Համայնքային հանդիպումներ (փետրվար)
Հանդիպում-քննարկում
փետրվարի 10, 2023
2023 թվականի փետրվարի 10-ին «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակում ՎՄՀ խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կազմակերպության անդամների հետ։ Մինչև հանդիպումը նախօրոք նախաձեռնվել էր առցանց հարցում, որին մասնակցել է 16 անդամ։ Մասնակիցները նշեցին իրենց նպատակահարմար հանդիպման ձևաչափը, կիսվեցին առաջարկներով և գաղափարներով։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։ Հանդիպմանը ներկա էին․ Կազմակերպության նախագահ Արշակ Շահինյանը, Խորհրդի նախագահ Գարրի Դավթյանը, կազմակերպության անդամներ՝ Արթուր Ենգոյանը, Արմինե Աղայանը, Արևիկ Ոսկանյանը, Տիգրան Զարգարյանը, Գոհար Նալբանդյանը, Մարիամ Կարապետյանը, Ալեքսեյ Չալաբյանը, Կարեն Տերտերյանը, Դավիթ Արևյանը, Արտաշես Թադևոսյանը։
Ծավալվեց բավականին արդյունավետ քննարկում, որի արդյունքում արձանագրվեցին հետևյալ նշանակալի կետերը․
- Շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, նախնական եռամսյա ժամկետով պարբերականությամբ։
- Կա անհրաժեշտություն կազմելու աշխատանքային խումբ կանոնադրության ընթացակարգերի և կանոնակարգերի մշակման նպատակով։
- Մշակել կազմակերպության անդամների ակտիվության չափանիշներ և սահմանել ժամկետներ անդամների ակտիվության մշտադիտարկման նպատակով։