման գործում և դրանց նշանակությունը:

Միևնույն ժամանակ Մարի Ավետիսյանը ներկայացրեց «Վիքիպեդիան հանուն կանանց» նախագիծը՝ պատմելով նախագծի անհրաժեշտության, թիրախային խմբերի, նպատակների և իրականացման ընթացքի, ինչպես նաև արդյունքների մասին: Նախագիծը և նրա արդյունքները ընդհանուր հետաքրքրություն առաջացրին հանդիսատեսի շրջանում, հնչեցին բազմաթիվ հարցեր:

ԿԱԵ հանդիպման շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչները նաև հնարավորություն ունեցան հանդիպել սփյուռքահայ վիքիհամայնքի ներկայացուցիչների Թալին Նայիրի, Հայկանուշ Մինասեանի և Դիանա Բուլդուք Յանարդաղի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արևելահայ և արևմտահայ վիքիհամայնքների համագործակցության հնարավորությունները:

«Վիքիմեդիա Հայաստանի» միջոցառումները մեդիայում

«Վիքիմեդիա Հայաստանը» ձգտում է հնարավորինս մեծ և միջազգային լսարանների ներկայացնել կազմակերպության իրականացրած նախագծերն ու ծրագրերը: Այս նպատակով Վիքիմեդիա ԿԱԵ տեղեկագրում տպագրելու նպատակով ներկայացվել են ամառային երկու Վիքիճամբարները՝ նախատեսված դեռահասների և երիտասարդների համար: Վիքիճամբարների մասին պատմող հոդվածը հրապարակվել է Վիքիմեդիա ԿԱԵ տեղեկագրում:

Համայնքային հանդիպում-քննարկում

Սեպտեմբերի 6-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հերթական հանդիպում-քննարկումը՝ Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։ Հանդիպմանը մասնակցած 12 և առցանց 7 մասնակիցները հանդիպման ընթացքում ծանոթացել են երրորդ եռամսյակի «Վիքիմեդիա Հայաստանում» կատարված աշխատանքներին և սպասվող միջոցառումներին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Երտասարդական խմբի գործունեությանը։ Քննարկվել են Կազմակերպությանը և վիքինախագծերին առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։