Jump to content

Հաշվետվություն/2024-01

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Հունվար

Վիքիպեդիայի 23-ամյակ

2024 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանի» անդամներից, Հայերեն վիքիտիրույթի ակտիվ խմբագիրներից շատերը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում նշեցին Վիքիպեդիայի 23-րդ տարեդարձը: «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահի միջոցառման բացման խոսքը լսելուց հետո, ավանդաբար ամփոփվեցին անցյալ՝ 2023 թվականի «Վիքիմեդիա Հայաստանի» կազմակերպած միջոցառումների, հայերեն վիքինախագծերի արդյունքները։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առանձնացվել էին մի շարք անվանակարգեր՝ «Լավագույն նորեկ», «Լավագույն հոդված», «Լավագույն վիքիակումբական» և «Լավագույն վիքիպեդիստ»։ Բոլոր հաղթողներին հանձնվեցին իրենց անվանակարգով գավաթներ, նվերներ և պատվոգրեր, իսկ «Լավագույն վիքիպեդիստ» ճանաչված Սլավիկ Սահակյանը ստացավ այդ անվանակարգի համար նախատեսված փոխանցիկ գավաթը։

Հատուկ նշվեցին Վիքիպեդիայի 23-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնի հաղթողները: Խոսվեց 2024 թվականին նախատեսված ծրագրերի և անելիքների մասին։ Միջոցառման մասնակիցների տոնական տրամադրությունը է՛լ ավելի բարձրացնելու և Վիքիպեդիայի պատմությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար «Ի՞նչ գիտես Վիքիպեդիայի մասին» թեմայով խաղ-հարցում կազմակերպվեց, որի հաղթողին հնարավորություն տրվեց կտրել Վիքիպեդիայի տոնական տորթը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ընկերական միջավայրում շփվել, զրուցել և ուրախ ժամանակ անցկացնել:

23 հոդված՝ Վիքիպեդիայի 23-ամյակին

2024 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանը» նշեց Վիքիպեդիայի 23-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 23-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը: Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ «Վիքիմեդիա Հայաստանը» դեկտեմբերի 15-ից սկսեց նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել է 59 խմբագիր։ Ստեղծվել է 471 հոդված, ընդհանուր կատարվել է 10.613.242 բայթ ներդրում։ Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի 3 հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցների անունները։

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցված էր 151 անդամ։ Ակումբականները շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի»  («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հունվարին ստեղծվել է 69․950 բայթ ընդհանուր ծավալով 24 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 952․855 բայթ ծավալով 366 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև փետրվարին։

Հունվարին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Ընդ որում՝ այդ թեմաները հարցման միջոցով որոշել են հենց իրենք՝ ակումբների անդամները։ Դեկտեմբերին անցկացված նոր հարցմամբ որոշվել են նոր թեմաներ, որոնք ընդգրկվել են հունվար ամսվա ցանկերում։ 4-րդ փուլում ստեղծվել է 2.615.042 բայթ ծավալով 124 հոդված։

Վիքիխմբագրումներ հունվարին

Բացի հատուկ վիքիակումբների համար կազմակերպված խմբագրական նախագծերից, ակումբների անդամներից մի քանիսը մասնակցել են Վիքիպեդիայի 23-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնին։

Ընդամենը հունվարին վիքիակումբների 151 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 62-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 423 հոդված և կատարել 2100 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 8.234.026 բայթ։

Հունվարին ակումբականներից 52-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 646 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կիրանցի վիքիակումբում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Իմ ու քո Սևակը» խորագրով փոքր միջոցառում։ Երեխաները ներկայացրել են Սևակի կենսագրությունից ուշագրավ մանրամասներ և ստեղծագործություններ՝ իրենց նախընտրությամբ։
  • Լեռնապատի վիքիակումբում հունվարի 15-ին նշվել է Վիքիպեդիայի տարեդարձը։ Հունվարի 14-ից ակումբականները սկսել են բարելավել Հայերեն Վիքիպեդիայի «Պարույր Սևակ» հոդվածը և զուգահեռ խմբագրել են նրա ստեղծագործությունների մասին պատմող հոդվածները Վիքիպեդիայում և Վիքիքաղվածքում։
  • Կողբի վիքիակումբում կատարվել են սենյակի ձևավորման աշխատանքներ․ դետեկտիվ ոճով ակումբականների նկարներով պատրաստվել է ցուցանակ։ Որոշվել է ամսվա լավագույն խմբագիրը

Նախընտրելի թեմաներ, փուլ 4

Հունվարին կայացավ հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար անցկացվող «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագծի 4-րդ փուլը։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդ թեմաներն ընտրել են հենց իրենք՝ ակումբականները։ Ամռան ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանը» ակումբականների շրջանում կազմակերպեց հարցում, որով էլ որոշվեցին այն թեմաները, որոնց շրջանակներում էլ ստեղծվում են հոդվածները։ Դեկտեմբերին անցկացվեց նոր հարցում, որով որոշվեցին նոր թեմաներ։ Այդ թեմաներն ընդգրկվեցին հունվար ամսվա ցանկերում։ Նախկինում եղած որոշ թեմաներ տեղափոխվեցին պահոց, բայց այնտեղից ևս մասնակիցները հնարավորություն ունեն ստեղծելու հոդվածներ։

Նախագիծը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։

Հունվարի 1-31-ին կայացել է մրցույթի 4-րդ փուլը, որի ընթացքում 19 ակումբականներ ստեղծել են  2.615.042 բայթ ծավալով 124 հոդված հետևյալ 11 թեմաներով (չհաշված պահոցում եղած թեմաները)․

  • Գրողներ
  • Գրական ստեղծագործություններ
  • Աշխարհի անվանիներ
  • Հուշարձաններ
  • Աշխարհագրական օբյեկտներ (քաղաքներ, ծովեր, ջրվեժներ, լեռներ, դեպարտամենտներ)
  • Մուլտֆիլմեր
  • Սպորտ
  • Շախմատ
  • Ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ
  • Երգեր, ալբոմներ
  • Հետաքրքրաշարժ հոդվածներ

Նախագծի մեկնարկից չորս ամսում ընդամենը ստեղծվել է 11․355․396 բայթ ծավալով 635 հոդված։

Նախագծի 5-րդ փուլը կայանում է 2024 թվականի փետրվարին։

Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2024

2024 թվականի հունվարի 21-28-ին Ծաղկաձորում կայացավ Երիտասարդական ձմեռային Վիքիճամբարը։ Վիքիճամբարին մասնակցելու համար դիմել էր 190 երիտասարդ, որոնցից 100-ը նորեկ էին։ Նորեկ դիմորդների համար կազմակերպվեց խմբագրման ուսուցման դասընթաց։ Դասընթացի արդյունքներով նորեկ մասնակիցներից ընտրվեցին լավագույն 16-ը, իսկ փորձառու դիմորդներից ընտրվեցին լավագույն 31-ը։ Ընդհանուր առմամբ Վիքիճամբարն ունեցավ 47 մասնակից և 10 հոգի աշխատակազմ։ Երիտասարդական ձմեռային Վիքիճամբարի 7 օրերի ընթացքում ճամբարականները խմբագրեցին Հայերեն Վիքիպեդիայում, խաղացին ինտելեկտուալ, սպորտային, ժամանցային խաղեր և մասնակցեցին մշակութային միջոցառումների։

Վիքիճամբարի խաղերից էին՝ սեղանի թենիսը, բրեյն ռինգ ինտելեկտուալ խաղը, կոնստրուկտորի հավաքումը, «Եղիր յուրօրինակը», «Լավագույն խոհարարը», բոուլինգը, նետաձգությունը և «Ֆորտ Վիքին»։ Վերջինս կազմակերպվել էր ամբողջ քաղաքով։ «Ֆորտ Վիքին» բաղկացած էր մի քանի խաղ-փորձություններից՝ գլուխկոտրուկի լուծում, բարձր աշտարակի կառուցում ջենգայով, «Գտիր զույգերը», «Գտի՛ր հարցն ու պատասխանիր», արագ խմբագրում, «Օգնի՛ր քայլել», «Դիպո՛ւկ եղիր»։ Երիտասարդական Վիքիճամբարի սկզբում առաջադրանք տրվեց ջոկատներին․ նրանցից յուրաքանչյուրը պետք է բեմադրեր առաջարկված հայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Մադագասկար», «Սառցե դարաշրջան», «Շոն ոչխարը» և «Շրեկ»։ Այս բոլոր մրցույթների արդյունքում լավագույնը ճանաչվեց 1-ին ջոկատը, որը հավաքեց առավել շատ միավորներ։

Խաղերից բացի, կազմակերպվեց ամբողջ ճամբարով այց Ծաղկաձորի ճոպանուղի, ներկաները սահեցին, ձնագնդի խաղացին։ Ճամբարի վերջին օրը կազմակերպվեց դիսկոտեկ։

Վիքիճամբարի 7 օրերի ընթացքում առանձնացված էին խմբագրման ժամեր, որոնց ընթացքում 47 մասնակիցները ստեղծեցին հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։ Օրական միջինը 5-5,5 ժամ խմբագրելու արդյունքում ամբողջ Վիքիճամբարի ընթացքում ստեղծվեց 14․355․041 բայթ ծավալով 503 հոդված։ Հոդվածների մեծ մասը տարբեր բնագավառների կարևորագույն հոդվածների ցանկից է։

2024 ձմեռային Վիքիճամբարի դասընթաց

2024 թվականի հունվարի 21-28-ին կայացած Երիտասարդական ձմեռային Վիքիճամբարին մասնակցելու հայտ ներկայացրած այն մասնակիցների համար, որոնք չունեին Վիքիպեդիայում խմբագրելու փորձ, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կազմակերպվեց մեկշաբաթյա դասընթաց։

Ընդամենը գրանցվել էր 192 մասնակից, որոնցից 100-ը՝ նորեկներ էին։ Նրանց համար կազմակերպված դասընթացին մասնակցեց 38-ը։ Նորեկները բաժանվել էին երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացվեցին եռօրյա առկա հանդիպումներ։ Դասընթացի ժամանակ նորեկները գրանցվեցին Հայերեն Վիքիպեդիայում, ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, Հինգ սյուներին, հիմնական կանոնակարգերին, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու գործիքակազմին, ինչպես նաև սևագրության էջում աշխատելու և հոդված ստեղծելու նրբություններին։ Արդեն երկրորդ հանդիպման օրը մասնակիցների մեծ մասը ստեղծեց որևէ օտար լեզվից թարգմանված իր առաջին հոդվածը։

Ընդամենը դասընթացի ժամանակ ստեղծվեց 508․205 բայթ ծավալով 33 հոդված։

Դասընթացի ժամանակ ստեղծված հոդվածների որակից ու քանակից ելնելով ընտրվեցին Վիքիճամբարի նորեկ մասնակիցները։ Ընդամենը ճամբարին մասնակցեց 16 նորեկ։

«Վիքիմեդիա Հայաստանի» միջոցառումները մեդիայում

«Վիքիմեդիա Հայաստանը» 2023 թվականի դեկտեմբերի 7-10 Ծաղկաձորում կազմակերպված համայնքային եռօրյակի վերաբերյալ հոդված է հրապարակել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղեկագրում՝ նկարագրելով առկա համայնքային հանդիպումների կարևորությունն ու դերակատարումը ինչպես Վիքիմեդիա շարժման, այնպես էլ համայնքային խնդիրների լուծման գործում։

Տարբեր կրթական հաստատությունների հետ «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած վիքիդասընթացների մասին է պատմում Վիքիմեդիա կրթական տեղեկագրի հոդվածը։

Կազմակերպությունը Վիքիմեդիա Diff-ում հրապարակված հոդվածում ներկայացրել է հունվարի 15-ին Վիքիպեդիայի ծննդյան 23-ամյակին նվիրված միջոցառումը։