Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/16.06.2020
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հերթական նիստը (նոր կազմով) տեղի ունեցավ 2020 թվականի հունիսի 16-ին՝ ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 4 հասցեում, Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի գրասենյակում։
Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Դավիթ Արևյանը, Նորայր Բաղդասարյանը և Վարդան Մնացականյանը։
Նիստի օրակարգում շոշափվեցին ներքոնշյալ հարցերը․
1.Առաջին հարցը՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր՝
- Հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Մնացկանյան (3 կողմ)։
- Հանձնաժողովի քարտուղար՝ Նորայր Բաղդասարյան (3 կողմ)
2․Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ Հանձնաժողովը (նոր կազմով) իր երախտագիտության խոսքն է հղել Համաժողովի կազմակերպչական խմբին և Կազմակերպության անդամներին՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող Համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու համար։ Հանձնաժողովի կողմից հատկապես կարևորվել է նոր կանոնադրության ընդունումը՝ որպես Կազմակերպության գործունեության նոր շրջափուլի սկիզբ։
3․Օրակարգային երրորդ հարցի քննարկման շրջանակներում դիտարկվել են Համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում և դրանից հետո Կազմակերպության որոշ անդամների կողմից հնչեցված մտահոգությունները և Կազմակերպության խորհրդի գործունեության օրինականության վիճարկման առնչությամբ հարցադրումները։ Վերահսկիչ հանձնաժողովը ողջունում է Կազմակերպության անդամների և մյուս շահառուների ցուցաբերած հետաքրքրությունը և կառուցողական միտումները ներկազմակերպական հարցերում՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ լիակատար կերպով կիսում է Վերահսկիչ հանձնաժողովի նախորդ կազմի արտահայտած մեկնաբանողական դիրքորոշումը, որն իր բովանդակումն է գտել Հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունում։
Հանձնաժողովը հորդորում է ներկազմակերպական հարցերի քննարկման ժամանակ ցուցաբերել փոխադարձ հարգանք և ներանձնային շփումներն ու հարաբերությունները կազմակերպել այդ սկզբունքի տրամաբանությամբ։ Այս համատեքստում Հանձնաժողովը արձանագրում է, որ նախորդիվ գրանցվել են այդօրինակ միտումներ, անհարգալից և ոչ կառուցողական որակումների նախադեպեր, որոնք առաջիկայում կլուսաբանվեն և համապատասխան հետևանքների կհանգեցնեն Հանձնաժողովի իրավասությունների և հանձնառության շրջանակներում։
Հանձնաժողովն ակնկալում է նաև Խորհրդի պարզաբանումներն ու դիրքորոշումը, որով պայմանավորված էլ Հանձնաժողովը կկազմակերպի իր հետագա գործողությունները՝ հարցին վերջնական հանգուցալուծում տալու նպատակամղմամբ։
4․Օրակարգային չորրորդ՝ եզրափակիչ հարցի քննարկման շրջանակներում Հանձնաժողովի երեք անդամները կարևորեցին Կանոնադրություն բովանդակության և սկզբունքների համապատասխանությամբ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերահսկիչ հանձնաժողովի ներքին կանոնակարգ ունենալու անհրաժեշտությունը։
Հանձնաժողովի անդամները հայտնեցին, որ մինչև հերթական նիստն ընկած ժամանակահատվածում աշխատանքներ կձեռնարկվեն այդ ուղղությամբ և առաջիկայում Հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ։
Նիստի նախագահող կազմ՝
Հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մնացականյան
Հանձնաժողովի քարտուղար՝ Ն․ Բաղդասարյան