Նախագծեր/Վիքին սիրում է հուշարձաններ


«Վիքին սիրում է հուշարձանները» Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի սեպտեմբերին կամ հոկտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները և տվյալ մեկ ամսվա ընթացքում լուսանկարները վերբեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո մրցատյանը որոշում է լավագույն լուսանկարները և տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
«Վիքիմեդիա Հայաստանը» 2012 թվականից միացել է «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին։ Մրցույթի ընթացքում կարելի է վերբեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն տվյալ ամսին Վիքիպահեստ վերբեռնված լուսանկարները։ «Վիքիմեդիա Հայաստանը» միջազգային մրցույթում մշտապես զբաղեցրել է բավականին բարձր դիրքեր՝ հատկապես վերբեռնված լուսանկարների քանակով հայտնվելով լավագույն տասնյակում։ 2024 թվականին Հայաստանի կողմից վերբեռնված լուսանկարների թիվը եղել է 6459, իսկ մասնակիցներինը՝ 57, որից 20-ը՝ նորեկ։

«Վիքին սիրում է Երկիրը» բնության հուշարձանները լուսանկարելու միջազգային Վիքիմեդիա մրցույթ է։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի մայիսին կամ հունիսին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են բնության հուշարձաններ, բնապատկերներ, կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում վերբեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո մրցատյանը որոշում է լավագույն լուսանկարները և տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
«Վիքիմեդիա Հայաստանը» առաջին անգամ մրցույթին միացել է 2014 թվականին։ Հայաստանում գրանցված բնության հուշարձանները 232 են։ Ինչպես «Վիքին սիրում է հուշարձանների» դեպքում, այնպես էլ այս մրցույթի պարագայում բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ օբյեկտը կարելի է նկարել տարբեր դիրքերից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն տվյալ ամսին Վիքիպահեստ վերբեռնված լուսանկարները։ «Վիքիմեդիա Հայաստանն» այս մրցույթի շրջանակներում ևս վերբեռնված լուսանկարների քանակով մշտապես եղել է լավագույն տասնյակում։ 2024 թվականին Հայաստանի կողմից վերբեռնված լուսանկարների թիվը եղել է 3150, իսկ մասնակիցներինը՝ 46, որից 14-ը՝ նորեկ։