Jump to content

Հաշվետվություն/2026-03

Վիքիմեդիա Հայաստան-ից
2026
Մարտ

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ գրանցված էր 276 անդամ։

Հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Կանանց միամսյակ 2026»» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են կանանց մասին հոդվածներ (կարող էին լինել կանանց կենսագրություններ, կանանց վերաբերող տարբեր հասկացություններ, առարկաներ, երգչուհիների կատարած երգեր, կին գրողների ստեղծագործություններ և այլն)։ Հոդվածները կարելի էր ընտրել ինչպես առաջարկվող ցանկից, այնպես էլ ինքնուրույն։ Հոդվածները թարգմանվել են այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակից ստացել է հավաստագիր։ Նախագծին մրցույթից դուրս մասնակցել են նաև ակումբների անդամ չհանդիսացող խմբագիրներ։ «Կանանց միամսյակ 2026» մրցույթի շրջանակներում 17 մասնակից ստեղծել է 1․101․241 բայթ ծավալով 52 հոդված։

Ընդամենը մարտի ընթացքում վիքիակումբների 276 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 89-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 329 հոդված և կատարել 1232 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 8.213.474 բայթ։

Մարտին ակումբականներից 75-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 316 խմբագրում։

Վիքին սիրում է պատմություն

2026 թվականի հունվարից «Վիքիմեդիա Հայաստանը» սկսել է Վիքիպեդիայի՝ Հայաստանի պատմությանն անդրադարձող հոդվածները բարելավելու կամ, ըստ անհրաժեշտության, նաև ստեղծելու նախագիծ։

Հունվարին կազմվել է թեմատիկ հոդվածների ցանկ, որտեղ ներառված հոդվածները թերի են, ունեն աղբյուրների պակաս։ Կազմակերպվել է հանդիպում ԵՊՀ պատմության ֆակուլտետի՝ նախագծով հետաքրքրված ուսանողների հետ, որի ժամանակ կազմվել է առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզ, նախագծի մասնակիցները ընտրել են իրենց հետաքրքրող հոդվածները, որոնք պետք է բարելավեն։ Նախագծի աշխատանքները բաշխվել են 2026 թվականի առաջին եռամսյակի վրա։ 13 մասնակից մինչև մարտի 31-ը բարելավել կամ ստեղծել են հայերեն, անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիներում Արշակունյաց հարստությանը վերաբերող 90 հոդված՝ յուրաքանչյուր Վիքիպեդիայում՝ 30։

Համալսարանների պրակտիկա 2026

Բրյուսովի անվան պետական համալսարան

Այս համալսարանի պրակտիկան, որը մեկնարկել էր փետրվարի 9-ին, ավարտվեց մարտի 20-ին։ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 68 ուսանողներ շաբաթական երկու անգամ գալիս էին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ և մասնակցում դասընթացին (յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ), որի ընթացքում սովորեցին խմբագրել և հոդվածներ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում։

Ուսանողները անգլերեն, չինարեն և կորեերեն Վիքիպեդիաներից թարգմանելով ստեղծեցին 11.391.300 բայթ ծավալով 183 հոդված։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկան սկսվել է փետրվարի 9-ին։ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները ուսանողների հետ անցկացրել են 2 առցանց պարապմունք՝ նրանց ծանոթացնելով Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին։ Հետագա շաբաթների ընթացքում ուսանողները մասնագիտական աջակցությունը ստացել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող Վիքիակումբում։

Հետագա շաբաթների ընթացքում, մինչև մարտի 20-ը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների 46 ուսանողները անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն Վիքիպեդիաներից թարգմանելով, ինչպես նաև հայերեն տպագիր և առցանց աղբյուրներից օգտվելով ստեղծել և բարելավել են 7.413.083 բայթ ծավալով 275 հոդված։

Մարտի վերջին մեկնարկել է նաև նույն համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հեռակա ուսուցման բաժնի ուսանողների պրակտիկան, որը կշարունակվի մինչև ապրիլի վերջ։

Երկու համալսարանների պրակտիկայի ընթացքում ընդամենը ստեղծվել է 18․804.383 բայթ ծավալով 458 հոդված։

«Թափոնների կառավարում» վիքինախագիծ

2026 թվականի մարտին «Վիքիմեդիա Հայաստան» և «Հանրային իրազեկում և մոնիթորինգ» հասարակական կազմակերպությունները՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տեխնիկական աջակցությամբ իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի շրջանակում կազմակերպել են «Թափոնների կառավարում․ արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվություն» խմբագրական նախագիծը։

Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեցող մասնակիցների համար մարտի առաջին տասնօրյակում կազմակերպվեց առցանց դասընթաց։

Մեկ ամսվա ընթացքում 14 մասնակից առաջարկված ցանկերից  ստեղծել են 3․799․714 բայթ ծավալով 135 հոդված։ Լավագույն խմբագիրները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր։

Վիքին սիրում է Ֆոլկլոր

«Վիքիմեդիա Հայաստանը» մարտին միացել է «Վիքին սիրում է ֆոլկլորը» միջազգային լուսանկարչական մրցույթին:

Մրցույթի հիմնական նպատակն էր հավաքել մարդկային մշակութային բազմազանության լուսանկարներ, տեսանյութեր և աուդիոնյութեր՝ համաշխարհային ազատ հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի և «Վիքիմեդիա» հիմնադրամի այլ նախագծերի հոդվածները պատկերազարդելու համար։ Մեկ ամսվա ընթացքում 10 մասնակից Վիքիպահեստ են վերբեռնել Հայկական ֆոլկլորին առնչվող 245 լուսանկար:

ԿԱԵ գարուն

Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները մարտին միացել են «ԿԱԵ Գարուն 2026» մրցույթի շրջանակներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի առաջին 20 օրերի ընթացքում՝ սկսած մարտի 21-ից, Հայերեն Վիքիպեդիայի 6 մասնակից, 29 երկրի առաջարկած ցանկերից, 12 թեմաներով ստեղծել է 155 հոդված։

Մրցույթը շարունակվում է, կավարտվի մայիսի 31-ին։

Մամուլում

«Վիքին սիրում է ֆոլկլոր» միջազգային լուսանկարչական մրցույթին անդրադարձ է եղել Արմենիա հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի մարտի 5-ի եթերում։ Կազմակերպության որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը ներկայացրել է նախագծի կարևորությունը, իսկ Հայաստանում նախագծի իրականացման նախաձեռնողները ներկայացրել են, թե որն է նպատակը և ինչպիսի լուսանկարներ են վերբեռնվելու Վիքիպահեստում։

Հունվարի 24-31-ը կազմակերպված Ձմեռային բժշկական Վիքիճամբարի մասին հոդված է հրապարակվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի եռամսյակային տեղեկագրում՝ ներկայացնելով Վիքիճամբարից առաջ նորեկների համար կազմակերպված դասընթացները, ինչպես նաև ճամբարի ընթացքը և գրանցած հաջողությունները։

Մարտի 31-ին «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակից Մհեր Բեքարյանը մասնակցել է Ինտերնետ հանրություն ՀԿ-ի կազմակերպած «Համընդհանուր ընդունում․ Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին։ Միջոցառման ընթացքում Մ․ Բեքարյանը ներկայացրել է Վիքիպեդիայի լեզվական քաղաքականությունը և լսարանին բացահայտել Վիքիմեդիա համայնքի ներքին որոշ գործընթացներ և թե ինչպես է Վիքիպեդիան ձգտում հավասար հնարավորություններ ապահովել տարբեր լեզվական խմբերի մարդկանց համար, ինչպես է Վիքիպեդիան լուծում խաչաձև թարգմանության խնդիրը և ինչ միջոցներ է ձեռնարկում Վիքիպեդիայի՝ որպես բազմալեզու ինտերնետ ստեղծելու խոշոր նախաձեռնություններից մեկի փորձը ավելի ներառական դարձնելու համար։