Jump to content

Հին կանոնադրություն

Վիքիմեդիա Հայաստան-ից

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության


Հոդված 1. Ընդհանուր դրույթներ  
1.1 «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, և այլ հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, այլ նորմատիվ ակտերի, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
1.4 Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական թևի:
1.5 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.6 Կազմակերպության աշխատանքային լեզուներն են` հայերենը և անգլերենը:
1.7 Կազմակերպության լոգոն է Վիքիմեդիա Հիմնադրամի և նրա մասնաճյուղերի լոգոն` կապույտ կիսաշրջանագիծ, ընդհատված մասում կարմիր շրջան, մեջտեղում երկու կանաչ սեգմենտներ, ներքևում WIKIMEDIA ARMENIA կամ WIKIMEDIA HY
1.8 Կազմակերպության անվանումն է`
հայերեն` «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն,
անգլերեն` «Wikimedia Armenia» scientific-educational non-governmental organization
1.9 Կազմակերպության գտնվելու վայրն է` 0014, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Պարույր Սևակի 1:
Հոդված 2. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները  
2.1 Աջակցել գիտելիքին և կրթությանը Հայաստանում` ստեղծելով և տարածելով ազատ բովանդակություն:

2.2 Աջակցել գիտելիքի մատչելիության հավասար հնարավորություններ ապահովելուն:
2.3 Աջակցել ազատ բովանդակության ձեռքբերմանն ու տարածմանը հատկապես Վիքիմեդիա Հիմնադրամի տարբեր նախագծերի միջոցով:
2.4 Աջակցել ազատ բովանդակության հասարակական, մշակութային և գործնական ասպեկտների քննարկմանը և հետազոտությանը:
2.5 Աջակցել վերոնշյալ նպատակներին ուղղված կամավորական աշխատանքներին:
2.6 Աջակցել Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում:
2.7 Կազմակերպել Վիքի կոնֆերանսներ, հակաթոններ:
2.8 Աջակցել Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը կրթական ոլորտում:
2.9 Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Հոդված 3. Անդամություն  

3.1. Անդամների ընդունելությունը

3.1.1 Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:
(ա) Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության գրանցման օրվանից անդամ են:
(բ) Անձը, ով ցանկանում է Կազմակերպության անդամ դառնալ, պետք է ընդունված կարգով դիմում ներկայացնի:
3.1.2 Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ անգործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ իր ցանկությամբ:
3.1.3 Բավարարել ընդունելությունը թե ոչ որոշում է Խորհուրդը: Այն դեպքում, երբ դիմումը մերժվում է, դիմողը կարող է հայցադիմում ներկայացնել Համաժողովին:
3.1.4 Անդամակցության որոշում կայացնելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի դիմողի ներդրումները Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերում և դրանց տարածման գործընթացում

3.2. Անդամների իրավունքները և պարտականությունները

3.2.1 Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել և քվեարկել յուրաքանչյուր Համաժողովին և կունենա մեկ ձայն յուրաքանչյուր քվեարկության ժամանակ: Նա իրավունք ունի ընտրելու և ընտրվելու Խորհրդում և վերահսկողական հանձնաժողովում: Ընդ որում ընտրելու և ընտրվելու իրավունք ունի 18 տարին լրացած անձը:
3.2.2 Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել նրա գործունեությանը և օգտվել նրա ծառայություններից: Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
(ա) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
(բ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
(գ) մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
(դ) Կազմակերպության նախագահի և խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել Համաժողովին:
3.2.3 Կազմակերպության անդամը պարտավոր է`
(ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
(բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, բարձրագույն և ղեկավար մարմինների որոշումները.
(գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար (եթե խորհրդի կողմից նման վճարներ սահմանված են), որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը.
(դ) Մասնակցել Համաժողովներին, կանոնադրությամբ ընդունված կարգով, անձամբ կամ լիազորել մեկ ուրիշ անդամի.
(ե) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
3.2.4 Խորհուրդը կարող է առաջարկություն ներկայացնել Համաժողովին անդամավճար նախատեսելու վերաբերյալ, որն Համաժողովի կողմից հաստատվելուց հետո, վճարումը պարտադիր կդառնա անդամների համար:
3.2.5 Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Համաժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում:
3.2.6 Անդամակցության դադարեցումը չի ազատում մինչև անդամակցության դադարեցման դիմումի ներկայացման ժամանակահատվածի անդամավճարից:

3.3. Անդամակցության դադարեցումը

3.3.1 Կազմակերպության անդամակցությունը կդադարեցվի`
(ա) անդամի մահվան դեպքում;
(բ) Կազմակերպության անդամակցությունից դուրս գալու դեպքում; Ազատվելու դիմումը պետք է ներկայացվի խորհրդին 30 օր առաջ;
(գ) Կազմակերպությունից հեռացման դեպքում:
3.3.2 Խորհուրդը կարող է որոշում ընդունել հեռացնել անդամին Կազմակերպութունից հետևյալ հիմնավորումներից մեկով.
(ա) անդամը չի վճարել իրենից պահանջվող անդամավճարը;
(բ) անդամը խախտել է կանոնադրությունը կամ Համաժողովի որոշումները;
(գ) անդամը գործել է Կազմակերպության նպատակներին հակառակ;
(դ) անդամը մեղավոր է ճանաչվել ամոթալի հանցանքի մեջ;
3.3.3 Խորհուրդը չի կարող հեռացնել անդամին մինչ նրան զգուշացնելը և հնարավորություն տալը Համաժողովի առաջ իր տեսակետը ներկայացնել, նրան ողջամիտ ժամանակ տրամադրելը խախտումները շտկելու համար և հեռացումը կարող է լինել միայն 3.2.3 (դ), 3.3.2 հոդվածի (ա), (բ) կամ (գ) ենթակետերի հիմնավորմամբ։

3.4 Կապը Անդամի հետ

Յուրաքանչյուր հրավեր, խնդրանք, զգուշացում կամ հաղորդակցություն Կազմակերպությունից անդամին կտրվի անձամբ կամ կուղարկվի էլեկտրոնային կամ փոստային եղանակով` նրա այն հասցեին, որը գրանցված է Կազմակերպության անդամների գրանցամատյանում:

Անդամը կարող է գրավոր դիմում ներկայացնել Կազմակերպությանը՝ անդամների գրանցամատյանում իր հասցեն փոխելու համար։

Հոդված 4․ Համաժողով  
4.1 Համաժողովը համարվում է Կազմակերպության բարձրագույն մարմինը, որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:
4.2 Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:
4.2.1 Կազմակերպության հերթական Համաժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:
4.2.2 Կազմակերպության հերթական Համաժողովը հրավիրում է Խորհուրդը անդամների համատեղ հավաքի ձևով կամ եթե դա հնարավոր չէ, ապա հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ կազմելով համապատասխան արձանագրություն:
4.3 Խորհուրդը որոշում է Համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև Համաժողովի օրակարգի նախնական տարբերակը
4.3.1 Խորհուրդը Համաժողովի անցկացման մասին ոչ ուշ քան 20 օր առաջ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է կազմակերպության անդամներին և կառույցներին:
4.4 Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի (էլեկտրոնային եղանակով) կամ վերահսկողության հանձնաժողովի պատճառաբանված պահանջով` խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
4.4.1 Եթե Խորհուրդը հրաժարվում է արտահերթ Համաժողով հրավիրել, ապա արտահերթ Համաժողով հրավիրում է պահանջող կողմը՝ կազմակերպության ղեկավար մարմինների հրաժարականի և նոր ղեկավար մարմիններ ընտրելու օրակարգով:
4.5 Համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
(ա) Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.
(բ) Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմինների ընտրությունը, փոփոխումը և ետ կանչումը երկու տարի ժամկետով.
(գ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:
(դ) Կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը.
4.6 Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին:
4.6.1 Քվորում չապահովելու դեպքում Համաժողովի հաջորդ օրը հրավիրվում է Խորհրդի նիստ:
4.6.2 Հարցերի քննարկման ժամանակ Համաժողովի բացառիկ իրավասության հարցերով որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ,մյուս բոլոր հարցերով Համաժողովին ներկա կամ լիազորի կողմից ներկայացված անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.6.3 Կազմակերպության անդամը քվեարկությանը կարող է մասնակցել լիազորված անձի միջոցով։
(ա) Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, բացառությամբ անդամակցությունը կասեցվածների, ունի մեկ ձայն: Յուրաքանչյուր անդամ կարող է լիազորել մեկ այլ անդամի իր անունից քվեարկել: Յուրաքանչյուր անդամ կարող է քվեարկել ևս երկու անդամի անունից:
Հոդված 5․ Խորհուրդ  
5.1 Անդամների թիվը
5.1.1 Խորհրդի անդամների թիվը ամրագրվում է Համաժողովի որոշմամբ` երեքից ոչ պակաս։
5.1.2 Խորհրդի անդամների թիվը պետք է կենտ լինի։
5.2 Պաշտոնավարման ժամկետը
5.2.1 Խորհուրդը պաշտոնավարում է ընտրվելուց անմիջապես հետո երկու տարի ժամկետով, մինչ հաջորդ ընտրությունները: Պաշտոնաթող խորհրդի անդամները կարող են նորից վերընտրվել նոր խորհրդի կազմում:
5.2.2 Խորհրդի անդամը կարող է հրաժարական տալ ցանկացած ժամանակ, գրավոր ծանուցում ներկայացնելով խորհրդին: Խորհրդի անդամը ազատվում է պաշտոնից, եթե նա ճանաչվել է անգործունակ կամ սնանկ:
5.3. Խորհրդի նիստերը
5.3.1 Խորհուրդը կարող է ինքը կարգադրել իր հանդիպումների ժամկետները, դրանք կազմակերպելու անհրաժեշտ քվորումը և ընթացակարգը:
5.4 Որոշումներ
5.4.1 Որոշումները ընդունվում են քվեարկողների ձայների մեծամասնությամբ; եթե ձայները կիսվել են, ապա առաջարկությունը կհամարվի մերժված։
5.5 Արձանագրություններ
5.5.1 Խորհուրդը ինքն է հետևում իր հավաքների և որոշումների արարողակարգին և պատասխատու է նիստերի արձանագրությունների (առցանց) հրապարակման համար։
5.6 Ներկայացման իրավունք
5.6.1 Խորհուրդը կարող է իր երկու կամ ավելի անդամներին փաստաթղթեր ստորագրելու և խորհրդի անունից գործառույթներ իրականացնելու իրավունք ընձեռել:
5.7 Գանձապետ
5.7.1 Խորհուրդը ընտրում է Կազմակերպության գանձապետ:
5.7.2 Գանձապետը վարում է մուտքային և ելքային հաշվապահական գրքերը:
5.7.2.1 Բանկային գործարքները և վճարումները կարող են հաստատել գանձապետը կամ նախագահը։
5.7.2.2 Խոշոր գործարքները (200.000 դրամից բարձր) պետք է հաստատեն և՜ գանձապետը և՜ նախագահը։
5.8 Քարտուղար
5.8.1 Խորհուրդը ընտրում է Կազմակերպության քարտուղար:
5.8.2 Քարտուղարը պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհրդի նիստերի և Համաժողովի հավաքների գումարման համար, հավաքների նախնական օրակարգի և արձանագրությունների կազման, արձանագրությունների (առցանց) հրապարակման և գրանցումային պահեստավորման համար:
5.8.3 Կազմակերպության քարտուղարը Կազմակերպության կնիքն է պահպանում:
5.9 Խորհրդի նախագահ
5.9.1 Կազմակերպության Խորհուրդը ընտրում է Կազմակերպության Խորհրդի Նախագահ։
5.9.2 Նախագահը ստորագրում է Կազմակերպության Համաժողովի և Կազմակերպության Խորհրդի արձանագրությունները։
5.9.3 Նախագահը ներկայացնում է Կազմակերպությունը առանց լիազորագրի:
5.10 Քվեարկություն Խորհրդում
5.10.1 Խորհուրդը որոշումներ է կայացնում քվեարկությամբ՝ նիստին ներկա Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
5.10.2 Կազմակերպության խորհրդում քվեարկությունը կարող է կատարվել լիազորագրով:
5.10.3 Խորհրդի բոլոր նիստերին կարող են մասնակցել Կազմակերպության անդամները և Վերահսկողական հանձնաժողովի անդամները։
5.10.4 Կազմակերպության բոլոր ընտրովի պաշտոններում ընդգրկված անձիք պաշտոնավարում են երկու տարի ժամկետով՝ մինչև հաջորդ Համաժողովի օրը:
Հոդված 6. Վերահսկողական հանձնաժողով  
6.1 Վերահսկողական հանձնաժողովն ընտրվում է Համաժողովի կողմից երկու տարի ժամկետով։
6.1․1 Վերահսկողական հանձնաժողովը բաղկացած է երեք անդամից:
6.1․2 Վերահսկողական հանձնաժողովի անդամը չի կարող լինել միաժամանակ Խորհրդի անդամ կամ Խորհրդի անդամներից որևէ մեկի ազգական։
6.2 Հանձնաժողովը վերահսկում է Համաժողովի որոշումների կատարման ընթացքը, կազմակերպության ֆինանսական գործունեությունը:
6.3 Իրավունք ունի կազմակերպության այլ մարմիններից պահանջելու փաստաթղթեր իրենց գործունեության վերաբերյալ:
6.4 Հանձնաժողովը հաշվետու է միայն Համաժողովին:
Հոդված 7. Մասնաճյուղեր  
7.1 Մասնաճյուղերի հիմնումը և կազմակերպումը
7.1.1 Կազմակերպությունը Համաժողովի որոշմամբ կարող է մասնաճյուղեր հիմնել և ապահովել նրանց գործունեության համար պայմաններ:
7.1.2 Խորհուրդը ընտրում է հանձնաժողով, որը պատասխանատու է նոր մասնաճյուղ հիմնելու հետ կապված բոլոր հարցերի համար։
7.2 Մասնաճյուղերը հետապնդում են նույն նպատակները, ինչ Կազմակերպությունը։
7.3 Մասնաճյուղն իր գործունեության համար հաշվետու է Կազմակերպության Խորհրդին։
Հոդված 8․ Կազմակերպության վերակազմակերպումը, լուծարումը, լուծարման դեպքում գույքի օգտագործումը  
8.1 Կազմակերպությունը կարող է լուծարվել Համաժողովի կամ դատարանի որոշմամբ:
8.2 Համաժողովը կազմավորում է լուծարման հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարման հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Համաժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:
8.3 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Համաժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 9․ Կազմակերպության կանոնադրության փոփոխություն  
9.1 Կազմակերպության կանոնադրությունը կարող է փոփոխվել Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելիի համաձայնությամբ։
(ա) Այն դեպքերում, երբ Համաժողովը հրավիրվում է Կանոնադրության փոփոխության համար, փոփոխությունների փաթեթը պետք է հրապարակվի նախօրոք: