Jump to content

Ռազմավարություն

Վիքիմեդիա Հայաստան-ից

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (2026-2029)
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Նախաբան

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 2026-2029 թվականների ռազմավարությունը հիմնված է 2023-2026 թվականներին ունեցած ձեռքբերումների, քաղած դասերի և արդյունավետ գործելակերպի վրա։ Այն նպատակ ունի ավելի ընդլայնելու կրթական հնարավորությունները, ամրապնդելու ազատ գիտելիքի տարածումը և ընդլայնելու Վիքիմեդիա շարժման ազդեցությունն ու հասանելիությունը ամբողջ Հայաստանում։

2026-2029 թվականների ռազմավարությունը մշակվել է համայնքային մասնակցայնությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Համայնքային հավաքի ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» անդամները և համայնքի ներկայացուցիչները անդրադարձել են կազմակերպության փորձին և քննարկել ապագայի առաջնահերթությունները՝ նախանշելով ռազմավարական այն ուղղությունները, որոնք արձագանքում են ինչպես ի հայտ եկող համաշխարհային միտումներին, այնպես էլ տեղական կարիքներին։

Այսպիսով՝ այս փաստաթուղթը արտացոլում է ոչ միայն վերոնշյալ Համայնքային հավաքի արդյունքները, այլև կազմակերպության գործունեության ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ գիտելիքը, հաջողությունները, մարտահրավերները և ձևավորվող կարիքները։ Միևնույն ժամանակ այն համապատասխանում է Վիքիմեդիա շարժման 2030 թվականի ռազմավարությանը և վերջինիս 10 առաջարկություններին՝ կարևորելով տեղական զարգացումների կապը համածխարհային շարժման նպատակների և արժեքների հետ։ Այս երկակի մոտեցումը թույլ է տալիս «Վիքիմեդիա Հայաստանին» հավատարիմ մնալ համայնքային նպատակներին և համահունչ լինել համաշխարհային միտումներին։

  Ռազմավարական ուղղություն 1 - Կրթություն

Կազմակերպության հիմնադրումից ի վեր կրթությունը եղել է գործունեության հիմնարար սյուներից մեկը։ 2026-2029 թվականների ընթացքում կազմակերպության նպատակն է խորացնել և ընդլայնել համագործակցությունը կրթական հաստատությունների և դպրոցների հետ՝ մշակելով կայուն ծրագրեր և ներառական նախագծեր։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ազատ գիտելիքի ստեղծման, բարելավման և տարածման գործում ակտիվորեն ներգրավելու դեռահասներին, երիտասարդությանը, ուսուցիչներին և համալսարանի դասախոսներին։

Այս ուղղության ենթանպատակներն են․

  • Համագործակցություն կրթական հաստատությունների հետ - ձևավորել և պահպանել գործընկերային հարաբերություններ դպրոցների, համալսարանների և կրթական կենտրոնների հետ՝ Վիքիմեդիա նախագծերը և գործունեությունը ուսումնական և արտադասարանական ծրագրերում ու համալսարանական պրակտիկաներում ներառելու համար։
  • Գիտելիքի ստեղծման գործընթացում երիտասարդության ներգրավում - մշակել և նախագծել ինտերակտիվ նախագծեր, մրցույթներ և համագործակցային ծրագրեր, որոնք մոտիվացնում են դպրոցականներին և ուսանողներին հետազոտել, ստեղծել և բարելավել հոդվածներ՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերլուծական և մեդիագրագիտության հմտությունները։
  • Ոչ ֆորմալ ուսուցման հնարավորություններ - ֆորմալ հաստատություններից բացի, Վիքիճամբարների և Վիքիակումբների միջոցով ընդլայնել կրթական ազդեցությունը, որոնք խթանում են ստեղծագործականությունը, թիմային աշխատանքը և ինքնուսուցումը։
  • Կայունություն և շարունակականություն - ստեղծել միջավայր, որտեղ կրթական նախաձեռնությունները չլինեն մեկանգամյա միջոցառումներ, այլ դառնան շարունակաբար զարգացող ծրագրեր՝ ներառելով հետագա միջոցառումներ, մենթորություն և երկարաժամկետ համագործակցություններ։

  Ռազմավարական ուղղություն 2 - Որակյալ բովանդակություն

Գործունեության վերջին շրջանում «Վիքիմեդիա Հայաստանը» ավելի շատ կենտրոնացել է բովանդակության ստեղծման որակական և ոչ թե քանակական բաղադրիչի վրա։ Ռազմավարական այս ուղղության նպատակն է բարելավել Վիքիմեդիա նախագծերում ստեղծվող բովանդակության բազմազանությունը, վստահելիությունը և ընդհանուր առմամբ որակը։ Այս ուղղությունը կենտրոնանում է գիտելիքի բացերը լրացնելու, եղած բովանդակության բարելավման վրա և խրախուսում ստեղծել աղբյուրներով փաստարկված, կանոնակարգված և ներառական բովանդակություն, որն արտացոլում է տեղական իրականությունը և միևնույն ժամանակ համապատասխանում Վիքիմեդիայի համաշխարհային չափորոշիչներին։ Որակյալ բովանդակության ուղղությունը նաև հաշվի է առնում համաշխարհային միտումները և արհեստական բանականության գործիքների կիրառությունը՝ Վիքիպեդիան և քույր նախագծերը տարբեր խմբերի համար ավելի հասանելի դարձնելու նպատակով։

  • Բովանդակային բացերի վերլուծություն - Վիքիմեդիա նախագծերում բացակայող, թերի կամ կողմնակալ թեմաների համակարգված բացահայտում և դրանց բարելավման առաջնահերթություն։
  • Առաջանահերթ թեմաներ - հիմնված բովանդակային բացերի վերլուծության վրա՝ առաջնահերթություն տալ ազգային արդիականություն, կրթական արժեք ունեցող և համայնքային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։
  • Թեմատիկ խմբագրաթոններ - կազմակերպել հստակ թեմատիկ ուղղվածություն ունեցող խմբագրաթոններ՝ համախմբելով ոլորտային գիտելիք ունեցող խմբագիրներին, օրինակ՝ բժշկական, ֆինանսական և մարդու իրավունքներին առնչվող թեմաներ։
  • Բազմազան թիրախային խմբեր - ստեղծվող բովանդակության մեջ ավելի լայն տեսանկյուններ և տարբեր բնույթի փորձ ներկայացնելու նպատակով ներգրավել կանանց, ոլորտային մասնագետների, ուսանողների, փորձագետների և թերներկայացված խմբերի։
  • Մասնագետների վրա կենտրոնացած մոտեցում - հոդվածների և ստեղծվող բովանդակության բարձր որակը և վստահելիությունը ապահովելու նպատակով բովանդակության ստուգման գործընթացում որոշվել է համակարգված ձևով ներգրավել ոլորտային մասնագետների։
  • ԱԲ-ի կիրառությունը Վիքիպեդիայում և քույր նախագծերում - հասկանալ, թե ինչպես կարելի է արհեստական ​​բանականությունը օգտագործել ավելի որակյալ հոդվածներ և բովանդակություն ստեղծելու, ինչպես նաև Վիքիպեդիայի հասանելիությունը տարբեր խմբերի համար բարձրացնելու համար (օրինակ՝ արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածների վրա հիմնված արհեստական ​​բանականությամբ ստեղծված աուդիո հոդվածներ):

  Ռազմավարական ուղղություն 3 - Համայնքի բարգավաճում

«Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության հիմնաքարը համայնքն է, որի ներգրավման և կայունության վրա էլ կենտրոնացած է կազմակերպությունը։ Այս ուղղության նպատակն է ունենալ և երկարաժամկետ պահպանել ուժեղ, գնահատված, մոտիվացված և կայուն համայնք, որի ձայնը կլինի լսելի, և որը կզգա, որ լիազորված է ակտիվորեն ձևավորելու Վիքիմեդիա շարժումը Հայաստանում։ Այս ուղղությամբ կազմակերպության քայլերը հետևյալն են․

  • Աջակցել համայնքին - ստեղծել մենթորության և դասընթացների հնարավորություն ներդրողների համար, ընդունել և գնահատել նրանց ներդրումները մրցանակների, վկայականների և այլնի միջոցով։
  • Լսել համայնքի գաղափարները - ստեղծել հետադարձ կապի, խորհրդատվության, թափանցիկ և մասնակցային որոշումների կայացման կանոնավոր և կայուն ուղիներ։
  • Ապահովել անհատական զարգացման հարթակ և հնարավորություն - կամավորների համար ապահովել կազմակերպության նախագծերում կամավորության կանոնավոր հնարավորություններ՝ անհատական ​​հմտությունների զարգացման և փորձի ձեռքբերման համար։
  • Նախագծերում ակտիվ ներգրավում - խրախուսել կամավորներին համակազմակերպել և իրականացնել նախագծեր ու միջոցառումներ և ոչ միայն մասնակցել դրանց։
  • Պահպանել համայնքի մոտիվացիան - շարունակականության ապահովում՝ գնահատանքի, հմտությունների զարգացման և թափանցիկ հաղորդակցության միջոցով: Հարգալից փոխգործակցության, բազմազանության և հավասար մասնակցայնության ապահովում՝ անկախ տարիքից, սեռից, ծագումից և փորձի մակարդակից, ինչը կնպաստի մեր համայնքի տարբեր խմբերի պահպանման և ընդլայնմանը։

  Ռազմավարական ուղղություն 4 - Համագործակցություններ

Ռազմավարական այս ուղղության նպատակն է ամրապնդել «Վիքիմեդիա Հայաստանի» կապերը և համագործակցությունները այլ կազմակերպությունների, կառույցների և ինստիտուտների հետ՝ մեծացնելով ազդեցությունը, բերելով մասնագիտական փորձ և բացահայտելով նոր հնարավորությունների գիտելիքի ստեղծման և տարածման համար։ Իր գործունեության ողջ ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցել է տարատեսակ կազմակերպությունների հետ, և ռազմավարական այս ուղղության ամենակարևոր նպատակը ոչ միայն նոր համագործակցություններ սկսելն է, այլև եղածների պահպանումը և ամրապնդումը։

  • Գոյություն ունեցող գործընկերությունների պահպանում - պահպանել ամուր հարաբերություններ կրթական, բնապահպանական, ՊԳԱԹ (պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ (GLAM)), մշակութային և տարատեսակ այլ գործընկերների հետ։
  • Նոր գործընկերների փնտրտուք - ակտիվորեն կապ հաստատել տարբեր ինստիտուտների, ՀԿ-ների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր համագործակցություններ սկսելու և գիտելիքի ստեղծման գործընթացում լայնածավալ ազդեցություն ունենալու համար։
  • Համագործակցությունների բազմազանեցում - բազմաթիվ տարբեր ոլորտներում համագործակցությունների ստեղծում, որը հնարավորություն կտա անդրադառնալ տարբեր թեմատիկ ուղղությունների և բովանդակային բացերի։
  • Նախագծել նոր համատեղ նախագծեր - բացահայտել ընդհանուր հետաքրքրություններ և միասնաբար ստեղծել նորարարական ծրագրեր, որոնք երկուստեք համապատասխանում են ընդհանուր նպատակներին։

  Ռազմավարական ուղղություն 5 - Երիտասարդություն

Իր ստեղծումից ի վեր «Վիքիմեդիա Հայաստանը» երիտասարդակենտրոն մոտեցում է որդեգրել։ Կազմակերպության նախագծերից շատերը թիրախավորում են հենց երիտասարդ սերնդին, ուստի ռազմավարական այս ուղղության նպատակն է ոգեշնչել երիտասարդներին՝ որպես Վիքիմեդիա շարժման մեջ ակտիվ ներդրողների, առաջնորդների և նորարարների՝ ապահովելով սերունդների շարունակականությունը և նոր տեսանկյունները։

  • Ստեղծել միջավայր երիտասարդների առաջնորդության համար - երիտասարդներին ներգրավել կազմակերպչական և որոշումների կայացման գործընթացներում։
  • Նորեկների պատրաստում - մշակել և առաջարկել մենթորական ծրագրեր և հմտությունների զարգացման աշխատարաններ՝ հարմարեցված երիտասարդների և նորեկների համար։ Այս նախաձեռնությունների նպատակն է ոչ միայն փոխանցել խմբագրման տեխնիկական հմտությունները, այլև ստեղծել հյուրընկալ և անվտանգ միջավայր, որտեղ նորեկները ազատ կզգան արտահայտելու իրենց գաղափարները, բարձրաձայնելու առաջացած հարցերը և սովորելու համայնքի ավելի փորձառու անդամներից։ Ռազմավարական այս ուղղության պարագայում շեշտը դրվելու հարգանքի, փոխօգնության և դրական հետադարձ կապի վրա՝ ապահովելով, որ նոր մասնակիցները ձեռք բերեն վստահություն, ներգրավված զգան և աստիճանաբար դառնան շարժման ակտիվ և պատասխանատու անդամներ։
  • Խրախուսել սեփականության զգացումն ու պատասխանատվությունը - աջակցել երիտասարդ կամավորներին, որպեսզի նրանք նախաձեռնեն և իրականացնեն տարբեր նախագծեր։
  • Փորձի փոխանակում - համագործակցային միջավայրի ստեղծում, որտեղ երիտասարդները կարող են սովորեցնել և ոգեշնչել միմյանց։
  • Ոգեշնչում և ներգրավվածություն - ճանաչել երիտասարդների նվաճումները և ոգեշնչել նրանց ստեղծագործական ինքնարտահայտումը Վիքիմեդիայի հարթակներում։

  Ռազմավարական ուղղություն 6 - Միջազգային ներգրավվածություն

«Վիքիմեդիա Հայաստանը» մշտապես ակտիվ ներգրավված է եղել Վիքիմեդիայի համաշխարհային նախաձեռնությունների մեջ։ Ռազմավարական այս ուղղության նպատակն է խորացնել կազմակերպության միջազգային ներգրավվածությունը և համայնքին ու կազմակերպությանը ներկայացնել որպես Վիքիմեդիայի համաշխարհային էկոհամակարգի ակտիվ և հարգված ներկայացուցիչ։ Ունենալով հաջողված ծրագրեր, մեծ փորձ ու նորարարական մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել մյուս կազմակերպությունների կամ համայնքների համար, ինչպես նաև ունենալով մյուս համայնքներից սովորելու մշտական ցանկություն՝ «Վիքիմեդիա Հայաստանը» բարձր է գնահատում համագործակցությունները Վիքիմեդիայի այլ կազմակերպությունների հետ։

  • Ակտիվ մասնակցություն տարածաշրջանային և համաշխարհային նախաձեռնություններին - ներգրավվել համաժողովների, արշավների և անդրսահմանային նախագծերի մեջ, դառնալ նմանատիպ նախաձեռնությունների առաջամարտիկ․ ոչ միայն լինել պասիվ մասնակից, այլև դառնալ ակտիվ հյուրընկալ։
  • Կիսվել գիտելիքով և լավագույն փորձով - շարժման ավելի լայն շրջանակներին ներկայացնել կազմակերպության փորձը, կիրառվող գործիքներն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև սովորել մյուս համայնքների փորձից։
  • Համագործակցել Վիքիմեդիայի այլ կազմակերպությունների հետ - գործընկերություններ ձևավորել Վիքիմեդիա կազմակերպությունների հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում՝ միասնաբար մշակելով և իրականացնելքվ ծրագրեր ու փոխանակելով փորձ։

  Ռազմավարական ուղղություն 7 - Ֆինանսական աղբյուրների բազմազանեցում

Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը 2020 թվականից ի վեր եղել է «Վիքիմեդիա Հայաստանի» ռազմավարական գլխավոր առաջնահերություններից մեկը։ Այս ուղղության նպատակն է նվազեցնել մեկ ֆինանսական աղբյուրից չափազանց շատ կախվածությունը և նախագծերի, ծրագրերի ու միջոցառումների համար տարբեր ու կայուն ֆինանսական աջակցություն ներգրավելու միջոցով ապահովել կազմակերպության երկարաժամկետ կայունությունը։

  • Նվազեցնել կախվածությունը մեկ դոնորից - պահպանել ֆինանսական կայունությունը՝ խուսափելով մեկ հիմնական ֆինանսավորման աղբյուրից լիովին կախվածությունից։
  • Արտաքին դրամաշնորհների և ֆինանսավորման որոնում - դիմել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորող կազմակերպությունների տրամադրած տեղական և համաշխարհային դրամաշնորհների։
  • Կառուցել գործընկերություն մասնավոր հատվածի հետ - ուսումնասիրել Վիքիմեդիայի արժեքներին համապատասխանող սոցիալապես պատասխանատու բիզնեսների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունը։
  • Նախագծերով պայմանավորված ֆինանսական մոդելներ - մշակել նախաձեռնություններ, որոնք կարող են ներգրավել թիրախային ֆինանսավորում՝ հիմնվելով թեմատիկ արդիականության, նորարարության կամ սոցիալական ազդեցության վրա։

Արխիվ
Ռազմավարություն (2023-2026)