Jump to content

Մասնակից:Dato (WMAM)/GLAM

Վիքիմեդիա Հայաստան-ից

Թվայնացում

Համացանցում հայերեն էլեկտրոնային գրքերը, բովանդակությունը զարգացնելու համար Վիքիմեդիա Հայաստանը սկսել է Թվայնացման նախագիծը, որի շրջանակներում էլեկտրոնային տարբերակի են վերածվում հանրային սեփականություն համարվող և ազատ արտոնագրով թողարկված ստեղծագործությունները։

Համագործակցություն «Հայկական հանրագիտական հրատարակչության» հետ

Հայկական սովետական հանրագիտարանի հատորներ

«Հայկական հանրագիտական հրատարակչություն» ոչ առևտրային կազմակերպությունը «Տեղեկատվական Տեխնոլոգիաների դպրոց» հիմնադրամի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի՝ հրատարակչությունը համաձայն է, որ իր հրատարակությունների նյութերը՝ ներառյալ նկարները, գտնվեն բաց շրջանառության մեջ՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Նշում, Համանման տարածում 3.0» (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Այս պայմանագրով Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագրի ներքո են թողարկվել Հայկական սովետական, Հայկական հարց, Ի՞նչ է, ո՞վ է հանրագիտարանները և այլ գրքեր։

Առաջին հերթին որոշվել է թվայնացնել Հայկական սովետական հանրագիտարանը։ ՀՍՀ-ի առաջին հատորը տպագրվել է 1974 թվականին, իսկ բոլոր 13 հատորների տպագրությունն ավարտվել՝ 1987 թվականին։  ՀՍՀ-ն պարունակում է 38,767 հոդված, 15,263 պատկեր, 858 քարտեզ։ Վիքիմեդիա Հայաստանի կամավորների ջանքերով թվայնացվել և Վիքիդարան, Վիքիպահեստ են ներբեռնվել Հայկական սովետական հանրագիտարանի 13 հատորները և հայերեն լեզվով առկա որոշ այլ հանրագիտարաններ։ Վիքիդարանում այս հանրագիտարանները սրբագրվում են և ապա սրբագրված տեքստի հիման վրա խմբագրվում են հոդվածներ Վիքիպեդիայում։ Հանրագիտարանի հիման վրա հոդվածների խմբագրման գործում ընդգրկվել են Վիքիպեդիա Կրթական Ծրագրի մասնակիցները։

Խոսող Վիքիպեդիա

Խոսող Վիքիպեդիա նախաձեռնությունը նպատակ ունի Հայերեն Վիքիպեդիայի որակյալ հոդվածները դարձնել աուդիո-հոդված։

Ինչո՞ւ է կարևոր այս նախաձեռնությունը
  • Վիքիպեդիայի բովանդակությունը հասանելի է դառնում նրանց, ովքեր հասկանում են հայերեն, սակայն չեն կարողանում կարդալ
  • Վիքիպեդիայի հոդվածները կարելի է լսել այլ գործ կատարելիս (վազելիս, տնային գործեր անելիս և այլն)
  • Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ, իհարկե, կարող են հոդվածները կարդալ ինչ-որ ծրագրի միջոցով, բայց հայերենի դեպքում արհեստական արտասանությունը շատ անորակ է կամ բացակայում է և չի կարող համեմատվել բնական ձայնի հետ
  • Հայերեն սովորող մարդկանց համար սա ահռելի օգնություն է, քանի որ նրանք կարող են լսելիս տեսնել արտասանվող բառերը և նախադասությունները
  • Սա լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր ավելի լավ են ընկալում ինֆորմացիան, երբ լսում են
Որտե՞ղ է իրականացվում ձայնագրումը
  • Ձայնագրումը կատարվում է Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում՝ տարբեր հետաքրքրված անձանց կողմից
Ո՞ր հոդվածներն են ձայնագրվում
  • Ձայնագրվում են առաջին հերթին կարևոր և որակյալ հոդվածները, մեծ հոդվածների դեպքում՝ միայն ներածությունը, քանի որ այն ընդհանրական տեղեկատվություն է տալիս հոդվածի թեմայի մասին: Ձայնագրվող հոդվածների կատեգորիան կարող եք գտնել այստեղ: