Jump to content

Հաշվետվություն/2023-09

Վիքիմեդիա Հայաստան-ից
2023
Սեպտեմբեր
Սեպտեմբեր ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Ազատ խոսքի վիքիհավաք

«Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը»՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, կազմակերպեցին Ազատ խոսքի վիքիհավաք։ Վիքիհավաքը կազմակերպվեց սեպտեմբերի 20-24-ին Ծաղկաձորում։ Միջոցառմանը մասնակցեցին 37 վիքիխմբագիր և 6 կազմակերպիչ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները խմբագրեցին ատելության խոսքի, խտրականությունների, մարդու իրավունքների թեմաներով հոդվածներ։ Բացի խմբագրման ժամերից, կազմակերպվեցին այցելություն Օրբելի եղբայրների թանգարան, քայլարշավ դեպի Մաքրավանք, ինտելեկտուալ խաղ, թեմատիկ ֆիլմի դիտում և քննարկում։

Խմբագրաթոնի չորս օրերի ընթացքում մասնակիցները վերը նշված թեմաներով ստեղծեցին 6․878․400 բայթ ընդհանուր ծավալով 338 հոդված։

Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը

Սեպտեմբերի 10-ին ավարտվեց «Վիքիմեդիա Հայաստանի» և «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կրթական կազմակերպության համագործակցությամբ անցկացված «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» խմբագրաթոնը, որին մասնակցեցին ինչպես Հայերեն Վիքիպեդիայի փորձառու, այնպես էլ խմբագրաթոնից առաջ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կազմակերպված վիքիդասընթացին մասնակցած և խմբագրել սովորած խմբագիրները։ Խմբագրաթոնի ընթացքում 25 մասնակիցներ այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանեցին փիլիսոփայական թեմաներով 3,408,716 բայթ ծավալով 128 հոդված։ Ամենաշատ ծավալով և բարձր որակով հոդված ստեղծած մասնակիցները ստացան կատարած աշխատանքի գնահատումով հավաստագրեր։ Մասնակցության հավաստագրերով պարգևատրվեցին խմբագրաթոնի բոլոր մասնակիցները։

- style="text-align:center;" Քվեարկությունը որպես իրավունք

Հայերեն Վիքիպեդիայում սեպտեմբերի 1-ից 30-ը ընթացավ անձի քաղաքական իրավունքներից մեկին՝ ընտրական իրավունքին վերաբերող խմբագրաթոն։ Նախագծի նպատակն էր լրացնել քվեարկության գործընթացին վերաբերող բացը Հայերեն Վիքիպեդիայում։

Մեկ ամսվա ընթացքում 7 մասնակից ստեղծեցին քվեարկության թեմային առընչվող 652,138 ծավալով 23 հոդված:

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 149 անդամ։ Ակումբականները շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում սեպտեմբերին ստեղծվել է 116.187 բայթ ընդհանուր ծավալով 45 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև հոկտեմբերին։ Ակումբների անդամներից մի քանիսը մասնակցել են ամսվա ընթացքում տեղի ունեցած տարբեր նախագծերի և ստեղծել հոդվածներ։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը սեպտեմբերին վիքիակումբների 149 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 82-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 201 հոդված և կատարել 1111 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3.276.118 բայթ։ Սեպտեմբերին ակումբականներից 62-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 4688 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Հացիկի վիքիակումբում սեպտեմբերի 21-ին նշվել է Հայաստանի անկախության 32-ամյակը։ Ակումբը հյուրընկալել է Հացիկի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Անահիտ Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին։ Խմբագիրները դիտել են Անկախության հռչակագրի ընդունման մասին տեսաֆիլմ, տվել իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։ Նման հանդիպումները լինելու են շարունակական։
  • Նույն ակումբում ամսի 26-ին նշվել է Կոմիտասի ծննդյան 154-ամյակը։ Նախ երեխաները պատմել են Կոմիտասի մասին, ապա դիտել են տեսաֆիլմ և ամփոփել Կոմիտասի մասին ունեցած ու նոր ձեռք բերած գիտելիքները։ Տեսաֆիլմից հետո ակումբականներից Ներսեսը դուդուկով նվագել է Կոմիտասի «Կռունկը»։ Մնացած ժամանակը ակումբականներն օգտագործել են խմբագրումներ կատարելով Կոմիտասի երգերի հնչյունների ներքո։
  • Կողբի վիքիակումբում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կլինի շարունակական։ Սեպտեմբերին ամենաշատ խմբագրումներ կատարած ակումբականը ստացել է պատվոգիր։ Ամսվա սկզբին ակումբականներին առաջադրվում է որևէ անվանակարգ, որի հիման վրա լավագույն մասնակիցը ստանում է պատվոգիր։ Սեպտեմբերին այդ անվանակարգն էր «Ռեժիսորները»։ Այդ թեմայով ամենաշատ հոդվածներ գրած մասնակիցն էլ ստացել է պատվոգիրը։
  • Լեռնապատի վիքիակումբում սեպտեմբերի 1-ին նշվել է Գիտելիքի օրը, իսկ Հայաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ակումբականները ներկայացրել են Հայաստանի երրորդ հանրապետության համառոտ պատմությունը։ Ամսվա ավարտին կատարվել է խմբագրումների ամփոփում, ընտրվել է ամսվա լավագույն ակումբականը։
  • Գորիսի վիքիակումբին սեպտեմբերին անդամագրվել են նոր մասնակիցներ, որոնց հետ դասընթացներ են անցկացվել օնլայն և առկա տարբերակներով։ Սեպտեմբերի 30-ին նոր և փորձառու մասնակիցներն այցելել են Կարբի և Ուշի գյուղեր՝ լուսանկարելու պատմության և մշակույթի հուշարձաններ։
  • Դդմաշենի վիքիակումբում անցկացվել է «Առողջ ապրելակերպ» թեմայով խմբագրաթոն։ Քննարկվել են թեմային վերաբերող հարցեր, ուսումնասիրվել են գրված հոդվածները, որոնք հիմնականում առողջ սննդակարգի, մարզաձևերի մասին էին։

- style="text-align:center;" Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպում 2023

2023 թվականի սեպտեմբերի 15-17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Վիքիմեդիա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ ԿԱԵ երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների, օգտվողների խմբերի և վիքիհամայնքների ներկայացուցիչները կկիսվեն իրենց փորձով ազատ գիտելիքի տարածման գործում, կներկայացնեն իրենց լավագույն նախագծերը, կծանոթացնեն և կծանոթանան նոր գործիքների և նորարարական ծրագրերի հետ: Այս տարի Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության պատվիրակությունը ևս մասնակցեց ԿԱԵ հանդիպմանը, ընդ որում՝ կազմակերպության երկու ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով: Ընդհանուր առմամբ ԿԱԵ հանդիպումը հայկական պատվիրակության համար բավականին օգտակար էր ինչպես ծանոթությունների հաստատման կամ վերահաստատման առումով, այնպես էլ նոր համագործակցությունների հաստատման ուղղությամբ կատարված շոշափելի քայլերով:

Հետաքրքիր էին հատկապես ԿԱԵ տարածաշրջանում իրականացվող նախագծերը և դրանց անցկացման առանձնահատկությունները Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած նախագծերի հետ համեմատության մեջ։ Շատ ընդհանուր գծերի հետ մեզ համար բացահայտեցինք նաև նախագծերի կազմակերպման փոխառության արժանի մի շարք հմտություններ։ ԿԱԵ տարածաշրջանի մի քանի կազմակերպությունների հետ նախնական համաձայնության եկանք վիքիհամագործակցության՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ խմբագրաթոներ կազմակերպելու վերաբերյալ։

Պատվիրակության անդամներից մեկը, ներգրավված լինելով ԿԱԵ երիտասարդական խմբում, ելույթ ունեցավ՝ ԿԱԵ երկրների երիտասարդներին ծանոթացնելով Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող երիտասարդական նախագծերին, դրանց արդյունքներին և երիտասարդների հետ աշխատելու գործում ունեցած ձեռքբերումներին: Միևնույն ժամանակ ԿԱԵ երիտասարդական խմբի փակ հանդիպմանը քննարկվեցին երիտասարդական խմբի հետագա անելիքները, Չեխիայում առաջիկա հանդիպման հնարավորությունը, հաջորդ տարի կայանալիք Վիքիմանիային որպես խումբ հանդես գալու տարբերակները: Հուսով ենք, որ հայկական վիքիհամայնքի երիտասարդները ևս կընդգրկվեն այս խմբում և կունենան փորձի փոխանակման և նոր ծրագրերի ու համագործակցությունների շուրջ մտորելու հնարավորություն:

Կարևոր կրթական նախագծերի մասին փորձով կիսվելու նպատակով կազմակերպության նախագահը ներկայացրեց Վիքիմեդիա Հայաստանի 2023 թվականի ընթացքում այս ծրագրերում կատարած փոփոխությունները և դրանց համեմատական արդյունքները։

Պատվիրակությունը մասնակցեց նաև Վիքիմեդիայի շարժման ապագայի, կառավարման նոր մոդելների, շարժման նոր կանոնադրության խմբագրման պրոցեսի մասին բազմաթիվ քննարկումների, կարծիքների փոխանակման այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։