Իրավական փաստաթղթեր/Անդամության կանոնակարգ
Կազմվել է 30 ապրիլի, 2026 թվական
Հաստատված է «Վիքիմեդիա Հայաստան»
գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի N 5 արձանագրային որոշմամբ
Նպատակ
Սույն Շահերի բախման քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») ընդունվել է «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության (այսուհետ՝ «Կազմակերպություն») կողմից՝ ապահովելու, որ կազմակերպությունում պատասխանատու դիրք զբաղեցնող բոլոր անձինք գործեն Կազմակերպության լավագույն շահերից ելնելով և նրա առաքելությանը համահունչ։
Քաղաքականությամբ կարգավորվում են շահերի բախման բացահայտման, հայտարարման, գնահատման և կառավարման գործընթացները։
Կիրառման շրջանակ
Սույն քաղաքականությունը կիրառվում է հետևյալ անձանց նկատմամբ` Կազմակերպության աշխատակիցներ,
1. Նախագահ,
2. Խորհրդի անդամներ,
3. Վերստուգող հանձնաժողովի անդամներ:
Քաղաքականությունը կիրառվում է նրանց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ շահերի բախման հարցը ծագել է նրանց պաշտոնավարման արդյունքում։
Շահերի բախման սահմանում
«Շահերի բախում» է համարվում այն իրավիճակը, երբ անձի, որի վրա տարածվում են սույն Քաղաքականության դրույթները, անձնական (ուղղակի կամ անուղղակի), ֆինանսական կամ այլ շահերը հակասում են, կարող են հակասել կամ կարող են ընկալվել որպես հակասող Կազմակերպության շահերին։ Շահերի բախում կարող է առաջանալ, եթե՝
1. սույն Քաղաքականության ներքո գտնվող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը կարող է ստանալ ուղղակի կամ անուղղակի օգուտ,
2. կազմակերպությունը գործարք կամ համաձայնություն է կնքում սույն Քաղաքականության ներքո գտնվող անձի կամ փոխկապակցված անձի հետ,
3. սույն Քաղաքականության ներքո գտնվող անձը ունի հակասող պարտավորություններ կամ երկակի պարտականություններ։
«Փոխկապակցված անձ» են համարվում՝
4. մերձավոր ազգականները (ամուսին, ծնող, զավակ, քույր/եղբայր և
5. անձ կամ կազմակերպություն, որի հետ սույն Քաղաքականության ներքո գտնվող անձը ունի էական ֆինանսական, մասնագիտական կամ կառավարման կապ։
Իրազեկելու պարտականություն
Սույն Քաղաքականության ներքո գտնվող բոլոր անձինք պարտավոր են իրազեկել ցանկացած իրական, հնարավոր կամ ընկալվող շահերի բախման մասին։ Իրազեկումը պետք է՝
1. կատարվի անհապաղ՝ համապատասխան իրավիճակի մասին տեղեկանալուց հետո,
2. ներկայացվի Խորհրդին (ցանկալի է գրավոր ձևով),
3. նույնիսկ շահերի բախման առկայության վերաբերյալ կասկածի դեպքում իրավիճակը պետք է ներկայացվի Խորհրդին։
Քննարկում և գնահատում
Շահերի բախման մասին իրազեկում ստանալուց հետո Խորհուրդը՝
1. ուսումնասիրում է բոլոր համապատասխան հանգամանքները,
2. որոշում է՝ առկա է արդյոք շահերի բախում։ Խորհուրդը կարող է ստեղծել համապատասխան խումբ կամ պատասխանատու անձանց՝ տեղեկատվություն հավաքելու և առաջարկ ներկայացնելու համար, սակայն վերջնական որոշումը կայացվում է Խորհրդի կողմից։
Ինքնաբացարկ
Շահերի բախում ունեցող անձը (այսուհետ՝ «Շահագրգիռ անձ») պարտավոր է՝
1. ներկայացնել բոլոր էական տեղեկությունները, եթե անհրաժեշտ է,
2. չմասնակցել տվյալ հարցի քննարկմանը և որոշման կայացմանը,
3. չփորձել ազդել որոշման վրա:
Շահագրգիռ անձը կարող է մասնակցել միայն այն չափով, որքան անհրաժեշտ է հարցերին պատասխանելու համար։
Որոշում և հաստատում
Խորհուրդը, առանց Շահագրգիռ անձի մասնակցության, որոշում է՝
1. արդյոք առկա է շահերի բախում,
2. արդյոք համապատասխան գործարքը կամ որոշումը կարող է իրականացվել:
Շահերի բախում պարունակող գործարքը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Խորհուրդը եզրակացնում է, որ՝
1. այն բխում է Կազմակերպության լավագույն շահերից,
2. այն արդար և ողջամիտ է՝ համադրելի շուկայական պայմանների հետ,
3. չկա առավել շահավետ այլընտրանք՝ առանց շահերի բախման,
4. բոլոր էական հանգամանքները լիովին բացահայտված են:
Որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ և արձանագրվում են նիստի արձանագրությունում։ Բոլոր որոշումները և դրանց հիմքում ընկած հիմնավորումները պատշաճ կերպով փաստաթղթավորվում են։
Քաղաքականության խախտումներ
Եթե Խորհուրդը հիմնավոր կասկած ունի, որ սույն Քաղաքականության ներքո գտնվող անձը՝
1. չի հայտարարել շահերի բախման մասին, կամ
2. խախտել է սույն Քաղաքականությունը, ապա Խորհուրդը՝
3. ուսումնասիրում է իրավիճակը
4. հնարավորություն է տալիս «Շահագրգիռ անձին»՝ ներկայացնելու պարզաբանում
Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է կիրառել համապատասխան կարգապահական միջոցներ՝ ներառյալ նախազգուշացում, լիազորությունների սահմանափակում կամ պաշտոնից ազատում։
Քաղաքականության իրականացում
Խորհուրդը պատասխանատու է սույն քաղաքականության իրականացման համար, այդ թվում՝
1. Շահերի բախման վերաբերյալ տեղեկության ընդունում և ուսումնասիրություն,
2. Շահերի բախման վերաբերյալ որոշումների կայացում,
3. Անհրաժեշտ փաստաթղթավորում,
4. Քաղաքականության պարբերական վերանայում և թարմացում։
Բողոքարկում
Շահագրգիռ անձը իրավունք ունի բողոքարկել Խորհրդի (կամ համապատասխան մարմնի) որոշումը՝ ներկայացնելով դիմում Խորհրդին։ Բողոքարկումը Խորհրդին պետք է ներկայացվի գրավոր տարբերակով (էլեկտրոնային փոստով տարբերակը ևս ընդունելի է)։ Խորհուրդը բողոքարկումը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում երկու շաբաթվա ընթացքում՝ ձայների մեծամասնությամբ։
