Jump to content

Հարգալից միջավայրի կանոն

Վիքիմեդիա Հայաստան-ից

Հարգալից միջավայրի կանոնը Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումներում

Էլեկտրոնային թերթիկը

Ինչու՞ է անհրաժեշտ «Հարգալից միջավայրի կանոնը»

Վիքիմեդիա Հայաստանն իր տարածքում և Վիքիմեդիա միջոցառումների մասնակիցների համար ձգտում է ապահովել անվտանգ, խտրականությունից և ամենատարբեր ոտնձգություններից զերծ, հարգալից և դրական միջավայր։ Վիքիմեդիա շարժման գլխավոր սկզբունքներից է բացությունը և ներառականությունը, որոնց կարելի է հասնել միայն շարժման բոլոր մասնակիցների՝ իրենց անվտանգ զգալու պարագայում։ Միջոցառման մասնակիցները պետք է հարգալից վերաբերվեն բոլորին՝ անկախ արտաքին տեսքից, ռասսայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, դավանանքից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, հաշմանդամությունից, աշխարհայացքից և այլ կարգավիճակից։ Մենք չենք հանդուրժում որևէ ոտնձգություն մարդու արժանապատվության դեմ։

Ի՞նչ է մեզ համար ոտնձգությունը

Ոտնձգությունը ներառում է, բայց չի սահմանափակվում մարդու հաշմանդամության, արտաքին տեսքի, ռասայի, էթնիկական կամ սոցիալական ծագման, դավանանքի, սեռի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, աշխարհայացքի, քաղաքական պատկանելիության և այլ հատկանիշների հանդեպ արված վիրավորական արտահայտություններով։ Մեր միջավայրում արգելվում է նաև այլ մասնակիցներին ահաբեկելը, հետապնդելը, վիրավորական լուսանկարներ և ձայնագրություններ պատրաստելը, քննարկումները և միջոցառումները մտադրված խանգարելը։

Միջոցառման կազմակերպիչները պետք է կանխեն ցանկացած մասնակցի այսպիսի պահվածքը։ Կանոները խախտողները միջոցառման կազմակերպիչների հայեցողությամբ կզգուշացվեն կամ կհեռացվեն միջոցառումից։

Ու՞մ պետք է տեղեկացնել խախտման դեպքում

Եթե մասնակիցներից որևէ մեկը ենթարկվել է կամ նկատել է այլ մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունք, ոտնձգություն կամ ունի որևէ անհանգստություն, պետք է կապ հաստատի միջոցառման կազմակերպիչներից, միջոցառմանը ներկա գտնվող Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցներից որևէ մեկի հետ։

Այն անհատները, որոնք մինչև միջոցառումը կդրսևորեն անհարգալից պահվածք՝ վտանգի տակ դնելով միջոցառման կազմակերպումը, ոտնձգության ենթարկելով միջոցառման ապագա մասնակիցներին, չեն մասնակցի միջոցառմանը։