Jump to content

Հաշվետվություն/2025-12

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Դեկտեմբեր

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 238 անդամ։

Դեկտեմբերին հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Դրոշագիտարան» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են տարբեր պետությունների (այդ թվում՝ պատմական), վարչատարածքային միավորների դրոշների մասին հոդվածներ։ Դրանք թարգմանվել են այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանանալու է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցներ կստանան հավաստագրեր։ Նախագիծն ընդմիջվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, քանի որ ակումբականները դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը մասնակցում են Վիքիպեդիայի 25-ամյակին նվիրված «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նվեր-հոդվածների խմբագրաթոնին։

Երկու նախագծերի արդյունքներն էլ կամփոփվեն հաջորդ ամիս։ Ընդամենը դեկտեմբերի ընթացքում վիքիակումբների 238 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 34-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 185 հոդված և կատարել 883 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 6․405․558 բայթ։ Դեկտեմբերին ակումբականներից 25-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 212 խմբագրում։

Դրոշագիտարան

Հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար կազմակերպվել է «Դրոշագիտարան» մրցութային նախագիծը։ Այն մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին և ավարտվելու է 2026 թվականի հունվարի 31-ին, սակայն ընդմիջվել է դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը։ Այդ ժամանակահատվածում կայանում է նվեր-հոդվածների խմբագրաթոնը, որին մասնակցում են նաև վիքիակումբների անդամները։

«Դրոշագիտարան» նախագծի ընթացքում մասնակիցները գրում են տարբեր պետությունների (այդ թվում՝ պատմական), վարչատարածքային միավորների դրոշների մասին հոդվածներ, որոնք թարգմանում են այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։

Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը ստանալու է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հաջորդ ամիս։

25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին

2026 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 25-ամյակը։ «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել է Նվեր-հոդվածների խմբագրաթոն, որտեղ առաջարկվում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած, ստեղծել նվեր հոդվածներ։ Մասնակիցները ձգտելու են ստեղծել առնվազն 10․000-ական բայթ ծավալով 25-ական հոդված։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 25 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հավաստագրերի, իսկ լավագույնները՝ նաև հուշանվերների։ Մասնակիցները կարող են ստեղծել ցանկացած թեմայով հոդվածներ։ «Առաջարկվող հոդվածներ» էջը օգնության համար է։ Խմբագրաթոնը սկսվել է դեկտեմբերի 15-ին և տևելու է մեկ ամիս՝ մինչև հունվարի 14-ը ներառյալ։ Արդյունքները կհայտարարվեն Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։

Համայնքային հավաք

Դեկտեմբերի 5-7-ին «Վիքիմեդիա Հայաստանը» Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կազմակերպել էր նախապես ծրագրված համայնքային եռօրյա Վիքիհավաք՝ հանդիպում-քննարկում կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հավաքին մասնակցեց 29 անձ։

Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին ընթացիկ տարում «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը, միջազգային վիքիշարժման նորությունները, Հայերեն Վիքիպեդիայի և վիքիակումբների վիճակագրությունը: Մասնակիցները ներկայացրին մտագրոհի արդյունքում ձևավորված մտքեր և «Վիքիմեդիա Հայաստանի» հաջորդ տարվա ռազմավարությանը վերաբերող առաջարկություններ։

Համակարգողները կիսվեցին իրենց կարծիքներով և առաջարկություններով։

Դեկտեմբերի 6-ին կայացավ «Վիքիմեդիա Հայաստանի» արտահերթ համաժողովը, որին մասնակցեցին կազմակերպության հավաքին ներկա անդամները առկա և այլ անդամներ՝ առցանց։

Դասընթաց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների հետ

Դեկտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» սկսել է դասընթաց Հայաստանի ազգային գրադարանի գրադարանավարների, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի, Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 11 գրադարանի և Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանի աշխատակիցների հետ։ Վիքիկրթական դասընթացի նպատակն էր զարգացնել գրադարանավարների հմտությունները Հայերեն Վիքիպեդիայի և նրա քույր հարթակներում խմբագրելու և հոդվածներ գրելու ուղղությամբ։

Նախագիծը 2024 թվականին մեկնարկած գրադարանավարների վերապատրաստման դասընթացի տրամաբանական շարունակությունն էր։

Եռօրյա դասընթացի ժամանակ գրադարանավարները սովորեցին վիքիհարթակներում խմբագրել, օգտագործել աղբյուրներ, տեսաձայնային նիշքեր ավելացնել։ Դասընթացի մասնակիցները ստեղծեցին գրադարանային կյանքին առնչվող թեմատիկ հոդվածներ։ Դասընթացը լինելու է շարունակական։

Հակամարտության վերլուծության աշխատարան

Դեկտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» «Պարագիդմա» կրթական և գերմանական «Բերգհոֆ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպել էր Հակամարտության վերլուծության աշխատարան։

Առկա հանդիպման ժամանակ թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտոր, միջմշակութային հակամարտությունների կառավարման դասախոս Օլիվեր Վիլսը և պատմաբան ու քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը։

Ելույթներին հետևեց ակտիվ քննարկում, որին մասնակցեցին քննարկման թեմայով Հայերեն Վիքիպեդիայում նախապես հոդվածներ ստեղծած և բարելաված վիքիպեդիստներ։

«10x15» խմբագրաթոն

Դեկտեմբերի 1-15-ին կայացավ «10x15» խմբագրաթոնը, որը կազմակերպել էր վիքիհամայնքի անդամ Արգամ Հակոբյանը՝ «Վիքիմեդիա Հայաստանի» համաֆինանսավորմամբ։ Խմբագրաթոնի 15 օրերի ընթացքում ամեն օր ներկայացվում էր 10 հոդված պարունակող ցանկ։ Ամեն օր թեմաները տարբեր էին՝ մաթեմատիկայից մինչև կինեմատոգրաֆիա, ընդգրկելով բազմաբովանդակ և հետաքրքիր ոլորտներ։ Մրցույթի շրջանակներում ամենաշատ և ամենաորակյալ ներդրում կատարած երեք մասնակիցներն արժանացել են դրամական մրցանակների, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։

Խմբագրաթոնի ընթացքում 12 մասնակիցներ Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 7․462․731 բայթ ընդհանուր ծավալով 147 հոդված