Հաշվետվություն/2026-06


Հունիսի 1-ից Շիրակի մարզում սկսեցին գործել Արթիկի և Ախուրյանի վիքիակումբները։ Մարզում գործունեություն ծավալող ակումբների թիվը հասավ 4-ի։ Գործունեություն ծավալող 13 վիքիակումբներում (Ախուրյանի, Արթիկի, Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Տաշիրի, Քաջարանի) 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ գրանցված էր 183 անդամ։
Այս ամիս վիքիակումբների անդամները մասնակցել են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026» մրցութային նախագծին, որն անցկացվում է հունիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը։ Ֆուտբոլային համաշխարհային առաջնությանը զուգահեռ ընթացող այս խմբագրաթոնի ցանկերում ընդգրկված են բոլոր այն ֆուտբոլիստների մասին պատմող հոդվածները, որոնք բացակայում էին Հայերեն Վիքիպեդիայում։ Ստեղծվել են նաև առաջնությանն առնչվող այլ թեմաներով հոդվածներ՝ մարզիչներ, մրցավարներ, մարզադաշտեր, պաշտոնական երգեր ու ալբոմներ և այլն։ Մրցույթի հունիսյան հատվածում վիքիակումբների անդամների ստեղծած հոդվածները գնահատվել են առանձին, և լավագույն արդյունք ցույց տված մասնակիցը պարգևատրվել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած արժեքավոր նվերով և հավաստագրով, ևս 4-ը ստացել են հավաստագրեր։
Այս խմբագրաթոնի շրջանակներում միայն վիքիակումբների 46 անդամները ստեղծել են 8.479.459 բայթ ծավալով 403 հոդված։
Ընդամենը հունիսի ընթացքում վիքիակումբների 183 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 69-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 561 հոդված և կատարել 1949 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 15․196․655 բայթ։ Հունիսին ակումբականներից 55-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 597 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Փորձնական կարգավիճակով գործող Տաշիրի վիքիակումբի անդամների համար կազմակերպվել էր «Վիքին հանուն կլիմայական արդարության» խմբագրաթոնը, որը նվիրված էր կլիմայական արդարության և կայուն զարգացման թեմատիկային։ Խմբագրաթոնին կարող էին մասնակցել նաև տվյալ վիքիակումբի անդամ չհանդիսացող խմբագիրներ։ 10 օր տևած խմբագրաթոնի ընթացքում 11 մասնակիցներ, որոնցից Տաշիրի վիքիակումբի անդամ է 9, ստեղծեցին 5.372.478 բայթ ծավալով 65 հոդված։
Վիքիպեդիան հանուն ընտրության ազատության 2026

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հունիսի 24-28-ին կազմակերպել էր «Վիքիպեդիան հանուն ընտրության ազատության 2026» վիքիհավաքը, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում։ Ծրագիրը նախատեսված էր 16-ը լրացած անձանց համար։
Նախքան վիքիհավաքը այն մասնակիցների համար, ովքեր չէին տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, հունիսի 8-18-ին կազմակերպվեց դասընթաց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց տարբերակով։ Դասընթացի մասնակիցները, կախված ցուցաբերած արդյունքներից, ստացան «Վիքիպեդիան հանուն ընտրության ազատության» վիքիհավաքին մասնակցելու հնարավորություն։
Ծրագրին մասնակցելու համար դիմել էր 119 մարդ, որոնցից 59-ը խմբագրելու փորձ ունեցողներն էին։
Դասընթացին զուգահեռ փորձառու մասնակցիներին առաջարկվել էր նախապես կազմված թեմատիկ ցանկերից ստեղծել հոդվածներ, որոնց արդյունքներով պետք է ընտրվեին հավաքի մասնակիցները։ Դրա շնորհիվ 59 փորձառու մասնակցից ընտրվեց 29-ը։
Դասընթաց
Նորեկների համար կազմակերպված դասընթացին 60 գրանցվածից մասնակցեց 21-ը (8-ը՝ առկա, 13-ը՝ առցանց)։ Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, հիմնական կանոններին և գործիքակազմին, ինչպես նաև սովորեցին խմբագրել և հոդվածներ ստեղծել Վիքիպեդիայում։ Դասընթացի օրերին առավել բարձր արդյունք արձանագրած 5 նորեկներն ընտրվեցին որպես հավաքի մասնակիցներ։
Հավաք
Ծաղկաձորում կայացած հավաքին մասնակցեց 34 վիքիխմբագիր։ Աշխատանքային չորս օրվա ընթացքում նրանք նախապես կազմված թեմատիկ ցանկերից ստեղծեցին 10.454.544 բայթ ծավալով 246 հոդված։ Ընդամենը նախագծի ընթացքում (դասընթաց + հավաք) 53 խմբագիրներ ստեղծեցին 15․183․714 բայթ ծավալով 402 հոդված։
Վիքիհավաքի ընթացքում, բացի խմբագրելուց, կազմակերպվել էր նաև էքսկուրսիա դեպի Մաքրավանք և Հրազդանի լիճ։ Ճանաչողական այցը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն հանգստանալու, այլև ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային և բնության գեղեցիկ անկյուններին։
Հավաքի մյուս օրերին կայացան «Wag the Dog» թեմատիկ ֆիլմի, Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի դիտումներ, մասնակիցներն ունեցան ազատ ժամանցի և սպորտային խաղերի ժամանակ։
Հավաքի կարևոր հատվածներից էր ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի հետ հանդիպումն ու քննարկումը, որի ընթացքում անդրադարձ եղավ ընտրական գործընթացներին, ընտրության ազատությանը, քաղաքացիների մասնակցությանը և տեղեկացված ընտրություն կատարելու կարևորությանը։
Նոր վիքիակումբների բացում
Հունիսի 16-ին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը այցելեցին Արթիկի բաց երիտասարդական տուն, որտեղ բացվեց Արթիկի Վիքիակումբը։ Արթիկի Վիքիակումբի տարածքը տրամադրել էր Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը։ Համագործակցության արդյունքում հունիսի 1-ից ակումբը սկսել է իր գործունեությունը։
Նույն օրը ՎՄՀ աշխատակիցները այցելեցին նաև Ախուրյան համայնք, որտեղ Ախուրյանի երիտասարդական կենտրոնում «Պանդո» համայնքային զարգացման ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվեց Ախուրյանի Վիքիակումբը։ Այն նույնպես սկսել է գործել հունիսի 1-ից։
«Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026» խմբագրաթոն
Հունիսի 1-ից մինչև հուլիսի 20-ն անցկացվում է «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026» նախագիծը։ Ֆուտբոլային համաշխարհային առաջնությանը զուգահեռ ընթացող այս խմբագրաթոնի ցանկերում ընդգրկված են բոլոր այն ֆուտբոլիստների մասին պատմող հոդվածները, որոնք բացակայում էին Հայերեն Վիքիպեդիայում։ Ստեղծվել են նաև առաջնությանն առնչվող այլ թեմաներով հոդվածներ՝ մարզիչներ, մրցավարներ, մարզադաշտեր, պաշտոնական երգեր ու ալբոմներ, կազմակերպիչների ընտրություն, միջադեպեր և այլն։ Մրցույթի հունիսյան հատվածին մասնակցել է 53 խմբագիր, որոնք ստեղծել են 9․232․588 բայթ ծավալով 429 հոդված։ Նախագիծը շարունակվում է մինչև հուլիսի 20-ը։
Վիքին սիրում է Երկիրը 2026
2026 թվականի հունիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2026» լուսանկարչական մրցույթին։
ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները և քարտեզը։ Հունիսի ընթացքում հայկական վիքիհամայնքից 40 մասնակից, որոնցից 11-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 2615 լուսանկար։ Հուլիս-օգոստոս ամսիսների ընթացքում դրանք կզտվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, որից հետո կփոխանցվեն մրցատյանին։
ՎՍԵ արշավներ
Հունիսին «Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց լուսանկարչական 2 էքսկուրսիա։ Առաջին ուղղությունը Վայոց Ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտն էր (բեզոարյան այծերի արահետ)։ Էքսկուրսիան կազմակերպվեց հունիսի 14-15-ին, որին մասնակցեց 8 հոգի։ Հաջորդ ուղղությունը Շիրակի մարզում գտնվող Թռչկանի ջրվեժն էր։ Էքսկուրսիան կազմակերպվեց հունիսի 20-ին, նրան մասնակցեց 17 հոգի։ Ընդհանուր առմամբ էքսկուրսիաների արդյունքում Վիքիպահեստ բեռնվեց շուրջ 850 լուսանկար։
ՀԱՀ պատմության դաս
Հունիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց պատմության ամառային կուրսի 30 ուսանողների համար Մհեր Բեքարյանն անցկացրեց Վիքիպեդիայում խմբագրելու հմտությունների աշխատարան։ Ուսանողները ծանոթացան խմբագրական հմտություններին, պատմական աղբյուրները ուսումնասիրելու հիման վրա՝ կուրսային աշխատանքին զուգահեռ, Հայերեն վիքիպեդիայում հոդված ստեղծելուն։ Հաջորդ ամսվա ընթացքում նրանք կստեղծեն հոդվածներ Հայոց պատմության 15-րդ դարից մինչև մեր օրերը շրջանի վերաբերյալ։