Jump to content

Հաշվետվություն/2023-03

Վիքիմեդիա Հայաստան-ից
2023
Մարտ

Համագործակցություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ

Մարտին շարունակվեց փետրվարի 9-ին սկսված համագործակցությունը Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ։ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում իրենց պրակտիկան էին անցկացնում այդ համալսարանի Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցության և Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։

Պրակտիկայի երկրորդ հատվածում ուսանողները շարունակել են չինարեն, կորեերեն, անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներից հոդվածներ թարգմանել Հայերեն Վիքիպեդիայում։ Շաբաթական մեկ անգամ նրանք եկել են գրասենյակ՝ Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցներից մասնագիտական խորհուրդներ, տեխնիկական հարցերում օգնություն ստանալու համար, ինչպես նաև տեղում թարգմանություններ անելու, իսկ մնացած օրերին տանը կատարել են թարգմանությունները, ձևավորել և հրապարակել են հոդվածները։ Մարտին հոդված են ստեղծել 50 ուսանողներ, որոնք գրել են 5․912․449 բայթ ծավալով 112 հոդված։ Ընդհանուր առմամբ ամբողջ պրակտիկայի ընթացքում ստեղծվել է 8․229․956 բայթ ծավալով 175 հոդված։

Պրակտիկան ավարտվել է մարտի 17-ին։

Ուսուցչական գարնանային դասընթաց և վիքիհավաք 2023

Մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը Ծաղկաձորում կայացավ Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած Ուսուցչական վիքիհավաք 2023-ը, որին մասնակցեցին Հայաստանի ուսումնական հաստատությունների ուսուցիչներ։ Ընդամենը հավաքին մասնակցելու հայտ էր ներկայացրել 280 ուսուցիչ, որոնցից պետք է ընտրվեին 30 լավագույնները։ Ընտրությունն անելու համար կազմակերպվեց Ուսուցչական վիքիդասընթաց, որին մասնակցեցին Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեցող մասնակիցները։ Հայտ ներկայացրածներից 235-ը խմբագրելու փորձ չուներ։ Նրանք բաժանվեցին 35-40-հոգանոց 6 խմբի, որոնցից 4-ի համար դասընթացը կազմակերպվեց առցանց՝ Զում հարթակով, իսկ 2 խումբ դասընթացին մասնակցեց Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում։ Գրանցված ուսուցիչներից դասընթացին ներկայացավ 91-ը։ Դասընթացը կայացավ մարտի 3-24-ին։ Յուրաքանչյուր խմբի հետ անցկացվեց 2-ժամ տևողությամբ 5 պարապմունք, որոնց ընթացքում ուսուցիչները յուրացրին Վիքիպեդիայի հիմնական կանոնները, սովորեցին խմբագրելու գործիքները, ձեռք բերեցին հոդվածները ձևավորելու և հրապարակելու հմտություններ։ Ընթացքում նրանք սկսեցին թարգմանել կամ ինքնուրույն գրել նոր հոդվածներ, ինչպես նաև բարելավել եղածները։ Ընդամենը դասընթացի ժամանակ մասնակիցներից 26-ը գրեց կամ բարելավեց 590․590 բայթ ծավալով 52 հոդված։ Դասընթացի մնացած մասնակիցներն աշխատեցին ավազարկղերում, սակայն հոդվածներ չհրապարակեցին։ Այն մասնակիցներին, որոնք գրանցվել էին Ուսուցչական վիքիհավաքին մասնակցելու համար և ունեին Վիքիպեդիան խմբագրելու փորձ, առաջարկվել էր դասընթացի օրերին Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել նոր հոդվածներ կամ բարելավել եղածները։ Դա արվել էր նրանցից լավագույններին ընտրելու համար։ Գրանցված 45 փորձառու մասնակիցներից 10-ը դասընթացին զուգահեռ ստեղծեցին և բարելավեցին 410․101 բայթ ծավալով 43 հոդված։ Ընդամենը Վիքիհավաքին նախորդող ընտրական փուլում (դասընթաց + փորձառու մասնակիցներ) ստեղծվել և բարելավվել է 1․000․691 բայթ ծավալով 95 հոդված։ Ընտրական փուլի արդյունքներով Ուսուցչական վիքիհավաքին մասնակցելու համար ընտրվեցին 30 ուսուցիչներ, որոնցից 29 մասնակցեցին ծաղկաձորյան հավաքին։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում հավաքի մասնակից ուսուցիչները Հայերեն Վիքիպեդիայում անգլերենից և ռուսերենից թարգմանելով ստեղծեցին 2․121․101 բայթ ծավալով 190 հոդված։ Ուսուցչական վիքիհավաքի և դրան նախորդած դասընթացի արդյունքում ընդամենը գրվեց և բարելավվեց 3․121․792 բայթ ծավալով 285 հոդված։ Ուսուցչական վիքիհավաքն անցկացվեց Ծաղկաձորում և տևեց 3 օր։ Հավաքի ընթացքում մասնակիցներն այցելեցին Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ Անտեղ ծանոթացան Օրբելի եղբայրների կենսագրությանը, գիտական և մասնագիտական գործունեությանը։ Ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ուսուցիչների համար կազմակերպվեցին բոուլինգ, սեղանի թենիս, քայլարշավ և տարբեր սեղանի խաղեր։

Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ

Վիքիմեդիա Հայաստանը փետրվար ամսից համագործակցություն էր սկսել Երևանի պետական ​​համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ, որի մասնակից՝ պատմության և հայ գրականության ֆակուլտետների 15 ուսանողները մարտ ամսին ավարտեցին հոդվածների ստեղծումն ու բարելավումը Հայերեն Վիքիպեդիայում։ Դասընթացն ավարտվել էր փետրվարին և մարտ ամսին համալսարանի ուսանողները շարունակեցին ստեղծել և բարելավել հոդվածներ։

Մարտ ամսվա ընթացքում բարելավվել է 35 և ստեղծվել է 39 հոդված՝ 495,000 բայթ ծավալով։ Ընդհանուր ստեղծվել է 50, բարելավվել է 42 հոդված 710,572 բայթ ծավալով։

CEE Spring 2023

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Վիքիմեդիա Հայաստանը միացել է 2023 թվականի CEE spring մրցույթ-խմբագրաթոնին, ինչը նպաստում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտացմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Մրցույթի առաջին 10 օրերի ընթացքում 20 մասնակից 59 հոդված են ստեղծել 908619 բայթ ծավալով։

Վիքիակումբներ

Ներկա դրությամբ գործող 6 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ստեփանակերտի) մարտի 31-ի դրությամբ գրանցված է 108 անդամ։ 2023 թվականի մարտին Վիքիակումբների անդամները սկսել են հոդվածներ գրել նոր՝ «Զբոսանք աշխարհամասերով» նախագծի շրջանակներում, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանված հոդվածներ։ Ամսվա յուրաքանչյուր տասնօրյակ նվիրված էր մեկ աշխարհամասի։ Այս նախագծի շրջանակներում մարտին ընդհանուր առմամբ 29 ակումբական ստեղծել է 1․150․430 բայթ ծավալով 104 նոր հոդված։ Նախագիծը տևելու է երկու ամիս և ավարտվելու է ապրիլի 30-ին։ Ընդամենը մարտին վիքիակումբների 108 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 50-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 202 հոդված և կատարել 1004 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․317․681 բայթ։ Վիքիակումբների մասնակիցներից 15-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 144 խմբագրում՝ ստեղծելով 45 էջ և սրբագրելով 48-ը։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 130938 բայթ։