Հաշվետվություն/2023-08

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2023
Օգոստոս
Օգոստոս ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Երիտասարդական ամառային վիքիճամբար

Դասընթաց

2023 երիտասարդական ամառային վիքիճամբարին մասնակցելու համար գրանցվել էր Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեցող 90 անձ։ Օգոստոսի առաջին տասնօրյակում «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց, որի ընթացքում նորեկները ծանոթացան Վիքիպեդիայի պատմությանը, Հինգ սյուներին, ինչպես նաև սովորեցին խմբագրել և հոդվածներ ստեղծել Վիքիպեդիայում։ Նրանք ծանոթացան նաև Վիքիպահեստի և Վիքիտվյալների էությանը, ինչպես նաև այնտեղ խմբագրելու հիմնական հմտություններին։ Այս անգամ ուսուցման գործընթացում «Վիքիմեդիա Հայաստանը» կիրառեց նորույթ։ Քանի որ մարզերում բնակվող որոշ մասնակիցների Երևան գալը և գրասենյակում դասընթացին մասնակցելը կապված էր որոշակի դժվարությունների հետ, մի քանի դիմորդի ուսուցումը կազմակերպվեց մարզերում՝ բնակության վայրին մոտ վիքիակումբների համակարգողների օգնությամբ։ Դասընթացին ներկայացած 30 մասնակիցները հենց առաջին պարապմունքից հետո սկսեցին խմբագրումներ կատարել իրենց սևագրության էջերում՝ հոդվածներ թարգմանելով այլալեզու Վիքիպեդիաներից։ Երկրորդ պարապմունքի ընթացքում և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում նրանք ստեղծեցին կամ էականորեն բարելավեցին 790.829 բայթ ծավալով 48 հոդված։ Դասընթացի ընթացքում ձեռքբերված հմտությունների շնորհիվ ստեղծված և բարելավված հոդվածների արդյունքներով 30 մասնակիցներից 22-ն ընտրվեցին որպես 2023 թվականի երիտասարդական ամառային վիքիճամբարի մասնակիցներ։

Երիտասարդական Վիքիճամբար

«Վիքիմեդիա Հայաստանը» օգոստոսի 17-24-ը Ծաղկաձորում կազմակերպեց 7-օրյա Վիքիճամբար երիտասարդների համար։ Վիքիճամբարին մասնակցեցին 18 տարին լրացած երիտասարդներ։ Ճամբարականները 7 օրերի ընթացքում խմբագրեցին Հայերեն Վիքիպեդիան և ստեղծեցին հոդվածներ առաջադրված ցանկերից, որոնց հիմնական մասը Վիքիպեդիայի կարևորագույն հոդվածներն էին։

Ճամբարի 43 մասնակիցներ 7 օրերի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 10․682․203 բայթ ծավալով 403 հոդված։ Փորձառու մասնակիցներից ArmSirius-ը ստեղծել է 906,146 բայթ ծավալով 26 հոդված, իսկ նորեկ մասնակիցներից Sose Markosyan-ը՝ 518,244 բայթ ծավալով 27 հոդված։ Նրանք արժանացել են համատասխանաբար՝ «Լավագույն փորձառու» և «Լավագույն նորեկ» մրցանակներին։

Ճամբարականները 7 օրերի ընթացքում մասնակցեցին սպորտային և ինտելեկտուալ խաղերի։ Սպորտային խաղերից էին՝ սեղանի թենիսը, վոլեյբոլը, դոջբոլը, բոուլինգը, Ֆորտ Վիքին։ Վերջինս իր մեջ ներառում է մի քանի մրցույթ՝ արագ խմբագրում, գլուխկոտրուկ լողավազանում, գույների հիշողություն, կույր փնտրտուք, ինտելեկտուալ հարց, ջենգա և նետաձգություն։ Մասնակիցների համար կազմակերպվեցին նաև թիմային խաղեր՝ բարձր աշտարակ, բրեյն ռինգ, եղիր յուրօրինակ, համեղ մրցույթ և այլն։ Բացի խաղերից ճամբարականներն ունեցան նաև ժամանցային միջոցառումներ՝ այցելություն ճոպանուղի, լողավազան։

Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը

«Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցելով «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասրակական կրթական կազմակերպության հետ օգոստոսի 1-ից սկսել է «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագիծը, որի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում փիլիսոփայական թեմաներով հոդվածներ ստեղծելն ու բարելավելն է։ 19 մասնակից մեկ ամսում ստեղծել են փիլիսոփայությանը առնչվող 2 060 799 բայթ ծավալով 83 հոդված: Նախագիծն ավարտվելու է սեպտեմբերի 10-ին:

Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023

«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 7-ամյակին նվիրված օգոստոսի 1-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսվեց Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ։ Մեկամսյա արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը։ Յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին։ Գիտնականների, դասախոսների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի միջոցով միասին կկարողանանք ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով և ժառանգել սերունդներին։ Մրցույթի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայի 32 մասնակիցներ օգոստոս ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել են 5․730․733 բայթ ծավալով հայկական թեմատիկայի 769 հոդված։ Մրցույթի շրջանակներում նշանակալի ներդրում ունեցողները «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունից կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։

Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին

«Վիքիմեդիա Հայաստանը» 2023 թվականին միացավ միջազգային վիքիհարթակներում տարի առ տարի թափ հավաքող WPWP նախագծին։ Նախագիծը միտված է Վիքիպահեստում առկա և նոր վերբեռնվող լուսանկարներով հարստացնել բազմալեզու վիքինախագծերի էջերը։ Պայմաններն էին, որ լուսանկար պետք է ավելացվի այն հոդվածներում, որտեղ լուսանկար չկա, և որ ավելացվող լուսանկարը պետք է ունենա նկարագրություն։ Հոդվածները կարող են լինել ցանկացած լեզվով ցանկացած վիքինախագծում։ Հայաստանից 13 վիքիխմբագիր հուլիս ամսվա ընթացքում 2698 լուսանկար են տեղադրել 19 տարբեր վիքինախագծերում:

Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» համաշխարհային քարոզարշավը: Օգոստոսի 1-ից «Վիքիմեդիա Հայաստանը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համատեղ մրցույթ-նախագծով միացել է համաշխարհային նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։ Լուսանկարչական մրցույթը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը, լավագույն հինգ լուսանկարներն ուղարկվելու են մասնակցելու միջազգային մրցույթին։ Օգոստոսի 31-ի դրությամբ «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» հայաստանյան մրցույթի 3 մասնակիցները Վիքիպահեստում վերբեռնել են ՈՆՄԺ արժեքներին վերաբերող 22 լուսանկար։ Մրցույթ-նախագծի խմբագրական հատվածը տևելու է մինչև 2023 թվականի տարեվերջ։ Այն ներառում է հոդվածների ստեղծում և բարելավում Հայերեն Վիքիպեդիայում, ինչպես նաև Վիքիտվյալներում և Մետա-վիքի հարթակում ՀՀ ՈՆՄԺ արժեքներին վերաբերող էջերի ստեղծում և տվյալների լրացում։ Օգոստոսի 31-ի դրությամբ նախագծին միացել են 6 մասնակիցներ, որոնք Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 17 հոդված։ ՀՀ ՈՆՄԺ բոլոր արժեքների համար Վիքիտվյալներում էջեր են բացվել, ցանկերն ի մի են բերվել, լրացվել են նկարագրություններն ու հնարավորության դեպքում համալրվել լուսանկարներով։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված էր 156 անդամ։ Ակումբականները մասնակցել են ամսվա ընթացքում տեղի ունեցած «Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023», «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը», «Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն», «Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին» նախագծերին՝ ստեղծելով նոր հոդվածներ, բարելավելով եղածները, դրանց ավելացնելով պատկերներ։

Երիտասարդական Վիքիճամբար 2023

Ակումբականներից 5-ը մասնակցել են Ծաղկաձորում օգոստոսի 17-24-ին կայացած Երիտասարդական Վիքիճամբարին, որի ընթացքում ստեղծել են նոր հոդվածներ։ Ճամբարի լավագույն խմբագիր է դարձել Դդմաշենի ակումբի ներկայացուցիչ ArmSirius մասնակիցը։

«Գյուղատնտեսական հանրագիտարանի» նյութերի թվայնացում

2023 թվականի օգոստոսին ակումբների անդամները սկսել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում օգոստոսին ստեղծվել է 394․746 բայթ ընդհանուր ծավալով 178 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև սեպտեմբերին։

Վիքիխմբագրումներ օգոստոսին

Ընդամենը օգոստոսին վիքիակումբների 156 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 62-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 616 հոդված և կատարել 3268 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 6.069.580 բայթ։

Oգոստոսին ակումբականներից 57-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 5451 խմբագրում։

Վիքիակումբների մասնակիցներից 3-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 10 խմբագրում՝ սրբագրելով 7 էջ։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 865 բայթ։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Կիրանցի վիքիակումբում կազմակերպվել է կինոդիտում․ ակումբականներին ներկայացվել է «Հայրը» ֆիլմը «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմաշարից։ Ակումբում ավելացել է մեկ նոր մասնակից, ևս մեկը որոշակի դադարից հետո վերսկսել է խմբագրել։

Հացիկի վիքիակումբում ամիսը եղել է հագեցած։ Ամսի 9-ին՝ Գրքասերի համաշխարհային օրը, ակումբականները հրավիրվել են Շիրակի մարզային գրադարան՝ մասնակցելու գրադարանի և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի հետ համատեղ կազմակերպված խաղ-մրցույթի, որի մասին անդրադարձ է կատարվել նաև Մարզային գրադարանի ֆեյսբուքյան էջում։ Մինչև մրցույթի սկսվելը երեխաները շրջել են գրադարանում, ծանոթացել գրքային ֆոնդին, գրադարանի բաժիններին և աշխատանքին։

Մամուլը Վիքինախագծերի մասին

«Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն» նախագծի մասին հաղորդում 1-ին լրատվականում

Հայկական մամուլում անդրադարձ է եղել «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից իրականացվող մի շարք նախագծերի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անդրադարձել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» նախագծին, նույն նախագծին վերաբերող մի ռեպորտաժ է ներկայացրել նաև Առաջին լրատվական ալիքը, որտեղ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը և «Վիքիմեդիա Հայաստանի» որակյալ բովանդակության ծրագրի համակարգող Մհեր Բեքարյանը պատմել են նախագծի մասին: «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային արշավի Մետա-Վիքի էջի նորությունների բաժնում ևս անդրադարձ է կատարվել հայկական կողմի իրականացրած նախագծին:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդրադարձել է «Հայկական թեմատիկայով վիքիարշավին»: