Մամուլի հաղորդագրություն/ԳԼԱՄ ֆորում Երևանում

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԳԼԱՄ ֆորում Երևանում
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Կոնտակտային անձ

Խաժակ Դրամփյան

Հեռ․՝ 098 135797


ԳԼԱՄ ֆորումը տեղեկատվական նոր հնարավորություններ կստեղծի երևանյան մշակութային հաստատությունների համար


«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Վիքին սիրում է Երևանը» նախագծի շրջանակներում 2018 թվականի մայիսի 10-12-ը Երևանում կազմակերպում է միջազգային ԳԼԱՄ ֆորում (GLAM - Galleries, Libraries, Archives, Museums - պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ)։ «Վիքին սիրում է Երևանը» նախագիծն իրականացվում է Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում և նպատակ ունի Հայաստանի մշակութային կազմակերպությունների օժանդակությամբ Վիքիմեդիա Հիմնադրամի առցանց նախագծերում հարստացնել Երևանի մասին տեղեկատվությունը։

Եռօրյա ֆորումին Վիքիմեդիա Հիմնադրամից հրավիրված Վիքիտվյալների և տարբեր երկրներում հաջողությամբ ԳԼԱՄ նախագծեր իրականացնող մասնագետները հայաստանցի գործընկերներին կներկայացնեն մշակութային կառույցների հետ համագործակցության իրենց փորձը: Ֆորումի ընթացքում մասնակիցները կծանոթանան խմբագրման գործիքներին, որոնց միջոցով Երևանը, երևանյան ԳԼԱՄ կառույցները պատշաճ կներկայացվեն Վիքիտվյալներում, Վիքիպահեստում և Վիքիպեդիայում։ Հյուրերը կսովորեցնեն Վիքիտվյալների գործիքաշարը, որի օգնությամբ Երևանին վերաբերող և մշակութային կազմակերպությունների ունեցած հարուստ նյութը մատչելի կդառնա և ժամանակին ավտոմատ կթարմացվի բազմաթիվ լեզուներով՝ արդյունքում մեծացնելով այդ կառույցների հանդեպ հանրության հետաքրքրությունը: Կներկայացվի նաև ԳԼԱՄ ծրագրի հայաստանյան փորձը: Ֆորումի երրորդ օրը օտարերկրյա հյուրերը կայցելեն երևանյան թանգարաններ՝ տեղում ծանոթանալու առկա նյութերին և քննարկելու Վիքիմեդիա նախագծերում դրանք ներկայացնելու հնարավորությունը։

Ֆորումը բացառիկ առիթ է հայաստանյան մշակութային կազմակերպությունների համար Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ավստրալիայից/Իտալիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ կապեր հաստատելու, միջազգային ծրագրերի մասին տեղեկանալու, ինչպես նաև նրանց փորձը հետագայում Հայաստանում կիրառելու համար:

Հրավիրում ենք Ձեզ մայիսի 10-ին ժամը 10։00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ (հասցե՝ Երևան, Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ) մասնակցելու միջոցառմանը և լուսաբանելու այն։

Ստորև կարող եք ծանոթանալ միջոցառման օրակարգին:


Համագործակցության ակնկալիքով,

Վիքիմեդիա Հայաստան


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։