Հաշվետվություն/2023-01

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2023
Հունվար

Վիքիպեդիայի 22-րդ տարեդարձ

2023 թվականի հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի անդամներից, Հայերեն վիքիտիրույթի ակտիվ խմբագիրներից շատերը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշեցին Վիքիպեդիայի 22-րդ տարեդարձը: Միջոցառման մասնակիցների տոնական տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու և Վիքիպեդիայի պատմությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար Վիքիմեդիա Հայաստանի նախագահի միջոցառման բացման խոսքը լսելուց հետո, «Ի՞նչ գիտես Վիքիպեդիայի մասին» թեմայով խաղ-հարցում կազմակերպվեց։ Հարց ու պատասխանից հետո ընտրվեցին վիքիպատմության լավագույն երեք գիտակները, որոնք մրցանակ-հուշանվերներ ստացան։ Ավանդաբար ամփոփվեցին անցյալ՝ 2022 թվականի Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած միջոցառումների, Հայերեն վիքինախագծերի արդյունքները։ Հատուկ նշվեցին Վիքիպեդիայի 22-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնի հաղթողները: Խոսվեց 2023 թվականին նախատեսված ծրագրերի և անելիքների մասին։ Հանդիսավոր արարողության ավարտից հետո մասնակիցներից ընտրվեցին Վիքիպեդիայի տարեկից երեք Վիքիպեդիստներ, որոնք էլ կտրեցին ավանդական ծննդյան տորթը: Խմբակային լուսանկար անելուց հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ընկերական միջավայրում շփվել, զրուցել և ուրախ ժամանակ անցկացնել:


Վիքիպեդիայի տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոն

2023 թվականի հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 22-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 22-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը:

Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ Վիքիմեդիա Հայաստանը դեկտեմբերի 22-ից սկսեց նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել է 55 խմբագիր։ Ստեղծվել է 222 հոդված, ընդհանուր կատարվել է 2,441,765 բայթ ներդրում։ Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի 3 հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծող մասնակիցների անունները։

Բժիշկ մասնագետների և ուսանողների վիքիդասընթաց

2023 թվականի հունվարի 10-17-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվեց բժշկական և դեղագիտական ուսումնական հաստատություններում սովորող կամ ավարտած մասնագետների վիքիդասընթաց, որի նպատակն էր հայտ ներկայացրած մասնակիցներին Վիքիպեդիան խմբագրել սովորեցնելը և նրանցից հունվարի 24-29-ին Ծաղկաձորում կայանալիք Բժշկական վիքիհավաք 2023-ի մասնակիցների մի մասին ընտրելը։ Դասընթացին մասնակցելու համար գրանցվել էր Վիքիպեդիան խմբագրելու փորձ չունեցող 75 ուսանող։ Աշխատանքային վեց օր տևած դասընթացին նրանցից ներկայացավ 31-ը։ Յուրաքանչյուր դիմողի հետ Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցներն անցկացրին 2-3 ժամ տևողությամբ երեք պարապմունք, որոնց ընթացքում մանրամասն ներկայացվեցին Վիքիպեդիայի պատմությունը, հինգ սյուները, կանոնակարգերի հիմնական կետերը, հոդված ստեղծելու և այն խմբագրելու նրբությունները։ Դասընթացի ժամանակ մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեցին և խմբագրեցին հոդվածներ։ Ընդամենը ստեղծվեց 22 հոդված՝ 353781 բայթ ընդհանուր ծավալով։ Դասընթացի մասնակիցներից, ելնելով նրանց ցուցադրած ակտիվությունից, խմբագրելու և բժշկական հոդվածներն այլ լեզուներից թարգմանելու մակարդակից, ինչպես նաև ստեղծած հոդվածների որակից, փորձառու վիքիպեդիստներից և բժիշկներից կազմված մասնագիտական հանձնաժողովը Բժշկական վիքիհավաք 2023-ին մասնակցելու համար ընտրեց 23 դիմորդի, որոնց միացավ Վիքիպեդիան խմբագրելու փորձ ունեցող և նախկինում հոդվածներ ստեղծած ևս 12 մասնակից։

Բժշկական վիքիհավաք 2023

300

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տրվեց Բժշկական վիքիհավաք 2023-ի հայտարարությունը։ Հայտարարությունը բաց էր մինչև հունվարի 7-ը, գրանցվեց 99 մասնակից, որոնցից 75-ը՝ նորեկ։ Նորեկ մասնակիցների համար դասընթացներ կազմակերպվեցին ՎՄՀ գրասենյակում, որին մասնակցեց 31 նորեկ։ Յուրաքանչյուր նորեկ մասնակցեց 2-3-ական ժամ տևած 3 դասընթացի։ Այնուհետև, ելնելով արդյունքներից, նրանցից ընտրվեցին 23-ը, որոնք փորձառու 12 դիմորդների հետ հունվարի 24-29-ին մասնակցեցին Ծաղկաձորում կայացած Բժշկական վիքիհավաքին։

Բժշկական վիքիհավաքի 35 մասնակիցները 5 աշխատանքային օրերի ընթացքում ստեղծեցին 5,463,166 բայթ ծավալով 170 հոդված, ինչը համեմատական անցյալ տարիների նման թեմատիկայով հավաքների ավելի լավ արդյունք է։

Վիքիհավաքի ընթացքում մասնակիցները, բացի Հայերեն Վիքիպեդիայում բժշկական և դեղագիտական թեմաներով հոդվածներ խմբագրելուց, մասնակցեցին նաև այլ հետաքրքիր միջոցառումների։ Առաջին օրը փուչիկներով և բաժակներով սառույցի կոտրման խաղ կազմակերպվեց։ 2-րդ օրվա ընթացքում կայացավ քայլարշավ դեպի Ծաղկաձորի պատմական վայրեր և գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ Երեկոյան կայացավ սեղանի թենիսի ներխմբային մրցաշարը, այնուհետև մասնակիցները խաղացին «Եղիր ինքնատիպ» թիմային խաղը, որը տեսանկարահանված տարբերակով ցուցադրվեց հավաքի վերջին օրը։ Վիքիհավաքի 3-րդ օրը նույնպես անցավ հագեցած․ ցերեկը մասնակիցները խաղացին մագնիսական դարթս և սեղանի թենիս, իսկ երեկոյան խմբերով հավաքեցին փազլ։ 4-րդ օրվա ընթացքում կազմակերպվեց բոուլինգի թիմային առաջնություն, իսկ երեկոյան մասնակիցները սկզբում թիմերով աշխատեցին ՎՄՀ գալիք պլանի վրա՝ ներկայացնելով իրենց առաջարկներն ու տարբերակները, որից հետո կազմակերպվեց «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը։ Բժշկական վիքիհավաքի վերջին՝ 5-րդ օրը մասնակիցների համար կազմակերպվեց «Ֆորտ Վիքի» խաղը, որի ընթացքում կար 6 փորձություն՝ 1 ժամվա ընթացքում ստեղծել որակյալ հոդված Վիքիպեդիայում, ջրի տակ սուզված վիճակում լուծել երկաթյա մասերից բաղկացած խնդիրը, տարբեր նյութերով լցված տարաներից գտնել ինտելեկտուալ հարցը և թիմով պատասխանել դրան, զիփլայնով թռչել՝ հիշելով նախապես ցույց տրված գույների հերթականությունը և դասավորել դրանք, շարժվող ատրակցիոնից ստատիկ դրված դույլի մեջ գցել փոքր գնդակներ։ Վերջին օրվա երեկոյան կայացավ հավաքի փակումը, որի ընթացքում հայտարարվեցին հաղթող խմբերն ու լավագույն արդյունքի հասած խմբագիրները։ Ավելի ուշ մասնակիցները խաղացին սեղանի խաղեր՝ «Բժշկական այլկերպ», «Բրեյնի», «Թե՞»։ Կազմակերպվեցին «The Greatest Showman» ֆիլմի դիտում և արտասահմանյան ռետրո պարեր։

Վիքիակումբների հաշվետվություն

Գործող 6 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ստեփանակերտի) հունվարի 31-ի դրությամբ գրանցված է 85 անդամ։ 2023 թվականի հունվարի 1-12-ին Վիքիակումբների անդամները մասնակցել են Վիքիպեդիայի 22-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնին, որի ընթացքում ստեղծել են 1403492 բայթ ընդհանուր ծավալով 93 հոդված։ Հունվարի 15-ից մինչև ամսվա վերջ ակումբականները մասնակցել են նոր նախագծի, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիա են տեղափոխել և վիքիֆիկացրել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Հայ երաժշտության հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2019 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում, կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում ընդհանուր առմամբ ստեղծվել է 926429 բայթ ընդհանուր ծավալով 222 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև փետրվարին։ Ընդամենը հունվարին վիքիակումբների 85 մասնակիցներից Վիքիպեդիայում խմբագրել են 45-ը։ Նրանք ստեղծել են 346 հոդված և կատարել 1858 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2510309 բայթ։ Վիքիակումբների մասնակիցներից 6-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 15 խմբագրում՝ ստեղծելով 2 էջ, սրբագրելով 2 էջ և հաստատելով 5 էջ։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 14245 բայթ։