Հաշվետվություն/2026-02

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2026 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գրանցված էր 263 անդամ։
Հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Օլիմպիադա 2026» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են Միլանում և Կոտրինայում փետրվարին կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակակիրների, մարզական կառույցների և այլնի մասին հոդվածներ։ Նախքան Խաղերի մեկնարկը գրվել են հոդվածներ նախորդ Ձմեռային օլիմպիական խաղերի մասին։ Հոդվածները թարգմանվել են այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս երկու մասնակից ստացել է հավաստագիր։ Նախագծին մրցույթից դուրս մասնակցել են նաև ակումբների անդամ չհանդիսացող խմբագիրներ։ «Օլիմպիադա 2026» մրցույթի շրջանակներում 24 մասնակից ստեղծել է 1․567․176 բայթ ծավալով 76 հոդված։
Ընդամենը փետրվարի ընթացքում վիքիակումբների 263 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 68-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 152 հոդված և կատարել 835 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․323․714 բայթ։
Փետրվարին ակումբականներից 58-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 206 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Կողբի վիքիակումբում ամսվա ընթացքում իրականացվել է տեղեկատվական վիքիարշավ, որի արդյունքում Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի 5, ինչպես նաև թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի 2 աշակերտ միացել են ակումբին։ Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն էր, որի կապակցությամբ Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են մի քանի գրքի մասին հոդվածներ։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների պրակտիկա
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկան սկսվել է փետրվարի 9-ին։ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները ուսանողների հետ անցկացրել են 2 առցանց պարապմունք՝ նրանց ծանոթացնելով Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին։ Հետագա շաբաթների ընթացքում ուսանողները մասնագիտական աջակցությունը ստացել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող Վիքիակումբում։
Ընդամենը պրակտիկային մասնակցում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների 46 ուսանող։ Նրանք կատարում են թարգմանություններ Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն Վիքիպեդիաներից, ինչպես նաև ստեղծում և բարելավում են հոդվածներ՝ օգտվելով հայերեն տպագիր աղբյուրներից։ Պրակտիկան կավարտվի մարտի 21-ին։
Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկա
Այս համալսարանի պրակտիկան մեկնարկել է փետրվարի 9-ին։ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 68 ուսանողներ շաբաթական երկու անգամ գալիս են «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ և մասնակցում դասընթացին (յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ)։
Առաջին երկու հանդիպումների ընթացքում աշխատակիցները նրանց ծանոթացրել են Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին, երրորդ հանդիպումից սկսած՝ ուսանողները սկսել են հոդվածներ գրել Հայերեն Վիքիպեդիայում։ Նրանք կատարում են թարգմանություններ անգլերեն, չինարեն և կորեերեն Վիքիպեդիաներից։ Անգլերենից թարգմանվում են կարևորագույն հոդվածների ցանկում ընդգրկվածները։
Պրակտիկան շարունակվում է։ Այն կավարտվի մարտի 20-ին։
Վիքին սիրում է պատմություն
Փետրվարին «Վիքիմեդիա Հայաստանը» շարունակել է «Վիքին սիրում է պատմությունը» նախագծի աշխատանքները։ Նախագծի պպատակն է՝ բարելավել Հայաստանի պատմությանն անդրադարձող հոդվածները և ստեղծել նորերը՝ ըստ անհրաժեշտության։
Նախաձեռնությանը միացած ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Վիքիպեդիայի խմբագրման դասընթացների և սկսել են աշխատել իրենց ընտրած հոդվածների նյութով, ստեղծել են սևագիր-աշխատանքային էջեր։
Նախագծի առաջին փուլը շարունակվելու է մարտին։
Կազմակերպության 2026-2029 թվականների ռազմավարության մշակում և հաստատում
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը, հաշվի առնելով դեկտեմբեր ամսին կազմակերպված համայնքային հավաքի ժամանակ քննարկված խնդիրները, համայնքի կողմից առաջարկված լուծումներն ու առաջնահերթությունները, մշակել և զարգացրել է կազմակերպության 2026-2029 թվականների ռազմավարությունը։
Մշակված ռազմավարական պլանը նախանշում է կազմակերպության հիմնական աշխատանքի թեմատիկ ուղղությունները, որոնք բխում են «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության բնույթից և կազմակերպության նպատակներից։
Փետրվարի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կազմակերպության Խորհուրդը քննարկել և հաստատել է մշակված ռազմավարությունը։ Հաստատված ռազմավարության հիման վրա նաև մշակվել են 2026-2027 թվականների ընթացքում տեղի ունենալիք միջոցառումները՝ ըստ ժամանակացույցի։