Հաշվետվություն/2021-02
Համագործակցություն WWF-ի հայաստանյան մասնաճյուղի հետ
Վիքիմեդիա Հայաստանի թիմը նախագահ Սուսաննա Մկրտչյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին (World Wide Fund) անձնակազմի հետ համագործակցության շրջանակներում մեկնեցին Վայոց Ձորի մարզ։ Մասնավորապես այց եղավ Արփա պահպանվող տարածքի գրասենյակ, այնուհետև Նորավանքի կիրճ, որտեղ հեռադիտակների, լուսանկարչական ապարատների միջոցով հնարավորություն ընձեռվեց դիտարկել բեզոարյան այծերին։ Այս կենդանիները գտնվում են ոչնչացման եզրին և գրանցված են Կարմիր գրքում։ Համագործակցության շրջանակներում, WWF-ը հոգում է բոլոր ծախսերը։
Բացի այդ, «Վիքին սիրում է Երկիրը» նախագծի շրջանակներում WWF-ը հատուկ, բարդ իրավիճակներում արվող, քիչ հանդիպող կենդանիների լուսանկարներ է բեռնում Վիքիպահեստ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Վիքիմեդիա Հայաստանի հետ համագործակցության շարունակականության շուրջ։
Համագործակցություն «Արեգնազան» կրթահամալիրի հետ
«Արեգնազան» կրթահամալիրի հետ համագործակցության շրջանակներում, կրթահամալիրի 8-րդ դասարանի սաներն իրենց դասղեկի գլխավորությամբ այցելեցին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ։ Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց Վիքիպեդիան, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը և Վիքիշարժման առանձնահատկությունները։ Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ՎՄՀ-ի միջոցառումները, Վիաիճամբարները և դրանց մասնակցության կարգն ու հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցեցին 30 պատանիներ։ Հանդիպման ողջ ընթացքում պահպանվել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բոլոր կանոնները։
Մամուլի անդրադարձ
Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ Քարվաճառի Վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի կողմից գրված «Քարրվաճառի վիքիակումբը շարունակում է իր գործունեությունը օնլայն եղանակով» հոդվածը ներկայացնում է պատերազմից հետո Քարվաճառի ակումբի կարգավիճակն ու նրա գործունեությունը։
«Անկյուն+3» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Ալավերդու վիքիակումբի և նրա հաջողությունների մասին։
Վիքիակումբների հաշվետվություն
Փետրվար ամսվա ընթացքում ակումբները շարունակել են իրենց աշխատանքը՝ իրականացնելով բազմաթիվ ներակումբական միջոցառումներ։ Ակումբներն աշխատել են ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն։
Կողբի վիքիակումբականները խմբագրումների ընթացքն ավելի հաճելի և օգտակար դարձնելու համար անցկացրել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի միջոցով փորձ է արվել զարգացնել նաև մասնակիցների թիմային աշխատելու հմտությունները։
Քարվաճառի վիքիակումբը ամսվա ընթացքում շարունակել է իրականացնել թարգմանչական աշխատանքներ (անգլերենից և ռուսերենից), որոնց օգնությամբ ստեղծել են նոր հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։
Փետրվարի 19-ին ակումբականները նշել են գիրք նվիրելու օրը (Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը)՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Քարվաճառի վիքիակումբականները կազմակերպել են առցանց միջոցառում, որի ժամանակ միասին ընթերցել և քննարկել են Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» պատմվածքը: Փետրվար ամսին Քարվաճառի վիքիակումբի գործունեության մասին հրապարակվել է հոդված Վիքիմեդիա հիմնադրամի կրթական բլոգում։
Լեռնապատի վիքիակումբը փետրվարի 12-ից իրականացրել է գրքերի ու գրական ստեղծագործություններին նվիրված խմբագրաթոն (ընդհանուր առմամբ գրվել է շուրջ 30 հոդված), որն ամփոփվել է փետրվարի 19-ին։ Խմբագրաթոնի ընթացքում անցկացվել է թիմային մրցույթ, որի ընթացքում շեշտը դրվել է մասնակիցների խմբագրական ունակությունների և մասնավորապես վիքիֆիկացման գործիքների իմացության վրա։ Այդ օրը ակումբում անցկացվել է գրքերին նվիրված վիկտորինա, իսկ խմբագրաթոնի հաղթող թիմի անդամները ստացել են գրքեր։ Ակումբի անդամները նույնպես միմյանց գրքեր են նվիրել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Լեռնապատի վիքիակումբում փետրվարի 8-14-ը անցկացվել է Սիրո տոնին նվիրված խմբագրաթոն, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 15 հոդված։
Ալավերդու ակումբականները կազմակերպել էին բոլորին հայտնի «Գիքորը» ֆիլմի դիտւմ և քննարկում։ Ալավերդու վիքիակումբի հաջողությունների մասին ռեպորտաժ է արվել «Անկյուն+3» հեռուստաընկերության կողմից։
Հացիկի վիքիակումբի մասնակիցները օրվա առթիվ հյուրընկալվել էին Շիրակի մարզային գրադարան։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզի գրողների միության անդամները՝ միության պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետյանի գլխավորությամբ, ներկա էր նաև գրադարանի տնօրենը՝ Գևորգ Ամիրյանը։ Ակումբական-թումանյանասերները փոքրիկ, բայց բովանդակալից միջոցառման միջոցով ներկայացել են Թումանյանի կյանքը, հասարակական ու քաղաքական գործունեությունը, խոսել են նաև ստեղծագործական գործունեության մասին, ասմունքել են և գրեթե 10 րոպե տևողությամբ միջոցառումը ամփոփել են Թումանյանի քառյակներով՝ արժանանալով ներկաների ջերմ խոսքերին ու գովասանքին։ Ակումբի մասնակիցները ներկաներին ներկայացրել են, թե ինչ է վիքիակումբը և պատմել են Հացիկի ակումբի մասին։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (Վիքիպեդիա) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (Վիքիբառարան) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (Վիքիդարան) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 39 | 13000 | 488779 | 33 | 0 | 0 | 21945 | 4 | 7 | 0 |
Արևածագ | 66 | 960 | 327506 | 31 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 33 | 121976 | 188040 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 40 | 20300 | 325813 | 53 | 7 | 0 | 4 | 0 | 1 | 1 |
Դդմաշեն | 25 | 2876 | 267302 | 17 | 0 | 0 | 378540 | 135 | 221 | 8 |
Լեռնապատ | 104 | 2279 | 1175884 | 110 | 0 | 0 | 111405 | 27 | 8 | 0 |
Կողբ | 68 | 5300 | 228448 | 28 | 5996 | 12 | 115940 | 31 | 2 | 40 |
Հացիկ | 17 | 1044 | 772467 | 64 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սպիտակ | 59 | 13000 | 306207 | 19 | 0 | 0 | 29195 | 12 | 14 | 0 |
Ստեփանակերտ | 23 | 55200 | 4840 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 27 | 500 | 568583 | 65 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 11 | 1109 | 58345 | 10 | 0 | 0 | 3225 | 1 | 0 | 4 |
Գանձաքար | 6 | 3656 | 24414 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 16 | 5000 | 35801 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 12 | 298 | 542 | 0 | 0 | 0 | 76698 | 26 | 24 | 1 |
Մրգավան | 61 | 1725 | 25463 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 931 | 403458 | 5223328 | 466 | 26747 | 45 | 739584 | 236 | 280 | 55 |