Բլոգ/Մենք էլ հոդվածներ գրելով ենք գալիք սերունդներին թողնում մեր ժառանգությունը

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
«Մենք էլ հոդվածներ գրելով ենք գալիք սերունդներին թողնում մեր ժառանգությունը»․ Սյուզի Երանյան



Յուրաքանչյուրս հաճույքով ենք պատմում, թե ինչպես ենք առաջին անգամ ոտք դրել Վիքիպեդիա, և յուրաքանչյուրիս պատմությունն ուրույն է՝ ուրույն զգացողություններով և պատկերացումներով։ Ոմանց պատմությունը զվարճալի է, ոմանցը՝ հետաքրքիր։ Այս անգամ իր վիքի-պատմությունն է պատմում Վանաշենի վիքիակումբի անդամ Սյուզի Երանյանը։

Սյուզի Երանյանը սովորում է Վանաշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում։ Վիքիակումբի բացման մասին աղջիկն իմացել է դեռևս բացումից 1 ամիս առաջ։ Պատմում է, որ միշտ հետաքրքրել է, թե ինչպե՞ս են ստեղծվում, խմբագրվում հոդվածները և հատկապես՝ ո՞ւմ կողմից։ «Իմանալով ակումբի բացման լուրը շատ ուրախացա, չէ՞, որ հնարավորություն էր ստեղծվում խորանալ վիքիտիեզերքի գաղտնիքների մեջ և ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանները»,― պատմում է Սյուզին, «իսկ առաջին տպավորությունն ու մթնոլորտն այնպիսին էին, կարծես մուտք էի գործել գիտելիքի նոր աշխարհ»։

Սյուզին իր առաջին հոդվածը շատ է հիշում, Շատլե հրապարակի մասին էր։ Ընտրել է այս հոդվածը, քանի որ արդեն երկար ժամանակ է հետաքրքրվում է Ֆրանսիայով։ «Հոդվածը ստեղծելուց հետո զգացի և հասկացա, որ մենք էլ հոդվածներ գրելով ենք գալիք սերունդներին թողնում մեր ժառանգությունը։ Ինչպես ես էի մի քանի տարի օգտվել վիքիխմբագրողների հոդվածներից, այժմ իմ հերթն էր ստեղծել հոդվածներ, որոնցից կօգտվեն մյուսները», ― հպարտ հավելում է Սյուզին։

Սյուզիի համոզմամբ՝ Վիքինախագծերում խմբագրումներ կատարելը նրան մի շարք առավելություններ է տվել՝ բազմաթիվ թեմաներից տեղեկություն ունենալուց ընդհուպ մինչև թարգմանչական կարողությունների լավացում։ Բացի այդ, Վիքիպեդիան նրան շատ է օգնում ապագա մասնագիտության հարցում։ Աղջիկը ապագա ռեժիսոր է։ Ասում է, որ արդեն իսկ գիտելիքներ է ստանում իր հավանած ռեժիսորների կենսագրությունների, նկարահանված և օսկարակիր ֆիլմերի մասին։ «Բացի այդ, կարծում եմ, որ Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելն առավել մեծ օգուտ կտա և՛ բանասերներին, և՛ թարգմանիչներին, ― ասում է Սյուզին և հավելում, որ մասնագիտական կարողությունների զարգացումը պետք է լինի ամեն օր, իսկ առցանց հանրագիտարանն այս հնարավորությունը միանգամայն տալիս է։

Այն հարցին, թե իր ընկերներին խորհուրդ կտա՞ հաճախել Վիքիակումբներ, Սյուզին պատասխանեց՝ այո։ «Մինչ վիքիակումբ հաճախելը ես չէի էլ կարող պատկերացնել, որ այդ բոլոր ձեռքբերումները ես կունենամ՝ կկարողանամ արագ թարգմանել, բազմաթիվ նոր ընկերներ ձեռք կբերեմ, գիտելիքի անսպառ պաշարի հետ կշփվեմ»,― ասում է Սյուզին և ավելացնում, որ անկասկած սրանք այն կարևոր բաներն են, որոնք պետք է իր տարիքի երեխաներին այժմ հետաքրքրեն։

Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության և
սոցիալական մեդիայի համակարգող