Հաշվետվություն/2021-05

Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում

2021 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ, հետևելով ԻԿՕՄ Շվեյցարիայի և Վիքիմեդիա Հիմնադրամի նախաձեռնությանը, որին միացել են այլ եվրոպական երկրներ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել են Վիքիպեդիայում խմբագրական մրցույթ «Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» թեմայով և վիքի խմբագրման դասընթաց։
Մրցույթը անցկացվել է մայիսի 3-18-ը, թանգարանային աշխատակիցները հոդվածներ են գրել իրենց թանգարանների, թանգարանային անձանց և ցուցանմուշների մասին, իսկ մյուս մասնակիցները հոդվածներ են թարգմանել ներկայացված ցուցակներից։
Մրցույթին մասնակցել են 41 մասնակից։ Մոտ 20 նոր մասնակիցների հետ վիքիխմբագրման մանրամասներ բացատրող չորս հեռակա դասընթաց է վարվել։ Խմբագրական 15 օրերի ընթացքում խմբագրվել է 283 հոդված ընդհանուր 2,526,245 բայթ ծավալով։
Արդյունքները կամփոփվեն մրցույթի ավարտից երկու շաբաթ հետո։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն հինգ խմբագիրները կստանան մրցանակներ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեից։
Վիքիպեդիայի դասընթացներ
Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը երկարատև ծրագրերի նպատակով համագործակցել է Կենտրոնական բանկի և «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության հետ։ Համագործակցության շրջանակներում 2021 թվականի հունիսի 1-ից մեկնարկել են երկու ծրագրեր՝ Հայկական թեմատիկայով Վիքիարշավ և Ֆինանսատնտեսագիտական Վիքիամիս։
Նախագծերին մասնակցության հայտ են ներկայացրել նաև նորեկ մասնակիցներ՝ տարբեր բնագավառների աշխատողներ, ուսանողներ, դպրոցականներ ֆինանսատնտեսագիտական ոլորտի ներկայացութցիչներ։ Նորեկ մասնակիցների համար մայիս ամսին կազմակերպվել են կարճաժամկետ դասընթացներ, որոնց շնորհիվ մասնակիցները ծանոթացել են Վիքիշարժմանը, սովորել են խմբագրել և պատրաստվել մրցույթներին։
Վիքի․հայ
«Վիքի․հայ» նախագծի շրջանակներում դասընթացները մեկնարկել են մայիսի 16-ին և տևել են մինչև մայիսի 31-ը։
Նախագծին գրացված մոտ 163 մասնակիցներից 101-ը նորեկ մասնակիցներ էին։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի համաձայն իրենց կողմից ընտրված հարմար օրերի և ժամերի։ Ընդհանուր՝ 6 խումբ։ Յուրաքանչյուր խումբ ունեցել է մեկ մարզիչ։
Խմբերը մարզիչների հետ աշխատել են շաբաթական 2-3 անգամ, մոտ 2 ժամ։ Առաջին երկու հանդիպումներին մասնակիցները ծանոթացել են Վիքիշարժմանը, բացել մասնակցային հաշիվներ, սկսել խմբագրման առաջին քայլերը իրենց սևագրերում։ Հաջորդ հանդիպումներին սովորել են աղբյուրների ինքնուրույն տեղադրում, խմբագրաթոնի մասնակիցների էջում ստորագրություն, ցանկերից հոդվածների ընտրություն և ստորագրություն և այլն։
Դասընթացի համար կազմվել են առաձին ցանկեր, որոնք չեն մասնակցել մրցույթին։ Նախագծի մեկնարկին՝ հունիսի 1-ին յուրաքանչյուր խմբի ակտիվ մասնակիցներն արդեն պատրաստ էին հոդվածների ստողծման և բարելավման մրցույթին փորձառու մասնակիցների հետ հավասար պայմաններով։
Նախագիծն ավարտվելու է օգոստոսի 31-ին։
Ֆինանսատնտեսագիտական Վիքիամիս
«Ֆինանսատնտեսագիտական Վիքիամիս» նախագծի շրջանակներում դասընթացները մեկնարկել են մայիսի 20-ին և տևել են մինչև մայիսի 31-ը։
Նախագծին գրացված 96 մասնակիցներից 72-ը նորեկ մասնակիցներ էին։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի համաձայն իրենց կողմից ընտրված հարմար օրերի և ժամերի։ Ընդհանուր՝ 6 խումբ։ Յուրաքանչյուր խումբ ունեցել է մեկ մարզիչ։
Խմբերը մարզիչների հետ աշխատել են շաբաթական 2-3 անգամ, մոտ 2 ժամ։ Առաջին երկու հանդիպումներին մասնակիցները ծանոթացել են Վիքիշարժմանը, բացել մասնակցային հաշիվներ, սկսել խմբագրման առաջին քայլերը իրենց սևագրերում։ Հաջորդ հանդիպումներին արդեն ընտրել են հոդվածներ ցանկերից և սկսել հոդվածների ստեղծման և բարելավման առաջին քայլերը։
Նախագծի մեկնարկին՝ հունիսի 1-ին յուրաքանչյուր խմբի ակտիվ մասնակիցներն արդեն պատրաստ էին հոդվածների ստողծման և բարելավման մրցույթին փորձառու մասնակիցների հետ հավասար պայմաններով։
Նախագիծն ավարտվելու է հունիսի 30-ին։
CEE spring 2021

Մարտի 21-ից մայիսի 31-ը տեղի ունեցող CEE Spring ամենամյա խմբագրական մրցույթին այս տարի հայկական կողմից մասնակցել է 41 վիքիմեդիացի: Ըստ այլ երկրների առաջարկած հոդվածների և իրենց նախընտրության՝ մասնակիցները գրել են 39 երկրների 20 թեմաների վերաբերյալ հոդվածներ: Ընդհանուր առմամբ մրցույթի շրջանակներում հայ վիքիպեդիստները գրել են 386 հոդված։
Հայ մասնակիցներից մեկը գրել է ավելի քան 94 հոդված, իսկ մեկ այլ խմբագիր՝ ավելի քան 76 հոդված։ Հայկական կողմը նաև հոդվածներ է գրել կանանց թեմայով, ընդհանուր առմամբ 64 հոդված։ Այդ թեմայով ամենաշատ հոդվածները գրել է մեկ մասնակից՝ 11 հոդված:
Ամենամեծ հոդվածի ծավալը 338,236 բայթ է, իսկ բոլոր հոդվածների գումարային ծավալը 4,188,064 բայթ է։
«Վիքիպեդիան հանուն խաղաղության․ SCI-ի պատմություն» առցանց Վիքիճամբար 4
Service Civil International Switzerland կազմակերպությունը Վիքիմեդիա Շվեյցարիայի հետ համագործակցությամբ ապրիլի 1-7-ը կազմակերպել էր «Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց չորրորդ Վիքիճամբարը: Այս անգամ ճամբարի թեման SCI կազմակերպության պատմություն էր, դրա գործունեությունն ու մարդիկ։ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության կողմից ճամբարին մասնակցում էր Աննա Բեժանյանը, ով ճամբարի ընթացքում ստեղծել է 3 կարևոր հոդված։ Ստորև Աննան պատմել է իր տպավորությունների մասին։
Աննա Բեժանյան
Միջազգային առցանց վիքիճամբարը կազմակերպվել էր Վիքիմեդիա Շվեյցարիայի հետ համագործացկությամբ, որի հիմնական թեման խաղաղությունն էր: Մասնակիցները ներգրավված էին տարբեր տարիքային խմբերից և տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մալայզիայից և այլն: Ճամբարի ընթացքում ծանոթացել ենք Միջազգային քաղաքացիական ծառայությանը, որը կամավորական միավորումների և խաղաղության համար շարժումների ոչ պետական կազմակերպություններից մեկն է, ուսումնասիրել ենք նրա պատմությունը, գործունեությունը, ծանոթացել ենք նրա տարբեր գործիչների կենսագրությանն ու նրանց ներդրումներին և, իհարկե, խմբագրել ենք նրանց մասին հոդվածներ՝ հարստացնելով Վիքիպեդիան: Առաջին անգամ էի լսում այս կազմակերպության մասին, իսկապես հսկայական աշխատանք է կատարում ամբողջ աշխարհում՝ ուղղված խաղաղության հաստատմանը։
Այս ամենը համեմված էր ամենաբազմազան միջոցառումներով, ինչը բավականին տպավորիչ էր և դարձրել էր առցանց ճամբարը անհամեմատ հետաքրքիր, քան կարելի էր սպասել։ Ճամբարի ընթացքում մենք զարգանում էինք բազմակողմանիորեն․ ոչ միայն լսում և սովորում էինք խաղաղությանն ուղղված աշխատանքների մասին, այլև ծանոթանում էինք մեկս մյուսի մշակույթին, փոխանակվում գիտելիքներով, երեկոյան ժամերին կազմակերպում էինք թեմատիկ զրույցներ, որոնք ինքներս էինք առաջարկում, և ամեն օր ունենում էինք թեմատիկ միասնական նկարներ։ Պարզվեց, որ մասնակիցներից մի քանիսը մի քանի անգամ եղել են Հայաստանում, իսկ նրանցից մեկը առաջին անգամ եկել էր երկրաշարժից հետո՝ որպես կամավոր օգնություն տրամադրելու։ Այդ պատմությունն իմանալուց հետո շատ հուզվեցի, լրիվ այլ զգացողություն է երկրիդ մասին լսել օտարերկրացուց։ Ճամբարից հետո դեռ երկար ժամանակ տպավորություններն ուղեկցում էին ինձ։ Այժմ շատերի հետ ընկերացել ենք և հաճախ շփվում ենք, շատ ենք ուզում իրական կյանքում էլ հանդիպել համավարակի ավարտից հետո։
Վիքիակումբների հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում ակումբները շարունակել են ակտիվ մասնակցություն ունենալ վիքիհարթակներում և մասնակցել են տարբեր վիքինախագծերի։ Ակումբները ակտիվորեն իրականացրել են նաև ներակումբական միջոցառումներ։
Քարվաճառի վիքիակումբը ամսվա ընթացքում շարունակել է աշխատել առցանց համատեղ թարգմանությունների միջոցով: Մայիսի 16-ին կազմակերպվել է արվեստի հերթական «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումը: Ակումբականներից Էլենը ընկերներին պատմել է Լեոնարդո դա Վինչիի կյանքի և ստեղծագործության մասին:
Հացիկի վիքիակումբը սկսել է նոր նախագիծ, որի ընթացքում խմբագիրները ստեղծում են իրենց ապագա մասնագիտություններին վերաբերող հոդվածներ։
Կողբի ակումբականները ակտիվ մասնակցել են CEE Spring 2021 վիքիմրցույթին։
Լեռնապատի վիքիակումբը մայիսի 4-ին անցկացրել է ռուսերենից հայերեն թարգմանության թիմային մրցույթ, որից առաջ մասնակիցներին տրվել էր 200 բառի ցանկ, որոնք նրանք սովորել են։ Մրցույթի ընթացքում թիմերի մասնակիցները համատեղ խմբագրել են հոդված։ Մայիսի 9-ին սկսվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված խմբագրաթոն, որը տևել է մինչև ամսվա վերջ։ Խմբագրաթոնին մասնակցել է 11 մասնակից, ընդհանուր առմամբ գրվել է 123 հոդված։
Գորիսի ակումբականները տեսազանգի միջոցով կապ ենք հաստատել Գորիսի Յուրի Բախշյանի անվան դպրոցի աշակերտների հետ, որոնք ծանոթացել են վիքինախագծերին և ստացել են Վիքիպեդիայում խմբագրելու համար անհրաժեշտ սկզբանական գիտելիքներ։
Ալավերդու վիքիակումբականները ամսվա ընթացքում շարունակել են ստեղծել ամսվա կարևոր օրերի մասին պատմող հոդվածներ, մասնավորապես՝ Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր (մայիսի 5) և Մանկաբարձի միջազգային օր (մայիսի 5)։ Մայիսի վորքշոփներից մեկի պատասխանատուն՝ Շահանեն, շատ հետաքրքիր հանդիպում էր պատրաստել շախմատի մասին։ Նախ պրեզենտացիայի ցուցադրմամբ նա պատմել է շախմատի մասին, ապա սովորեցրել շախմատ խաղալու հիմնական կանոնները։ Իսկ վերջում տեղի ունեցավ նրա և Էրիկի միջև համառ պայքարը։ Ամսվա վերջին օրը ակումբում գրքի քննարկման օր էր։ Այս անգամ ակումբականները վերլուծել էին Օ’Հենրիի «Վերջին տերևը» ստեղծագործությունը։
Ամսվա ընթացքում վիքիակումբները ունեցել են բավականին լավ ցուցանիշներ։ Այս ամիս ակումբներին են միացել 14 նոր մասնակիցներ։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 40 | 13000 | 551858 | 46 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 66 | 960 | 186026 | 31 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 33 | 121976 | 43057 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 99 | 20300 | 647350 | 51 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Դդմաշեն | 25 | 2876 | 713182 | 22 | 0 | 0 | 63825 | 20 | 40 | 0 |
Լեռնապատ | 114 | 2279 | 1663492 | 205 | 0 | 0 | 37185 | 7 | 20 | 5 |
Կողբ | 58 | 5300 | 349938 | 36 | 0 | 0 | 77828 | 22 | 0 | 25 |
Հացիկ | 18 | 1044 | 610759 | 68 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 34 | 55200 | 115063 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 25 | 500 | 530806 | 77 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 11 | 1109 | 61430 | 6 | 0 | 0 | 132 | 0 | 3 | 21 |
Գանձաքար | 6 | 3656 | 9100 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 16 | 5000 | 46726 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 8 | 1837 | 748247 | 54 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 12 | 298 | 87570 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Մրգավան | 61 | 1725 | 28253 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 755 | 268329 | 6392857 | 620 | 7 | 0 | 178971 | 49 | 63 | 51 |