Բլոգ/Պատանի վիքիխմբագիր. «Վիքիակումբում քո ցանկությամբ գիտելիք ես ստանում»

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
Պատանի վիքիխմբագիր.
«Վիքիակումբում քո ցանկությամբ գիտելիք ես ստանում»
Go to English version
Go to English version




Մարիամ Ասրյանը Վիքիճամբարում
17-ամյա Մարիամ Ասրյանը Քարվաճառի վիքիակումբի առաջին ու ամենաակտիվ խմբագիրներից է: Նախագծում սկսել է խմբագրել 2017 թվականի փետրվար ամսից, երբ Քարվաճառում դեռ վիքիակումբ չէր բացվել: Մարիամը Վիքիպեդիա նախագծում ստեղծել է ավելի քան 70 հոդված, որոնց մեծ մասը տարբեր նկարիչների մասին են:

«Վիքիպեդիա նախագծում խմբագրելն ինձ գիտելիքի մեծ բազա է տալիս, որը, կարող եմ ասել, մինչև Վիքիպեդիայում խմբագրելը համարյա չունեի: Հատկապես ռուսերեն լեզվի իմացությունը շատ մակերեսային էր: Աստիճանաբար, նյութից նյութ գիտելիքս ավելանում է, մտածողությունս` փոխվում», պատմում է Մարիամը:

Ըստ նրա` Վիքիպեդիա հանրագիտարանի ռուսերեն տարբերակից նյութեր թարգմանելն օգնել է նաև մտքերը հայերենով ճիշտ ու գրագետ ձևակերպելուն:

Ձեռք բերեցի նաև համակարգչային գիտելիքներ, համացանցից օգտվելու հմտություններ: Կարող եմ ասել, որ վիքիպեդիայում խմբագրելով ես դարձա բանիմաց մարդ, հիմա գաղափար ունեմ ընդհանրապես աշխարհի մասին: Եթե այսօր ազատ ու հպարտորեն կարող եմ ասել այդ մասին, ապա մինչ այդ չէի կարող։

Մարիամի խոսքով, աստիճանաբար, թեկուզ` ռուսերենից մեկ նախադասություն թարգմանելիս գրագիտության աստիճանը բարձրանում է, և ինքը զգում է դա:

«Առաջին հոդվածը խմբագրելիս ես ունեի շատ սխալներ, երկրորդ հոդվածից մինչև այսօր արդեն սխալները պակասում են:

Եթե իմ կողմից խմբագրվող հոդվածում որևէ անհասկանալի բառ եմ հանդիպում, դրա բացատրությունը փնտրում ու գտնում եմ կա՛մ նույն Վիքիպեդիայում, կա՛մ մեկ այլ կայքում: Այդպիսով էլ Վիքիպեդիան ինձ մեծ գիտելիք է տալիս. այն, ինչ չգիտեմ, փնտրում եմ, կարդում և սովորում»:

Վիքիպեդիա նախագծում Մարիամի առաջին հոդվածները վերաբերում էին Արցախի գյուղերին: «Համացանցում Արցախի գյուղերի մասին տեղեկությունը շատ չէ, Վիքիպեդիայի գործիքներին տիրապետելով` փորձեցի ինքս ինչ-որ չափով լրացնել այդ բացը, և մի քանի հոդված ստեղծեցի, բարելավեցի իմ հայրենի` Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղի մասին պատմող հոդվածը», հիշում է Մարիամը:

«Շարունակելով բացահայտել Վիքիպեդիայի ընձեռած հնարավորությունները` հասկացա, որ խմբագրելով կարող եմ աջակցել ինքս ինձ` որպես ապագա մասնագետ: Նկարչությունն իմ կյանքի ամենամեծ հոբբին է և ապագա մասնագիտությունս, և երբ հասկացա, որ կարող եմ գրել նկարիչների մասին, աչքերս փայլեցին: Վաղուց սկսել եմ հոդվածներ գրել տարբեր նկարիչների մասին, և համոզված եմ, որ դեռ երկար կգրեմ այդ թեմայով: Այս հոդվածների շնորհիվ հստակ տարբերում եմ նկարչության ոճերը, գիտեմ յուրաքանչյուր ոճի առանցքային ներկայացուցիչներին: Ինձ համար շատ կարևոր է հետագայում լինել հենց բանիմաց մասնագետ, ինչին այսօր մեծապես օգնում է տարբեր նկարիչների, ցուցահանդեսների մասին կարդալն ու թարգմանելը», համոզված է Մարիամը:

Իր տարեկից պատանիներին Մարիամը հավաստիացնում է. «Վիքիպեդիայում խմբագրելը նախ և առաջ շատ հաճելի է: Ամենակարևորն այն է, որ դու վիքի ակումբում չես հոգնում, պարտակություն չես կատարում, այլ քո ցանկությամբ ես գիտելիք ձեռք բերում: Բոլոր դպրոցականներին խորհուրդ կտամ խմբագրել հատկապես Վիքիպեդիա նախագծում: Նրանք շատ գիտելիք կստանան և ինչ մասնագետ էլ դառնան, վստահ կլինեն, որ իրենք բանիմաց մարդիկ են», ամփոփում է Մարիամ Ասրյանը:

Տեղեկացնենք, որ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության Քարվաճառի վիքիակումբը գործում է 2017 թվականի մարտ ամսից, ունի 25-30 ակտիվ խմբագիր:

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող