Հաշվետվություն/2021-08

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2021
Օգոստոս

WPWP Հայաստան

Վիքիմեդիա Հայաստանը 2021 թվականին միացավ միջազգային վիքիհարթակներում տարի առ տարի թափ հավաքող WPWP նախագծին։ Նախագիծը միտված է Վիքիպահեստում առկա և նոր վերբեռնվող լուսանկարներով հարստացնել բազմալեզու վիքինախագծերի էջերը։ Պայմաններն էին, որ լուսանկար պետք է ավելացվի այն հոդվածներում, որտեղ լուսանկար չկա, և որ ավելացվող լուսանկարը պետք է ունենա նկարագրություն։ Հոդվածները կարող են լինել ցանկացած լեզվով ցանկացած վիքինախագծում։

Ցավոք, Վիքիմեդիա Հայաստանը չէր կարող դիմել դրամաշնորհ ստանալու համար և չի կարող անգամ ամենահամեստ մրցանակներով շահագրգռել մասնակիցներին և ապահովել լայն մասնակցություն նախագծին։ Բայց, այնուամենայնիվ նախագծին մասնակցեցին 9 մասնակից, որոնք հոդվածներում ավելացրին 608 լուսանկար։

«Ֆինանսատնտեսական վիքիամիս» նախագծի ամփոփում

Ամփոփվեց Վիքիմեդիա Հայաստանի և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ «Ֆինանսատնտեսական վիքիամիս» նախագիծը։ 2021 թվականի հունիսի 1-30-ը արդեն խմբագրման դասընթացներին մասնակցած և փորձառու խմբագիրները սկսեցին ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ խմբագրել հայերեն Վիքիպեդիայում։

Մրցույթի ավարտից հետո Կենտրոնական բանկը և համագործակից ֆինանսական կազմակերպությունները ստուգել են հոդվածների բովանդակային, մասնագիտական մասը։ ՎՄՀ թիմը գնահատել է հոդվածները վիքիֆիկացման և քանակական մասով։ Այնուհետև այս արդյունքները համադրվել են և որոշվել հաղթողները։

Օգոստոսի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան մրցանակներ ՀՀ ԿԲ և համագործակից ֆինանասական կազմակերպությունների կողմից։ Բացի առաջին եռյակից ևս 7 հատուկ մրցանակներ հանձնվեցին համագործակից կազմակերպությունների կողմից։

Միջոցառման ընթացքում ՎՄՀ միջոցառումների համակարգողը խոսեց գնահատման մեխանիզմների և դրանց համադրման մասին։ ՎՄՀ նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց այս և նմանատիպ ծրագրերի կարևորության ու դրանց շարունակականության մասին։ Բանկերի միության ներկայացուցիչը խոսեց բանկերի նմանատիպ ծրագրերին մասնակցության մասին։ Ֆինանսատնտեսական վիքիամիս նախագծի ամփոփման միջոցառումը կազմակերպեց ՀՀ Կենտրոնական բանկը։

Վիքիմանիա 2021

Վիքիմանիա 2021 սահիկաշար

Վիքիմանիա ամենամյա համաժողովն այս տարի տեղի ունեցավ առցանց՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։ Օգոստոսի 13-17 ընթացող Վիքիմանիային մասնակցեց նաև Վիքիմեդիա Հայաստանը՝ ներկայացնելով ելույթ ՎՄՀ կրթական և ԳԼԱՄ նախագծերի մասին։

Այն պատճառով, որ տարեկան համաժողովն այս տարի առցանց էր, կար երկու տարբերակ՝ ուղիղ եթերով ելույթ ունենալ Վիքիմանիայի ժամանակ կամ նախապես ձայնագրել և տրամադրել ձայնագրությունը Վիքիմանիայի կազմակերպչական թիմին։ Վիքիմեդիա Հայաստանի թիմը որոշեց նախապես պատրաստված ձայնագրությամբ հանդես գալ համաժողովին՝ տեխնիկական և այլն բնույթի խնդիրներից խուսափելու նպատակով։

Ելույթը, որը վերնագրված էր «Վիքիմեդիա Հայաստանի վիքիկրթական մոտեցումն ու ԳԼԱՄ նախագծերը», տևեց 45 րոպե, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրերը՝

  • Վիքիակումբներ
  • Վիքիճամբարներ
  • Ուսուցիչների դասընթացներ
  • թեմատիկ բովանդակության զարգացմանն ուղղված համագործակցություններ համալսարանների և տարբեր ինստիտուտների հետ

Կարճ տեսահոլովակների միջոցով միջազգային վիքիհամայնքին ներկայացվեցին յուրաքանչյուր նախագծի մասնակիցների տպավորություններն ու ձեռքբերումները։ ԳԼԱՄ նախագծերին նվիրված հատվածում ներկայացվեց Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունն այս ուղղությամբ, համագործակցությունը տարբեր թանգարանների և ԳԼԱՄ կառույցների հետ։

Այս տարի Վիքիմանիան նվիրված էր Վիքիպեդիայի 20-ամյակին, ուստի թեմատիկ առումով պետք է անդրադառնար անցյալին, ներկային և ապագայիn։ Հետևելով այս ձևաչափին՝ Վիքիմեդիա Հայաստանի ելույթը ևս ներկայացնում էր յուրաքանչյուր նախագծի անցած ճանապարհը, ընթացիկ գործունեությունն ու ապագայի տեսլականը։

Վիքիակումբների հաշվետվություն

Վիքիակումբները ամռան վերջին ամիսը անցկացրել են՝ համատեղելով արձակուրդները հայերեն Վիքիպեդիան հարստացնելու հետ։ Ակումբականները ակտիվորեն մասնակցել են վիքիհարթակներում իրականացվող միջոցառնումներին, ինչպես նաև ներակումբական միջոցառումներին։

Քարվաճառի վիքիակումբականները շարունակել են աշխատանքը օնլայն՝ հանդիպումների ընթացքում կատարելով թարգմանչական աշխատանքները և նոր հոդվածներ ստեղծելով հայերեն Վիքիպեդիայում։

Լեռնապատի Վիքիակումբ

Լեռնապատի վիքիակումբում օգոստոսի 2-ից սկսվել է խմբագրաթոն-մրցույթ, որին մասնակցել է երեք թիմ։ Մասնակիցները խմբագրել են հոդվածներ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնների ու մեդալակիրների մասին։ Երեք շաբաթվա ընթացքում թիմերը խմբագրելուց բացի մասնակցել են տարբեր մրցույթների։ Ամփոփումը կատարվել է օգոստոսի 19-ին։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է շուրջ 100 հոդված։

Ալավերդու ակումբականները տեսազանգ են կազմակերպել, որի արդյունքում ակումբին միացել է նոր մասնակից, և այդ կապակցությամբ ակումբականները նրան նվիրել են նոր հոդված (Բելֆոր)։ Ալավերդու վիքիակումբում ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ամիս ստեղծել այդ ամսվա կարևոր իրադարձությունների մասին հոդվածները։ Այսպես ակումբականները ստեղծել են Մայր Երկրի միջազգային օր, Անկախության օր (Ուկրաինա), Ազգաբնակչության համաշխարհային օր հոդվածները։ Ակումբականներից մեկի կողմից ինքնուրույն մշակվել և ստեղծվել է Մոտկորի մասին հոդվածը։ Ակումբականները շարունակել են ակտիվորեն զբաղվել Ալավերդու վիքիակումբի և Վիքիպեդիայի լուսաբանմամբ։

Գորիսի ակումբակաները ակտիվ մասնակցել են «Հայկական թեմատիկայով վիքիարշավ» նախագծի՝ ստեղծելով բազմաթիվ հոդվածներ։

Դդմաշենի ակումբականները ակտիվորեն աշխատել են Վիքիդարանում՝ սրբագրելով նոր էջեր, նրանք ներդրում են ունեցել նաև Վիքիպեդիայում։

Ակումբները ամսվա ընթացքում ունեցել են նոր մասնակիցներ։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բայթեր+ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 46 262295 25 0 0 0 0
Արևածագ 66 30040 8 0 0 0 0
Գորիս 56 581308 142 2 0 0 3
Դդմաշեն 25 598277 29 204423 70 94 27
Լեռնապատ 116 2102484 177 65956 15 16 47
Կողբ 59 48523 8 18004 3 6 7
Հացիկ 19 421060 41 0 0 0 0
Քարվաճառ 26 237176 25 0 0 0 0
Արճիս 11 4012 1 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 44120 5 0 0 0 0
Կիրանց 12 225415 15 316484 102 132 0
Ընդամենը 723 4554771 476 604869 190 248 84