Հայտարարություններ/Նարեկ Ավետիսյան
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի հարգելի անդամներ, 2019 թվականի հունիսի 24-ին կազմակերպության հերթական համագումարում ձեր վստահության քվեների արդյունքում ընտրվեցի Վերահսկող հանձնաժողովի անդամ։ Հանձնաժողովում լիազորություններս ստանձնելու առաջին օրվանից նախաձեռնել և Հանձնաժողովի մյուս անդամների հետ իրականացրել ենք ներքին կանոնակարգի ընդունում, որով այս մեկ տարվա ընթացքում գործել է Հանձնաժողովը։ Ներքին կանոնակարգի ընդունումը պայմանավորված է եղել Կազմակերպության կանոնադրության մեջ Հանձնաժողովին վերաբերող համապատասխան կետերի բացակայությամբ, որտեղ հստակ սահմանված չի եղել Հանձնաժողովի լիազորությունները և պարտականությունները։ Նախորդ համագումարից հետո մինչև Կազմակերպությունում կառավարման աուդիտի մեկնարկը Հանձնաժողովն ունեցել է 3 նիստ, որոնցում ուսումնասիրել է Կազմակերպության նախորդ և ներկա խորհուրդների նիստերի արձանագրությունները, տվել եզրակացություն, ուսումնասիրել է Կազմակերպության անդամների կողմից Հանձնաժողովին ուղարկված նամակները, աշխատանքային քննարկում-հանդիպումներ է ունեցել անդամների, մի քանի աշխատակցի և ակումբների համակարգողների հետ։
Աուդիտի եզրակացությունը Կազմակերպության անդամներին ներկայացնելու հաջորդ օրը Հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որում որոշում է կայացրել ձեռնամուխ լինել Կառավարման աուդիտի եզրակացության մեջ առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ նոր կանոնադրություն ունենալուն։ Հանձնաժողովի հետագա նիստերը գումարվել են ՀՀ-ում արտակարգ դրության իրավական ռեժիմի և Կազմակերպության խորհրդի անդամներից մեկի հրաժարականի պայմաններում։ Հանձնաժողովը նախաձեռնել է Կազմակերպության արտահերթ համագումարի առցանց անցկացումը։ Հանձնաժողովի յոթերորդ նիստում քննարկվել և եզրակացություն է տրվել արտահերթ համագումարի առնչությամբ Կազմակերպության մի քանի անդամների կողմից, ինչպես նաև Խորհրդի նախկին անդամի հրաժարականի նամակում բարձրացված հարցերը։ Բոլոր նիստերի արձանագրությունները հրապարկվել են Կազմակերպության պաշտոնական կայքում։
Կազմակերպության հարգելի անդամներ, այս ողջ ընթացքում ես զգացել եմ ձեր աջակցությունը և օգնելու անկեղծ ցանկությունը, որի համար շնորհակալ եմ բոլորիցդ։ Շնորհակալ եմ նաև այս ընթացքում իմ գործունեության բացերը վեր հանած և քննադատած անդամներին, քանզի հավատացած եմ, որ նրանք դա արել են Կազմակերպության ընդհանուր շահերի համար։ Ցանկանալով Կազմակերպության համար անել ավելին՝ իմ թեկնածությունն էի առաջադրել Խորհրդի անդամի համար։ Այսօր հայտնի դարձավ, որ անդամների պարզ մեծամասնության հավանության է արժանացել թեկնածությունս, ինչը պարտավորեցնող է։ Շնորհավորում եմ Վերահսկող հանձնաժողովի նոր անդամներին և հաջողություն եմ մաղթում իրենց աշխատանքում։ Պատրաստ եմ Հանձնաժողովում իմ ունեցած փորձով կիսվել նրանց հետ։ Հավատում եմ, որ միասին կարող ենք նոր բարձունքների հասցնել Կազմակերպությունը՝ ի շահ մեր երկրի զարգացմանը և ազատ գիտելիքի տարածմանը։
Հարգանքներով՝ Նարեկ Ավետիսյան