Հաշվետվություն/2022-03

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2022
Մարտ

Վիքիմեդիա Հայաստանի այցը կրթական հաստատություններ

Կրթական վիքիշաբաթի շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանի՝ տարբեր կրթական հաստատություններ այցելությունից հետո մի շարք դպրոցներ ցանկություն հայտնեցին հյուրընկալել կազմակերպության ներկայացուցիչներին։ Այսպիսով՝ կատարվեցին այցեր ևս երկու դպրոցներ՝ թիվ 65 ավագ դպրոց և թիվ 12 հիմնական դպրոց։ Երկու այցերի նպատակն էր ներկայացնել Վիքիպեդիան, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը, ծանոթացնել Վիքիպեդիայի կրթական հնարավորություններին։

Թիվ 65 ավագ դպրոցում անգլերենի ուսուցչի գլխավորությամբ 10-րդ դասարանի աշակերտները բաց դաս էին կազմակերպել Վիքիպեդիայի վերաբերյալ, որի ընթացքում անգլերենով պատմեցին, թե ինչ է իրենից ներկայացնում Վիքիպեդիան, ինչ այլ քույր նախագծեր կան, ինչով է զբաղվում Վիքիմեդիա Հայաստանը։ Այս հետաքրքիր ներկայացումից հետո Վիքիմեդիա Հայաստանի ներկայացուցիչները ավելի խորապես ներկայացրին, թե ինչ հնարավորություններ ունի Վիքիպեդիան, ինչ կրթական նախագծեր է իրականացնում Վիքիմեդիա Հայաստանը, ինչպես կարող են իրենց կրթական գործընթացում օգտագործել Վիքիպեդիան։ Հարց ու պատասխանի փուլում ինչպես աշակերտները, այնպես էլ մասնակից ուսուցիչները հետաքրքիր հարցեր բարձրացրին Վիքիպեդիայում վերահսկողության, աղբյուրների և հեղինակային իրավունքների վերաբերյալ։ Այցի ընթացքում նաև գործնականում ներկայացվեց, թե ինչպես կարող են ցանկացողները գրանցվել Վիքիպեդիայում և իրենց առաջին քայլերը կատարել։

Մյուսը այցը 12 հիմնական դպրոցում էր։ Այստեղ տարբեր դասարանների ավելի քան 40 աշակերտներ հավաքվել էին դահլիճում՝ լսելու Վիքիպեդիայի մասին։ Ինչպես 65 դպրոցում, այստեղ ևս ներկայացվեց Վիքիպեդիան, Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրերը։ Հաշվի առնելով աշակերտների տարիքը՝ այստեղ առավել շատ հետաքրքրվեցին և ոգևորվեցին Վիքիճամբարներով։

Ընդհանուր առմամբ նման այցերը շարունակական բնույթ են կրելու՝ հաշվի առնելով ինչպես դպրոցների հետաքրքրվածությունը, այնպես էլ նոր խմբագիր ներգրավելու, ավելի շատ մարդկանց Վիքիմեդիա շարժմանը ծանոթացնելու անհրաժեշտությունը։

Բրյուսովի պետական համալսարանի ուսանողների պրակտիկան Վիքիմեդիա Հայաստանում

Երևանի Բրյուսովի պետական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան հաջողությամբ ավարտեցին Վիքիմեդիա Հայաստանում:

2022 թվականի փետրվարին մեկնարկել էր ԲՊՀ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն և Ռուսաց և օտար լեզուներ ֆակուլտետների բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողների ավարտական պրակտիկան Վիքիմեդիա Հայաստանում:

Մարտին պրակտիկայի երկրորդ փուլում մասնակիցներն իրենց ստացած գիտելիքների հիման վրա թարգմանեցին հոդվածներ հայերեն Վիքիպեդիայում։ 32 ուսանողների հետ անցկացված դասընթացներից հետո այս փուլում կազմակերպվեց շաբաթական այց Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ՝ առաջացած հարցերի քննարկման և բացերի լրացման համար։ Պրակտիկայի շրջանակներում ուսանողները թարգմանություններ կատարեցին անգլերենից, չինարենից և կորեերենից։

Պրակտիկայի ավարտին ուսանողները ստեղծել և բարելավել են 113 հոդված՝ ընդհանուր 4 167 706 բայթ ներդրմամբ։

«Վիքին սիրում է պատմություն» նախագծի ամփոփում

Փետրվարի 9-ից Վիքիմեդիա Հայաստանն իրականացնում էր «Վիքին սիրում է պատմություն» նախագիծը, որի շրջանակներում ՎՄՀ թիմը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 7 ուսանողներին սովորեցրել է խմբագրել հայերեն Վիքիպեդիայում։ Ուսուցման փուլի ավարտից հետո ուսանողները սկսել են աշխատել իրենց հոդվածների վրա։ Առաջացած հարցերն ու տեխնիակական խնդիրները լուծելու նպատակով ամեն շաբաթ կազմակերպվել է մեկ հանդիպում։ Մարտ ամսվա ընթացքում մասնակիցները խմբագրումներ են կատարել պատմությանը վերաբերող 50 հոդվածներում։

«Վիքին սիրում է պատմություն» նախագծի ողջ ընթացքն անցկացվել է առցանց տարբերակով, ուստի անմիջական շփվելու, հարցերին տեղում պատասխաններ ստանալու, նկատված տեխնիկական սխալները բացատրելու նպատակով որոշում կայացվեց այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Այցը կատարվեց մարտի 11-ին, տեղում կազմակերպվեց վորքշոփ։

ՎՄՀ թիմը նաև հանդիպեում ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի, փոխտնօրենի և պատմության ամբիոնի աշխատակիցների հետ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցությունը շարունակելու և ավելի ընդլայնելու վերաբերյալ։

Արա Սարգսյանի 120-ամյակին նվիրված խմբագրաթոն

Հայերեն Վիքիպեդիայում մարտի 25-ից ապրիլի 5-ը անցկացվեց տասնօրյա խմբագրաթոն՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյակին։ Խմբագրաթոնին մասնակցում էին Վիքիմեդիա Հայաստանի վիքիակումբները։ 10 օրվա ընթացքում վեց ակումbների 20 մասնակիցներ ստեղծեցին Արա Սարգսյանի ստեղծագործությունների մասին հոդվածներ, ստեղծվեցին այդ ստեղծագործությունների էջերը Վիքիտվյալներում։ Բարելավվեց Արա Սարգսյանի մասին հոդվածը հայերեն Վիքիպեդիայում, Վիքիքաղվածքում Արա Սարգսյանի էջը համալրվեց քանդակագործի մասին քաղվածքներով։ Ստեղծվեց քանդակագործի ստեղծած ավելի քան 50 դիմաքանդակների մասին հոդված՝ համալրված մանրամասն ցանկով։

Խմբագրաթոնի կազմակերպման փուլում Վիքիմեդիա Հայաստանը համագործակցել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի հետ, որը տրամադրել է նյութեր հոդվածների ստեղծման համար։

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ «Կրթական վիքիշաբաթը Հայաստանում» հոդվածը ներկայացնում է Վիքիմեդիա Հայաստանի այցերը կրթական տարբեր հաստատություններ՝ աշակերտներին և ուսուցիչներին ծանոթացնելու Վիքիպեդիային, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը և կրթական հնարավորություններին:

Վիքիակումբների հաշվետվություն

Մարտ ամսին ակումբները մասնակցել են տարբեր նախագծերի։ Ակումբականները հայերեն Վիքիպեդիայում կատարել են 3121469 բայթի խմբագրում և ստեղծել 341 նոր հոդված։

Ակումբները ամսվա ընթացքում մասնակցել են քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյակին նվիրված խմբագրաթոնին, որի ընթացքում 6 ակումբներ միասին ստեղծել են Արա Սարգսյանի ավելի քան 20 քանդակների մասին պատմող հոդվածներ, ինչպես նաև բարելավվել են Արա Սարգսյանի հոդվածը։

Ալավերդու վիքիակումբը մարտ ամսին կանանց մեկամսյակի կապակցությամբ կազմակերպել և իրականացրել է «Աշխարհի կանայք» խմբագրաթոնը, որի նպատակն էր հոդվածներ ստեղծել աշխարհի հայտնի կանանց մասին։ Մարտի 9-31 տեղի ունեցած խմբագրաթոնին մասնակցել է 17 խմբագիր, որոնք միասին ստեղծել են 52 հոդված՝ ընդհանուր կատարելով 391 792 բայթի ներդրում։

Մարտի 14-ին Լեռնապատի ակումբականները նշել են Մաթեմատիկայի միջազգային օրը և պի թվի օրը, որի առթիվ ակումբականները ստեղծել և բարելավել են թեմատիկ հոդվածներ (Պի թվի օր, Ֆեյնմանի կետ, Յասումասա Կանադա և այլն) ու այդ մասին պատմել են իրենց մաթեմատիկայի դասի ընթացքում։ Մարտի 15-ին՝ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, բարելավվել է նրա մասին պատմող հոդվածը, գրվել են հոդվածներ նրա մասնակցությամբ ֆիլմերի մասին։

Ստեփանակերտի ակումբականները իրենց «Վիքիերկրագետ» նախագծի շրջանակներում այս ամիս ճանապարհորդել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգ Հավայի: Խաղալով ամփոփիչ Կահութ խաղ` ակումբականներից Հավայիի վերաբերյալ ամենաշատ հարցերին պատասխանած մասնակիցը դարձել է խաղի հաղթող և արժանացել է «Վիքիհավայագետ» կոչմանը: Հավայիի մասին ստեղծվել է 12 հոդված:

Ակումբականներն ունեցել են լավ արդյունքներ ինչպես Վիքիպեդիայում, այնպես էլ Վիքիդարանում։ Ընդհանուր այս ամիս ակումբները ունեցել են 131 ակտիվ մասնակից և 10-ից ավելի նորեկ մասնակիցներ։

Վիքիակումբ Մասնակիցներ պ (+դ) Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ)
Ալավերդի 14 415437 -5095 295 61 27 -4 3 0 3
Արևածագ 3 39701 -21458 164 9 0 0 0 0 0
Գորիս 8 107951 -14855 104 19 1 0 3 0 0
Դդմաշեն 4 (3) 247707 -85 54 15 233333 -92 90 75 88
Լեռնապատ 26 (6) 1326582 -59631 1164 134 52455 -1 22 15 11
Կողբ 2 (5) 33502 0 3 3 26063 -4570 29 8 13
Հացիկ 12 251109 -3280 144 31 0 0 0 0 0
Ստեփանակերտ 15 345855 -472 139 32 0 0 0 0 0
Քարվաճառ 6 154703 -110 62 15 0 0 0 0 0
Արճիս 2 65181 -186 20 7 0 0 0 0 0
Գանձաքար 5 74691 -1159 35 8 0 0 0 0 0
Կիրանց 5 (7) 58985 -2426 96 7 199549 -11 91 69 91
Ընդամենը 110 (21) 3121469 -109167 2291 341 511428 -4678 238 167 206