Jump to content

Հաշվետվություն/2026-05

Վիքիմեդիա Հայաստան-ից
2026
Մայիս

Վիքիակումբներ

Մայիսի 17-ից փորձնական կարգով սկսել է գործել Տաշիրի վիքիակումբը: Գործունեություն ծավալող 11 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Տաշիրի, Քաջարանի) 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրանցված էր 231 անդամ։ Այս ամիս վիքիակումբների անդամները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում անցկացվող «ԿԱԵ Գարուն» և «Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026» նախագծերին։ Ընդամենը մայիսի ընթացքում վիքիակումբների 231 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 70-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 576 հոդված և կատարել 1990 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 14․675․912 բայթ։ Մայիսին ակումբականներից 55-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 643 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Գորիսի Վիքիակումբի անդամները մայիսի 4-ին Երևանի Նանսենի այգում անցկացրել են լուսանկարչական միջոցառում՝ «Վիքին սիրում է Երկիրը 2026» մրցույթի համար։

Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026

2026 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածների խմբագրման մրցույթ, որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության բարելավումը, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։ Խմբագրում Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 105 դիմորդից 52-ը նորեկ էին և Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեին։ Դասընթացի ընթացքում 32 նորեկ մասնակիցներ ստեղծեցին 45 հոդված, որոնց ընդհանուր ծավալը 749.696 բայթ էր։ Արդյունքները հաշվի առնելով՝ Ծաղկաձորում մայիսի 27-31-ին կայացած վիքիհավաքին մասնակցելու համար նորեկներից ընտրվեցին 5-ը։ Ընդհանուր առմամբ հավաքին մասնակցեց 28 վիքիխմբագիր, որոնք 4 աշխատանքային օրերի ընթացքում ստեղծեցին 10.038.839 բայթ ծավալով 425 հոդված։ Նախագծին մասնակցած 51 խմբագիրները մեկ ամսվա ընթացքում ստեղծեցին 34․895․884 բայթ ծավալով 1282 հոդված։ Կենտրոնական բանկի հատկացրած դրամական 4 մրցանակներին արժանացան առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները և լավագույն նորեկ խմբագիրը։ Մրցանակակիրները ստացան նաև հավաստագրեր։ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հատկացրել էր հատուկ մրցանակ թեմատիկ ցանկի հոդվածների ստեղծման մրցույթում լավագույն արդյունք արձանագրած մասնակցի համար։

Էքսկուրսիա և այլ միջոցառումներ

Մայիսի 29-ին հավաքին մասնակցող խմբագիրների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Մարմարիկի ջրամբար և Արտավազավանք: Այնուհետև նրանք այցելեցին «Մեղրաձոր էթնո գաստրո տուն», որտեղ ծանոթացան փայտարվեստի ձեռակերտ նմուշներին, դրանք պատրաստելու գաղտնիքներին, ներկա եղան լավաշի թխմանը, փոխինդի և պլեճի պատրաստմանը, ինչպես նաև համտեսեցին դրանք։ Բացի դրանից, մասնակիցների համար կազմակերպվեց նաև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման դիտումը։ Մասնակիցներն այցելեցին նաև Կեչառիս վանական համալիր և զբոսնեցին Ծաղկաձոր քաղաքում։

ԿԱԵ Գարուն 2026

Ըստ ավանդույթի, այս տարի ևս՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը «Վիքիմեդիա Հայաստանը» միացել էր Վիքիմեդիաների և Վիքիպեդիաների կազմակերպած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «ԿԱԵ Գարուն 2025» ամենամյա համագործակցությանը, որի նպատակը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի մասին յուրաքանչյուր Վիքիպեդիայում հոդվածների ստեղծմանը աջակցելն է: Այս տարի համագործակցությանը Հայերեն Վիքիպեդիայում միացել են 10 վիքիխմբագիր, որոնք ստեղծել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 42 երկրների 19 թեմաների վերաբերյալ 812 հոդված։ Կանանց վերաբերյալ գրվել է 283 հոդված, որոնցից 178-ը ստեղծել է Slava Sahakyan70 մասնակիցը։

«Վիքիմեդիա Հայաստանի» 13-ամյակ

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի ստեղծման 13-ամյակի առթիվ մայիսի 17-ին Երևանից դուրս՝ Եղվարդ քաղաքում գտնվող տարածքում կազմակերպվեց միջոցառում։ Նախապես հայտարարություն էր տրվել, որ միջոցառմանը կարող են մասնակցել ակտիվ խմբագիրներ և «Վիքիմեդիա Հայաստանի» անդամներ։ Միջոցառմանը մասնակցելու համար ընտրվեց 25 հոգի։ Առավոտյան մեկնեցինք «Եղվարդի այգի» հանգստի գոտի, որտեղ սկզբում «Մենտիմետր» ծրագրով կազմակերպվեց հարցում կազմակերպության գործունեության մասին, որից հետո կայացավ 1-ժամանոց խմբագրաթոն Վիքիմեդիայի թեմատիկայով, որի ընթացքում 16 խմբագիրներ ստեղծեցին 266․140 բայթ ծավալով 19 հոդված: Դրանից հետո մասնակիցների հետ համատեղ պատրաստվեցին ուտեստներ և կոկտեյլներ։ Ճաշկերույթին հաջորդեց պարը, իսկ երեկոյան խարույկի շուրջ երգեցինք տարբեր երգեր, որից հետո նոր վերադարձանք Երևան։

Եթերում է «Վիքիմեդիա Հայաստանը»

Մայիսի 14-ին «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նշեց իր 13-ամյակը։ Այս կապակցությամբ կազմակերպության գործունեությունը ներկայացնելու նպատակով Հ1 և «Շանթ» հեռուստաընկերությունները հրավիրել էին «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներին՝ ներկայացնելու 13 տարվա ընթացքում կազմակերպության անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև ապագայի պլաններն ու նախագծերը։