Jump to content

Հաշվետվություն/2023-12

Վիքիմեդիա Հայաստան-ից
2023
Դեկտեմբեր
Դեկտեմբեր ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Նախընտրելի թեմաներ, փուլ 3

Դեկտեմբերին կայացավ հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար անցկացվող «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագծի 3-րդ փուլը։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդ թեմաներն ընտրել են հենց իրենք՝ ակումբականները։ Ամռան ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանը» ակումբականների շրջանում կազմակերպեց հարցում, որով էլ որոշվեցին այն 10 թեմաները, որոնց շրջանակներում էլ ստեղծվում են հոդվածները։ Ընդ որում՝ թեմաների շրջանակը կարող է ընդլայնվել, քանի որ ակումբականները նախագծի քննարկման էջում կարող են առաջարկել նորերը։

Նախագիծը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։

Դեկտեմբերի 1-31-ին կայացել է մրցույթի 3-րդ փուլը, որի ընթացքում 28 ակումբականներ ստեղծել են 3․036․463  բայթ ծավալով 180 հոդված հետևյալ թեմաներով․

  • Աշխարհագրական օբյեկտներ (քաղաքներ, ծովեր, ջրվեժներ, լեռներ, դեպարտամենտներ)
  • Կինոնկարներ
  • Մուլտֆիլմեր
  • Կինոդերասաններ
  • Ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ
  • Նկարիչներ
  • Երգիչներ, խմբեր
  • Երգեր, ալբոմներ
  • Եզրույթներ (տերմիններ)
  • Հետաքրքրաշարժ հոդվածներ

Քանի որ ամիսը նախատոնական էր, ցանկերում ավելացվել էին Ամանորին և Սուրբ ծննդին առնչվող հոդվածներ։ 3-րդ փուլում ստեղծվել է այդ թեմաներով կինոնկարների, մուլտֆիլմերի, երգերի, ինչպես նաև տարբեր երկրների ամանորյա ավանդույթների մասին պատմող 54 հոդված։

Նախագծի մեկնարկից երեք ամսում ընդամենը ստեղծվել է 8․740․354 բայթ ծավալով 510 հոդված։

Նախագծի 4-րդ փուլը կայանում է 2024 թվականի հունվարին։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 151 անդամ։ Ակումբականները շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի»  («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում դեկտեմբերին ստեղծվել է 106.223 բայթ ընդհանուր ծավալով 33 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 882․905 բայթ ծավալով 342 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև հունվարին։

Նոյեմբերին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Ընդ որում՝ այդ թեմաները հարցման միջոցով որոշել են հենց իրենք՝ ակումբների անդամները։ 3-րդ փուլում ստեղծվել է 2․987․345 բայթ ծավալով 180 հոդված։ Դեկտեմբերին անցկացվել է նոր հարցում, որի արդյունքներով ձևավորված նոր թեմաների ցանկերն ընդգրկվել են հունվարին մեկնարկած 4-րդ փուլում։

Հայերեն Վիքիպեդիայում կուտակվել էին ավելի քան 900 հոդվածներ, որոնցում միևնույն պատկերն օգտագործված էր երկու անգամ՝ մեկը տեղեկաքարտում, որը ստացվում է Վիքիտվյալներից, իսկ մյուսը տեղադրված էր հոդվածի տեքստային մասում։ Այդպիսի հոդվածները, որոնք ավտոմատ հավաքվում են մեկ կատեգորիայում, մաքրելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստանը» վիքիակումբների անդամների համար կազմակերպեց հատուկ նախագիծ, որի ընթացքում հոդվածներից հեռացվեցին կրկնվող պատկերները։ Աշխատանքը ճիշտ կազմակերպելու նպատակով պատրաստվեց կարճ տեսանյութ, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես պետք է կատարել այդ աշխատանքը։ 900-ից ավելի հոդվածները, ըստ ակումբներում գրանցված ակտիվ մասնակիցների քանակի, համամասնորեն բաժանվեցին նրանց միջև, և աշխատանքը կատարվեց մի քանի օրվա ընթացքում:

Վիքիխմբագրումներ դեկտեմբերին


Ընդամենը դեկտեմբերին վիքիակումբների 151 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 77-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 333 հոդված և կատարել 2484 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4.990.987 դրական բայթ և 225.117 բացասական բայթ (վերջին ցուցանիշը նշվում է կրկնվող պատկերները հեռացնելու նախագծի արդյունավետությունը ցույց տալու համար)։

Դեկտեմբերին ակումբականներից 58-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 669 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կողբի վիքիակումբը հյուրընկալել է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող մեդիագրագիտության խմբի ամդամներ Նանեին ու Ալվարդին, որոնք եղել են այդ ակումբի անդամներ: Նրանք ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, բացատրել, թե ինչպես պետք է տարբերակել ճիշտ և կեղծ լուրերը, ստուգել փաստերի ճշտությունը, ինչպես խուսափել կիբերհանցագործությունից, նաև պատմել են, թե Վիքիպեդիայում խմբագրումներն ինչպես են իրենց օգնել մեդիագրագիտության մեջ։
  • Հացիկի վիքիակումբի անդամներն իրենց ձեռքով պատրաստած խաղալիքներով զարդարել են ակումբը և տեսանյութ նկարել, թե ինչպես են ակումբում նախապատրաստվում Ամանորին։ Տեսանյութը տեղադրվել է նաև վիքիակումբի ֆեյսբուքյան էջում։
  • Լեռնապատի վիքիակումբում դեկտեմբերի 27-ին անցկացվել է տարվա ձեռքբերումների ամփոփում, սակայն հիմնական ամփոփումը նախատեսվում է կատարել Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։ Ակումբը միացել է այդ օրվան նվիրված խմբագրաթոնին։

Նվեր հոդվածներ Վիքիպեդիայի ծննդյան օրվան

2024 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանը» նշում է Վիքիպեդիայի 23-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվող նախագծերից մեկն է Վիքիպեդիայի 23-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը:

Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ «Վիքիմեդիա Հայաստանը» դեկտեմբերի 15-ին սկսեց նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծում և բարելավում են մի շարք հոդվածներ։

Խմբագրաթոնին դեկտեմբեր ամսին միացել է 34 խմբագիր։ Նախագիծը շարունակական է, կավարտվի Վիքիպեդիայի ծննդյան օրվա նախօրեին, որի ժամանակ էլ կհայտարարվեն հաղթող և խմբագրումներով աչքի ընկած մասնակիցները։

Ջիլ գյուղի դպրոցականների այց ՎՄՀ գրասենյակ

Դեկտեմբերի 23-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակն ընդունել էր Հայաստանի սահմանամերձ Ջիլ գյուղի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։

Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի և նրա քույր նախագծերի ստեղծման պատմությանը, նախագծերի խմբագրական առանձնահատկություններին և նրանց ընձեռած հնարավորություններին։

Վիքիդասընթաց Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների համար

Դեկտեմբերի 12-ին Վիքիմեդիա Հայաստանը հյուրընկալեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանչական ֆակուլտետի 30 ուսանողների։ Նրանց հետ դասընթաց անցկացվեց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Վիքիպեդիայի և վիքիշարժման պատմությանը, Վիքիպեդիայի խմբագրման հիմունքներին, գրանցվեցին Վիքիպեդիայում։

Դասընթացը երկարաժամկետ է, ավարտվելու է 2024 թվականի ապրիլին։ Ուսանողները ընտրել են նախագծի էջում ներկայացված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածներից, թարգմանելու են և Հայերեն Վիքիպեդիայում ստեղծելու են մոտավորապես 30.000 բայթ ծավալի հոդվածներ։

Նախագծի ընթացքում շարունակվելու են առկա և առցանց աշխատասեղանները։

Համայնքային վիքիհավաք

Դեկտեմբերի 7-10-ին «Վիքիմեդիա Հայաստանը» Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կազմակերպել էր նախապես ծրագրված համայնքային եռօրյա Վիքիհավաք՝ հանդիպում-քննարկում կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Առկա հանդիպումներին զուգահեռ անցկացվեցին նաև առցանց հանդիպում-քննարկումներ ZOOM հարթակով։

Հավաքին մասնակցեցին առկա 30 և առցանց 8 մասնակից։

Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին ընթացիկ տարում «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը, միջազգային վիքիշարժման նորությունները։ Մասնակիցները ծանոթացան վիքիխմբագրական նոր գործիքներին, Հայերեն Վիքիպեդիայի և վիքիակումբների վիճակագրությանը: Մասնակիցները ներկայացրին մտագրոհի արդյունքում ձևավորված մտքեր և «Վիքիմեդիա Հայաստանի» հաջորդ տարվա ռազմավարությանը վերաբերող առաջարկություններ։

Կայացավ առցանց հանդիպում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա համագործակցության ԿԱԵ հանգույցի (Wikimedia CEE Hub) համակարգող Բարբարա Կլենի հետ։ Հանդիպումն անցավ ԿԱԵ հանգույցի ընդունված «գրասենյակային ժամեր» ձևաչափով՝ առանց հստակ օրակարգի, որը հնարավորություն է տալիս Վիքիմեդիա համայնքի անդամներին ծանոթանալ ԿԱԵ նորություններին և հարցեր տալ կամ կարծիք հայտնել։

Երկրորդ առցանց հանդիպումը կայացավ «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համակարգողների և կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին վիքիակումբների կազմակերպչական և խմբագրական խնդիրները։ Համակարգողները կիսվեցին իրենց կարծիքներով և առաջարկություններով։

Տոնածառի օր

Դեկտեմբերի 20-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի ունեցավ տոնածառի զարդարման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեց վիքիհամայնքի 20 ներկայացուցիչ: Ջերմուկի վիքիակումբը ուղարկել էր բնական եղևնի, որը հանդիսավոր կերպով տնկեցին միջոցառման մասնակիցները: Այնուհետև մասնակիցները տոնական երաժշտության ուղեկցությամբ զարդարեցին բնական և արհեստական եղևնիները: Վերջում կազմակերպվեց հյուրասիրություն և քննարկում «Վիքիմեդիա Հայաստանի» գալիք ծրագրերի մասին: