Բլոգ/Վիքիպեդիան մի աշխարհ է, որտեղ մեզնից յուրաքանչյուրն իր տեղն ունի

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
«Վիքիպեդիան մի աշխարհ է, որտեղ մեզնից յուրաքանչյուրն իր տեղն ունի»․
Լենա Ղազարյան

Lena Ghazaryan, A member of Karvachar Wikiclub.png
13-ամյա Լենա Ղազարյանը Քարվաճառի վիքիակումբին է միացել 2017 թվականի մարտ ամսից՝ ակումբի բացվելու առաջին օրերից: Իր առաջին վիքիական քայլերը կատարել է Վիքիդարանում և Վիքիբառարանում: Հայերեն Վիքիպեդիայում Լենայի առաջին հոդվածները նվիրված են եղել Արցախի տարբեր գյուղերին, որոնք գրելու համար նա օգտվում էր տարբեր աղբյուրներից:

Լենան պատմում է, որ նախքան վիքիակումբ հաճախելը և վիքինախագծերում խմբագրումներ անելը, դասագրքից դուրս գիտելիք չուներ։ Այժմ նա գիտելիք ստանում է թե՛ գրած հոդվածների, թե՛ Վիքիպեդիայում կարդացած հոդվածների շնորհիվ։ «Արցախի գյուղերի մասին գրելիս բարելավեցի աշխարհագրության վերաբերյալ գիտելիքներս: Հետո սկսեցի նաև հոդվածներ թարգմանել: Թարգմանում եմ պարզ անգլերենից և ռուսերենից, գրում եմ շատ տարբեր թեմաներով, երբեմն` ֆիլմերի, ռեժիսորների, երբեմն էլ` տարբեր երկրների արքաների, պատմական իրադարձությունների մասին»,— ասում է ակումբական աղջնակը։

Լենան վստահ է` Վիքիպեդիա նախագծում նյութեր թարգմանելու շնորհիվ բարելավվել է օտար լեզուների իմացությունը և դա հատկապես զգում է դասերի ժամանակ։ «Անգլերեն ու ռուսերեն անծանոթ տեքստերն ավելի լավ եմ կարդում, կարդացածս հեշտ եմ հասկանում: Դասարանում բառեր թարգմանելիս հաճախ հիշում եմ, որ նյութերի մեջ եմ դրանք հանդիպել»,— պատմում է Լենան և ավելացնում, որ այդ տարբերությունը նաև օտար լեզվի ուսուցչուհիներն են նկատում։

Պատանի խմբագիրը պնդում է՝ «Վիքիպեդիան մի աշխարհ է, որտեղ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ունի և կարող է գտնել իրեն հետաքրքրող ոլորտը, իրեն առավել հետաքրքիր նախագիծը»: Լենան ոչ միայն ամեն օր վիքիակումբ է հաճախում, այլ նաև քաջալերում է դասընկերներին ևս խմբագրել վիքինախագծերում: Պատմում է, որ նրա ընկերներից մի քանիսն այժմ խմբագիրներ են: «Գիտեք, շատ հաճախ դասարանում որևէ տեղեկություն եմ ասում, որը դպրոցում չենք անցել: Դասընկերներս հարցնում են, թե որտեղ եմ սովորել: Երբ իրենք գիտեն վիքի նախագծերի մասին, ինձ համար ավելի հեշտ է բացատրել: Նաև սիրում եմ իմ գիտելիքն ուրիշներին փոխանցել, և եթե իրենք էլ խմբագրեն, ինձ ավելի լավ կհասկանան: Կարծում եմ` ոչ բարձր առաջադիմությամբ երեխաները պետք է անպայման հաճախեն վիքի ակումբ` ավելի շատ գիտելիք ստանալու համար»,— ասում է Լենան և նշում, որ հակառակը նույնպես կա՝ Վիքիպեդիան էլ կարիք ունի բարձր առաջադիմությամբ երեխաների։ Պատանի խմբագիրը վստահ է` ուսուցիչները համարյա պարտավոր են խմբագրել Վիքիպեդիա նախագծում: «Հատկապես օտար լեզուների մասնագետները պետք է խմբագրեն, քանի որ իրենք հեշտ ու արագ կթարգմանեն, նյութերի որակն էլ ավելի բարձր կլինի, իրենք էլ կբարելավեն իրենց իմացությունները»:

Լենան մինչև այժմ Վիքիպեդիայում ստեղծել է 65 հոդված: Աղջնակը վստահ է՝ հոդվածների և ստացած գիտելիքների թիվը միայն և միայն ավելանալու է։

Նշենք, որ Քարվաճառի վիքիակումբը գործում է 2017 թվականի մարտից և յուրաքանչյուր ամիս ունի 20-25 ակտիվ խմբագիր, որոնք հիմնականում տեղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներն են:

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող

Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղոդակցության և սոցիալական մեդիայի համակարգող