Բլոգ/Վիքիպեդիան իմ առօրյայի անբաժան մասն է դարձել
Արեն Ձավարյան
Ողջույն։ Ես Արենն եմ՝ Ալավերդու վիքիակումբի ամենաակտիվ մասնակիցներից ։) Ես շատ եմ կարևորում վիքիակումբի դերը մեր համայնքում՝ Ալավերդիում, քանի որ այստեղ կրթական խմբակների և ժամանցի վայրերի պակաս կար, սակայն Վիքիմեդիա Հայաստանի և մեր շատ սիրելի համակարգող Նարինեի շնորհիվ այն իրականություն դարձավ։
Վիքիակումբում իմ աշխատելը ևս համարում եմ հանձնառություններիցս մեկը։ Մենք զարգացնում ենք և ամրապնդում մեր լեզվական մտածողությունը, գիտելիքների պաշարը, միևնույն ժամանակ դրանք տրամադրում վիքիընթերցողներին՝ նպաստելով նաև Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը։
Արդեն ունեմ տասը հոդված։ Խմբագրման հիմնական ոլորտն արվեստն է՝ երգեր, երաժիշտներ, ֆիլմեր։ Սիրում եմ նաև գրել աշխարհագրական տեղանունների մասին։ Աշխարհագրության դասաժամերին հաճախ էի հանդիպում քաղաքների, որոնք չկային Հայերեն Վիքիպեդիայում, իսկ հիմա ես ինքս եմ օգնում քաղաքների մասին ինֆորմացիա ավելացնել։
Վերջերս էր, երբ սովորականի նման եկա վիքիակումբ, Նարինեն ինձ համար երջանիկ նորություն հայտնեց՝ ասելով, որ ճանաչվել եմ ակումբի «Նախորդ ամսվա լավագույն խմբագիր»։ Կարծում եմ, որ այդ կոչումը պարտավորեցնող է և ավելի ոգևորիչ։ Այդ կոչման արժանավոր յուրաքանչյուր մասնակից պետք է իր հոդվածների որակյալ լինելով ապացուցի իր արժանիությունը։
Արդեն ինտեգրվել եմ Վիքիակումբին և անչափ ուրախ եմ դրա համար։ Վիքիպեդիան իմ առօրյայի անբաժան մասն է դարձել։ Ուրախ կլինեմ, եթե մեր համայնքից շատերն իմանան մեր ակումբի մասին։ Ես ինքս զբաղվում եմ նոր, պատասխանատու, խելացի անդամների ներգրավմամբ։
Վիքիակումբի դրական կողմերից է նաև նոր ընկերներ ձեռքբերելը, ովքեր գաղափարապես և գիտելիքներով այնքան հարուստ են, որ իրենց հետ կարող ես անվերջ զրուցել։
Սիրով՝
Ալավերդու վիքիակումբի մասնակից Արեն Ձավարյան