Հաշվետվություն/2023-04
Մրգավանի վիքիակումբի ճանաչողական հանդիպում ՎՄՀ գրասենյակում
Ապրիլի 21-ին ճանաչողական այցով «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում էին Մրգավանի վիքիակումբի նոր անդամները։ Նրանք ծանոթացան կազմակերպության աշխատանքային պայմաններին։ Ճանաչողական կարճ դասընթացի ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներ Մհեր Բեքարյանն ու Արտաշես Թադևոսյանը ներկաներին ծանոթացրին «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեությանը, նպատակներին և միջոցառումներին։ Պատմեցին վիքիշարժման կրթական տարատեսակ նախագծերի և դրանց կարևորության մասին։
Միջոցառում Ջերմուկում
Ապրիլի 16-ին «Վիքիմեդիա Հայաստանի» թիմը հրավիրվել էր Ջերմուկ քաղաք, որտեղ անցկացվում էր «Դեպի Ջերմուկ» միջմարզային միջոցառումը։ Միջոցառման հատուկ հյուրն էր նաև ՎՄՀ նախագահ Արշակ Շահենյանը։ Նա խոսեց երիտասարդների ակտիվ ներգրավվածության, գիտելիքի տարածման, Վիքիպեդիայի զարգացման թեմաներով։ ՎՄՀ միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանն ընդգրկված էր երիտասարդական լավագույն ծրագրերի ընտրող ժյուրիի կազմում։ Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից։ ՎՄՀ թիմը եղավ նաև «Դեպի Ջերմուկ» միջմարզային միջոցառման կազմակերպիչ Ջերմուկի երիտասարդական կենտրոնի գրասենյակում և տեղում ծանոթացավ Վիքիակումբ ստեղծելու և աշխատացնելու հնարավորություններին։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Գարուն
Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները ապրիլ ամսին ակտիվ միացել են CEE spring 2023 մրցույթի շրջանակներում կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի առաջին 40 օրերի ընթացքում՝ սկսած մարտի 21-ից, Հայերեն Վիքիպեդիայի 28 մասնակից, 29 երկրի առաջարկած ցանկերից, 23 թեմաներով 234 հոդված են ստեղծել։
Երկու խմբագրաթոնի դասընթացներ
Վիքիմեդիա Հայաստանը ապրիլին և մայիսի սկզբին երկու խմբագրաթոն է սկսել, որոնց նախապատրաստական փուլում կազմակերպվեցին առկա և առցանց դասընթացներ՝ ապրիլի 28-ից «Ֆինանսատնտեսական միամսյակ 2023» և մայիսի 3-ից «Թանգարանների ներկայությունը Վիքիպեդիայում 2023» մեկնարկելիք մրցույթներին մասնակցել ցանկացող, սակայն Վիքիպեդիան խմբագրելու նրբություններին չտիրապետող մասնակիցների համար։
«Ֆինանսատնտեսական միամսյակ 2023» խմբագրաթոնի դասընթացի համար նախապես տարածված հայտարարությանն արձագանքել էր և դասընթացին գրանցվել էր Վիքիպեդիան խմբագրելու փորձ չունեցող 110 մասնակից։ Ապրիլի 3-ին մեկնարկած դասընթացին նրանցից ներկայացել է 30-ը։ Դասընթացը կայացել է 4 խմբով՝ 2-ական առցանց և առկա (կազմակերպության գրասենյակում)։ Նորեկ մասնակիցներին մանրամասն ներկայացվել են Վիքիպեդիայի հինգ սյուները, խմբագրելու հիմնական կանոններն ու գործիքները, ավազարկղում աշխատելու և հոդված ստեղծելու նրբությունները, մրցույթին գրանցվելու և մասկացելու կանոնները։ Դասընթացի մասնակիցների մի մասը ապրիլի 28-ից սկսել է հոդվածներ ստեղծել «Ֆինանսատնտեսական միամսյակ 2023» մրցույթի շրջանակներում։
«Թանգարանների ներկայությունը Վիքիպեդիայում 2023» խմբագրաթոնի դասընթացին մասնակցել են 15 հոգի առցանց և առկա՝ 10 մասնակից։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
«Վիքիմեդիա Հայաստանը» ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների համար մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպել է դասընթացներ, հետագայում Հայերեն Վիքիպեդիայում հնագիտական հուշարձանների, հնավայրերի, պեղումների և գտածոների մասին նյութեր ստեղծելու նպատակով։ Դասընթացներին մասնակցել է ինստիտուտի 10 աշխատակից։ Դասընթացի ժամանակ մասնակիցները, բացի Վիքիպեդիայում հոդված ստեղծելու հմտություններ ձեռք բերելուց, սովորել են նաև լուսանկարներ բեռնել Վիքիպահեստում և աշխատել Վիքիտվյալներում։ Պեղումների ժամանակ ձեռք բերված տեղեկություններ են ավելացվել Վիքիտվյալներում, իսկ Վիքիպահեստում վերբեռնված պեղող հնագետի լուսանկարները առավելապես են լուսաբանում հնագիտական թեմաներով հոդվածները։
Համագործակցություն ԳԱԱ հիմնարար գրադարանի հետ
Վիքիմեդիա Հյաստանը վերսկսել է համագործակցությունը ԳԱԱ հիմնարար գրադարանի հետ։ Գրադարանը սկսել է նոր՝ հայ թարգմանիչներին նվիրված շտեմարան-կայքում տվյալների լրացումը։ Համագործակցության նպատակն է ԳԱԱ հիմնարար գրադարանի կայքում բոլոր հայ թարգմանիչների համար էջեր ստեղծել, ապահովել նրանց մասին հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում, և երկկողմանի ակտիվ հղումներ՝ գրադարանի կայքից Վիքիպեդիա, և հակառակը։ Գրադարանի մի քանի գիտաշխատողներ Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցների օգնությամբ ձեռք են բերել Վիքիպեդիայում խմբագրելու հմտություններ։ Համատեղ ուժերով վերացվել են երկկողմանի հղումներ ստեղծելու հետ կապված դժվարությունները։ Համագործակցությունը շարունակելի է։
Վիքիակումբներ
Ներկա դրությամբ գործունեություն ծավալող 6 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ստեփանակերտի) ապրիլի 30-ի դրությամբ գրանցված է 111 անդամ։ 2023 թվականի ապրիլին Վիքիակումբների անդամները շարունակել են հոդվածներ գրել «Զբոսանք աշխարհամասերով» նախագծի շրջանակներում, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանված հոդվածներ։ Ամսվա յուրաքանչյուր տասնօրյակ նվիրված էր մեկ աշխարհամասի։ Այս նախագծի շրջանակներում ապրիլին ընդհանուր առմամբ 30 ակումբական ստեղծել է 1․373․300 բայթ ծավալով 104 նոր հոդված։ Նախագիծը տևել է երկու ամիս, ընդհանուր առմամբ նրա շրջանակներում ստեղծվել է 2․523․730 բայթ ծավալով 208 նոր հոդված։ Վիքիակումբների անդամները զուգահեռաբար մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների CEE Spring 2023 մրցույթին, որի ընթացքում ստեղծել են նոր հոդվածներ։ Ընդամենը ապրիլին վիքիակումբների 111 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 47-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 211 հոդված և կատարել 1199 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․616․422 բայթ։ Վիքիակումբների մասնակիցներից 14-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 230 խմբագրում՝ ստեղծելով 57 էջ և սրբագրելով 80-ը։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 171825 բայթ։