Հաշվետվություն/2026-01

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2026 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցված էր 241 անդամ։
Հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Դրոշագիտարան» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են տարբեր պետությունների (այդ թվում՝ պատմական), վարչատարածքային միավորների դրոշների մասին հոդվածներ։ Դրանք թարգմանվել են այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս երկու մասնակիցներ ստացել են հավաստագրեր։ Նախագիծն սկսվել է դեկտեմբերի 1-ին, ընդմիջվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, քանի որ ակումբականները դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը մասնակցել են Վիքիպեդիայի 25-ամյակին նվիրված «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նվեր-հոդվածների խմբագրաթոնին։
«Դրոշագիտարան» մրցույթի շրջանակներում 16 մասնակից ստեղծել է 1․112․251 բայթ ծավալով 48 հոդված։
«25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նվեր-հոդվածների խմբագրաթոնի ընթացքում վիքիակումբների 15 անդամներ ստեղծել են 2․389․012 բայթ ծավալով 89 հոդված։
Ընդամենը հունվարի ընթացքում վիքիակումբների 241 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 39-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 163 հոդված և կատարել 902 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․582․925 բայթ։
Հունվարին ակումբականներից 33-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 314 խմբագրում։
Այլ միջոցառումներ
- Կողբի վիքիակումբի անդամները գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու հետ իրականացրել են համատեղ աշխատանք՝ նվիրված ֆրանսիական քաղաքներին։ Խմբագիրների օգնությամբ 8-րդ դասարանցիներից մի քանիսի հետ ստեղծվել է Բրիդ-լը-Բեն քաղաքի մասին հոդված։ Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին միացել է վիքիթիմին։ Վիքիակումբին է միացել նաև 11-րդ դասարանի աշակերտուհի Սյուզին։
Հայոց բանակի տոնի կապակցությամբ հունվարի 28-ին ստեղծվել է թեմատիկ 2 հոդված։ Երաժշտական փոքր կատարումներով ու զրույցով ամփոփվել է «Մեր բանակը» թեման։
- Կիրանցի վիքիակումբում վերսկսվել է թեմատիկ սահիկների ներկայացումը։ Հունվարի 30-ին երեխաների հետ կայացել է զրույց մշակութային հուշարձանների մասին, ներկայացվել են հայերենի բարբառները։
25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին
2026 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանը» նշեց Վիքիպեդիայի 25-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 25-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը: Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ «Վիքիմեդիա Հայաստանը» դեկտեմբերի 15-ից սկսեց նվեր-հոդվածների «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել է 63 խմբագիր։ Ստեղծվել է 512 հոդված, ընդհանուր կատարվել է 11.776.293 բայթ ներդրում։ Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի նորեկ և փորձառու հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցների անունները։
Վիքիպեդիայի 25-ամյակի միջոցառում գրասենյակում
Հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում նշվեց Վիքիպեդիայի հիմնադրման 25-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին մի շարք նախագծերի և մրցույթների արդյունքներ՝
- «Վիքին սիրում է հուշարձանները»,
- «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Աշխարհը կետից հետո» նախագիծը,
- «10×15» խմբագրաթոնը,
- «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նախագիծը։
Բացի այդ, հայտարարվեցին 2025 թվականի՝
- լավագույն վիքիակումբականը,
- լավագույն նորեկը,
- լավագույն հոդվածը,
- լավագույն վիքիխմբագիրը։
Միջոցառումն ամփոփվեց ջերմ շփմամբ և հյուրասիրությամբ։
Բժշկական Վիքիճամբար 2026-ի դասընթաց
Հունվարի 24-31-ին Ծաղկաձորում կայանալիք Բժշկական Վիքիճամբար 2026-ից առաջ հունվարի 8-18-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց անցկացվեց դասընթաց գրանցված նորեկ մասնակիցների համար։ Ճամբարին մասնակցելու համար ընդամենը գրանցվել էր 204 անձ։ Նրանք բոլորը բժշկական և դեղագիտական կրթություն ստացող ուսանողներ էին կամ մասնագետ բժիշկներ։ Գրանցվածներից 38-ը Վիքիպեդիայում խմբագրելու փորձ ունեցողներ էին, մյուսները՝ նորեկ։ Հենց այդ նորեկների համար էլ կազմակերպվել էր նշված դասընթացը։
Նորեկները բաժանվել էին 4 խմբի՝ 3 առցանց, 1 առկա՝ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում։ Գրանցված 166 նորեկից դասընթացին մասնակցեց 71-ը։ Նրանք գրանցվեցին Վիքիպեդիայում, սովորեցին հիմնական կանոնները, խմբագրելու գործիքները, նախապես պատրաստված բժշկական և դեղագիտական թեմաներով ցանկերից ընտրեցին հոդվածներ և սկսեցին թարգմանել անգլերեն Վիքիպեդիայից։ Յուրաքանչյուր խմբի հետ կայացավ երեք հանդիպում։ 11 օրվա ընթացքում 33 նորեկ մասնակիցներ ստեղծեցին 4․372․972 բայթ ծավալով 87 հոդված, որոնք ստուգեցին և գնահատեցին բժիշկ մասնագետները։ Ստեղծված հոդվածների քանակն իրականում 105 էր, սակայն դրանցից 18-ը վատ որակի պատճառով ջնջվեց։
Դասընթացի ժամանակ լավագույն արդյունք արձանագրած 28 խմբագիրները մասնակցեցին Բժշկական Վիքիճամբար 2026-ին։
Բժշկական Վիքիճամբար 2026
Հունվարի 24-31-ին «Վիքիմեդիա Հայաստանն» իրականացրեց Բժշկական Վիքիճամբար 2026-ը։ Ճամբարին մասնակցեցին 50 հոգի, որից 37-ը մասնակիցներն էին։ Մասնակիցները բժշկական և դեղագիտական կրթություն ստացող ուսանողներ էին կամ մասնագետներ։
Նախքան ճամբարը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց անցկացվեց դասընթաց գրանցված նորեկ մասնակիցների համար, որի արդյունքներով ընտրվեցին ճամբարի նորեկ 28 մասնակիցները։ Մյուս 9 մասնակիցները Վիքիպեդիայում խմբագրելու փորձ ունեցողներն էին։
Ճամբարի ընթացքում մասնակիցները նախապես կազմված ցանկերից անգլերեն Վիքիպեդիայից թարգմանեցին բժշկական և դեղագիտական թեմաներով կարևոր հոդվածներ։ Ընդամենը ճամբարի ընթացքում ստեղծվեց 14․182․244 բայթ ծավալով 416 հոդված, որոնք ստուգեցին և գնահատեցին բժիշկ մասնագետները։
Ճամբարի ընթացքում մասնակիցները, բացի խմբագրումներից, մասնակցեցին ինտելեկտուալ, ժամանցային, սպորտային և մշակութային տարբեր միջոցառումների։ Ճամբարականները բաժանվել էին 4 ջոկատների, որոնք միմյանց հետ մրցում էին և խմբագրումներով և կազմակերպված խաղերի արդյունքներով։ 7 օրերի ընթացքում ճամբարականները խաղացին բոուլինգ, սեղանի թենիս, լեգոյով շինության կառուցում, բաբան, լավագույն խոհարար, ձմեռային վոլեյբոլ, Ֆորտ Վիքի, Բրեյն ռինգ, ժամանցային խաղերի խումբ և այլ խաղեր։ Մասնակիցները բեմադրեցին հին հայկական կատագերգական ֆիլմեր՝ «Ոսկե ցլիկը», «01-99», «Տղամարդիկ» և «Հարսնացու հյուսիսից»։
Ճամբարականներն այցելեցին ճոպանուղի, այդ այցի ընթացքում կազմակերպվեց ձնագնդի խաղը։
Վիքին սիրում է պատմություն
2026 թվականի հունվարից «Վիքիմեդիա Հայաստանը» սկսել է Վիքիպեդիայի՝ Հայաստանի պատմությանն անդրադարձող հոդվածները բարելավելու կամ, ըստ անհրաժեշտության, նաև ստեղծելու նախագիծ։
Հունվարին կազմվել է թեմատիկ հոդվածների ցանկ, որտեղ ներառված հոդվածները թերի են, ունեն աղբյուրների պակաս։ Կազմակերպվել է հանդիպում ԵՊՀ պատմության ֆակուլտետի՝ նախագծով հետաքրքրված ուսանողների հետ, որի ժամանակ կազմվել է առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզ, նախագծի մասնակիցները ընտրել են իրենց հետաքրքրող հոդվածները, որոնք պետք է բարելավեն։ Նախագծի աշխատանքները բաշխվել են 2026 թվականի առաջին եռամսյակի վրա։
Մամուլում
Վիքիպեդիայի 25-ամյակի կապակցությամբ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահը և մի շարք աշխատակիցներ հյուրընկալվել են տարբեր հեռուստաալիքների հաղորդումների, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։
Շանթ հեռուստաալիքի «Առավոտը Շանթում», Արմենիա հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի եթերում և ռադիոյում տրված հարցազրույցների ժամանակ կազմակերպության աշխատակիցները ներկայացրել են Վիքիպեդիայի և մասնավորապես հայերեն Վիքիպեդիայի ձեռքբերումները և արհեստական բանականության տարածմանը զուգահեռ տեղի ունեցող զարգացումները, «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնություններն ու ծրագրերը՝ ուղղված Վիքիպեդիայի հարստացմանը, ինչպես նաև առաջիկա պլաններն ու նպատակները։