Խորհուրդ/Արձանագրություններ/03.07.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 3, 2019


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ Խորհդրի նիստի
03 հուլիսի, 2019 թ․

Նիստին ներկա գտնվեցին Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը)՝ Մարսելա Խուրշուդյանը, Տիգրան Ազիզբեկյանը և Վահագն Փիլիպոսյանը, ինչպես նաև կազմակերպության 6 (վեց) անդամներ՝ Վարդուհի Ղազարյանը, Վիոլլա Մոսիկյանը, Աշոտ Գաբրիելյանը, Մհեր Բեքարյանը, այդ թվում՝ Վերահսկիչ հանձնաժողովից Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1.Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ում կառավարման աուդիտ անցկացնելու գործընթացի նախապատրաստական աշխատանքների հարց։ Հարցն օրակարգ մտցրեց Վ․Փիլիպոսյանը։

Հարցի մեկնաբանում և քննարկում

Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից պահանջ է ներկայացվել, որպեսզի Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ն իրականացնի իր կառավարման վերաբերյալ աուդիտ։ Մինչև գործող Խորհրդի ձևավորումը նախկին Խորհրդի առանձին անդամներ հարցումներ են ուղարկել աուդիտորական ծառայություններ իրականացնող որոշ ընկերությունների՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ։ Գործող Խորհուրդը ստանձնել է կազմակերպությունում կառավարման աուդիտ իրականացնելու գործընթացի կազմակերպումը։

Քննարկման սկզբում Վ․Փիլիպոսյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ստացված առաջարկները և հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար խնդրեց ներկայացնել արդյո՞ք որևէ կապ ունեն նշված ընկերություններից որևէ մեկի հետ։ Տիգրան Ազիզբեկյանը ասեց, որ ընկերություններից մեկի հետ նախկինում առնչություն է ունեցել։ Վ․Փիլիպոսյանը ներկայացրեց գնային հաշվարկների կազմման մոտավոր սխեման և առաջարկեց կազմակերպության ֆինանսական միջոցների խելամիտ և խնայողական օգտագործելու տեսակետից գնային առաջարկների շեմ սահմանել մինչև 3․000․000 ՀՀ դրամը։ Այդպիսով գնային առաջարկներ ներկայացրած ընկերությունների քանակը նվազեց երեքով, որոնց մեջ էր նաև Տիգրան Ազիզբեկյանի հետ նախկինում առնչություն ունեցած ընկերությունը։ Մարսելա Խուրշուդյանը նշեց, որ միջոցների խնայողությունն անհրաժեշտություն է, սակայն պետք է նաև հաշվի առնել կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակական հատկանիշները։ Հարցի քննարկմանը մասնակցեցին նաև նիստին ներկա կազմակերպության անդամները՝ ներկայացնելով իրենց տեսակետը։


2․Կազմակերպության շրջանակներում կամ ռեսուրսների օգտագործմամբ նախատեսված ծրագրերի, նախագծերի իրականացման նախապատրաստական գործընթացի կազմակերպման հարց։ Հարցն օրակարգ մտցրեց Վ․Փիլիպոսյանը։

Հարցի մեկնաբանում և քննարկում

Սույն թվականի հունիսի 1-ին Խորհրդի և կազմակերպության աշխատակազմի միջև աշխատանքային հանդիպմանը վերջինների կողմից դժգոհություն ներկայացվեց այն մասին, որ կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը առանց աշխատակազմին տեղեկացնելու և նրանց հետ քննարկելու նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վիքիակումբներ հիմնադրելու գործընթաց։ Գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը և աշխատակազմի այլ անդամներ ներկայացրեցին իրենց հիմնավորումները բարձրացված խնդրի վերաբերյալ։

Խորհրդի նիստին Վ․Փիլիպոսյանը խոսեց նմանատիպ աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունից և նշեց, որ անհրաժեշտություն կա ցանկացած ծրագիր, նախագիծ, համագործակցություն կամ այլ միջոցառում իրականացնելուց կամ նախապատրաստական աշխատանքներ կատարելուց առաջ անհրաժեշտ և արդյունավետ կլինի տեղեկացնել Խորհրդին։ Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը հատուկ շեշտեց, որ այս քննարկման առարկա դարձնել ոչ թե կոնկրետ բարձրաձայնված դեպքն, այլ դիտարկել խնդիրն ընդհանրական ձևով։ Խորհրդի քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը բարձրաձայնեց որոշակի տեխնիկական հարցեր խնդրի հետ կապված։ Ելույթ ունեցան նաև նիստին ներկա կազմակերպության անդամները և ներկայացրեցին իրենց տեսակետները։

Տիգրան Ազիզբեկյանը քննարկման ավարտին ներկայացրեց իր նախաձեռնած ծրագրի հակիրճ նկարագիրը, որը վերաբերում էր Վիքիպեդիայի տարածմանն ու հուշարձանների համար QR code-երի միջոցով ձայնային եղանակով տեղեկատվության հաղորդմանը։


3․ Միջոցառումների համար մասնակիցներին ներգրավելու (ընտրելու) գործընթացի կազմակերպմանն առնչվող բողոքների քննարկում։ Հարցն օրակարգ մտցրեց Տ․Ազիզբեկյանը։

Հարցի մեկնաբանում և քննարկում

Տիգրան Ազիզբեկյանը ներկայացրեց, որ վիքիհամայնքի ներկայացուցիչների կողմից բողոքներ են լինում այն մասին, որ տարբեր տեսակի միջոցառումների, այդ թվում՝ վիքիճամբարների, գիտական երկօրյակների մասնակիցների ընտրության վերաբերյալ։ Խորհրդի անդամների կողմից ընդգծվեց այդ գործընթացը վերահսկելու անհրաժեշտությունը։ Հարցի վերաբերյալ խոսեցին նաև նիստին ներկա կազմակերպության անդամները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը։ Մհեր Բեքարյանը, որպես աշխատակազմի անդամ, նշեց, որ օրինակ վիքիճամբարների մասնակիցների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով դիմողների ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում։


4․Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի անդամության կանոնակարգի մշակում։ Հարցն օրակարգ մտցրեց Վ․Փիլիպոսյանը։

Հարցի մեկնաբանում և քննարկում

Ներկայացվեց անդամության օրակարգ մշակելու և ունենալու անհրաժեշտությունը։ Խոսվեց անդամության դիմումի ձևի թարմացման, կազմակերպության անդամ Ալեքսեյ Չալաբյանի կողմից առաջարկված դիմումներն ընդունելու առցանց տարբերակի ներդրման, տևական ժամանակ ոչ ակտիվ անդամների անդամության դադարեցման ընթացակարգի և այլ հարցերի մասին։ Քննարկումն ընթացավ նիստին ներկա կազմակերպության անդամների ակտիվ մասնակցությամբ։ Տիգրան Ազիզբեկյանը հիշեցրեց, որ անդամության երեք հայտ ունենք։


5․Ֆինանսական հաշվետվության հաստատում։ Օրակարգ մտցրեցին Տիգրան Ազիզբեկյանն ու Մարսելա Խուրշուդյանը։

Հարցի մեկնաբանում և քննարկում

Քննարկվեցին ֆինանսական հաշվետվության հաստատման մեթոդիկան, դրա ձևի և բովանդակությանն առնչվող հարցեր։ Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան նաև նիստին ներկա կազմակերպության անդամները։

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քննելով Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ին կառավարման աուդիտորական ծառայություններ առաջարկող յոթ ընկերությունների գնային առաջարկները՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ աուդիտորական ծառայություններ առաջարկող ընկերությունների համար գնային առաջարկների շեմ սահմանել մինչև 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամը։ Նշված գնային բոլոր առաջարկները գնահատելու համար կազմակեպել քննարկում՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Վիքիմեդիա Հիմնադրամի նեկայացուցչին։ Քննարկումները կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետում։

2․ Քննելով օրակարգային հարցը՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ սահմանվեց, որ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անունից, շրջանակներում և/կամ միջոցներով իրականացվող, նախատեսված կամ ապագայի համար քննարկվող նախագծերի, իրադարձությունների, համագործակցությունների և այլ միջոցառումների մասին տեղյակ պահել Խորհրդին, դնել Խորհրդի քննարկմանն ու հաստատմանը նախքան իրագործումը։ Որոշման մասին տեղյակ պահել կազմակերպության նախագահին, գործադիր տնօրենին, աշխատակիցներին և այլ շահագրգիռ կողմերին։

3․Քննելով օրակարգային հարցը՝ կոչ արվեց նիստին ներկա Վերահսկիչ հանձնաժողովի երկու անդամներին ակտիվորեն կատարել վերահսկողական աշխատանքներ այս հարցի ուղղությամբ։ Հարցի վերաբերյալ առավել բովանդակային քննարկումը տեղափոխվեց հետագա նիստերի քննարկմանը։

4.Քննելով օրակարգային հարցը՝ որոշվեց մինչև հաջորդ նիստը մշակել անդամության հայտի ձև և քննարկել նիստում։ Քննել անդամության հայտերի առցանց դարձնելու առաջարկի ներդրման հնարավորությունները։ Անդամության երեք հայտերը քննել հաջորդ նիստում։

5․ Հարցի վերաբերյալ իրավաբաններից ստանալ խորհրդատվություն գործընթացը օերնքի տառին համապատասխան իրականացնելու համար։


Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան