Հաշվետվություն/2025-11

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 244 անդամ։

Նոյեմբերին ակումբականներից 29-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 218 խմբագրում։
Այլ միջոցառումներ
- Ամսվա ընթացքում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Կիրանցի վիքիակումբում անցկացվել է «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով զրույց։ Երեխաները ծանոթացել են մեդիագրագիտության գրված և չգրված օրենքներին, մեդիագրագիտության հինգ հիմնական հարցերին։
- Նոյեմբերի 27-ին Կողբի վիքիակումբի հրավերով տեսակապով կազմակերպվել է վիքիկամուրջ Կողբի և Կիրանցի վիքիակումբների միջև։ Կայացել է զրույց ընթացիկ նախագծերից, այնուհետև Կիրանցի վիքիակումբականների առաջարկով ներկաները խաղացել են էլեկտրոնային խաղ։
- Քանի որ նոյեմբերը նվիրված էր «Վիքիկամուրջ» խմբագրաթոնին, Կողբի վիքիակումբի անդամները որոշեցին այդ խմբագրաթոնն ամփոփել՝ տեսակապի միջոցով վիքիկամուրջ գցելով Կիրանցի ակումբականների հետ։ Մի քիչ շփվելուց հետո մասնակիցները խաղացին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ձևաչափով ինտելեկտուալ խաղ, որը նվիրված էր, իհարկե, Վիքիպեդիային։ Տեսակապն անցավ բավականին ուրախալի և հետաքրքիր։

Կողբի ակումբի անդամները խաղացին նաև արդեն ավանդույթ դարձած «Գաղտնի Ձմեռ պապ» խաղը։ Շարունակվում են նաև ակումբի աշխատանքները լուսաբանող տեղեկատվական արշավները։
«Վիքիկամուրջ» խմբագրաթոն
Նոյեմբերին հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Վիքիկամուրջ» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները թարգմանել են Ռուսերեն Վիքիպեդիայում հատուկ կարգավիճակ ունեցող և աստղանիշով նշված հոդվածներ։ Դրանք թարգմանելով հայերեն՝ ակումբների անդամները դարձել էին յուրահատուկ կամուրջ Ռուսերեն և Հայերեն Վիքիպեդիաների լավորակ հոդվածների միջև։
Մասնակիցներին տրվել էին ցանկեր հետևյալ թեմաներով՝ «Կենսագրություններ», «Աշխարհագրական օբյեկտներ», «Երգեր, ալբոմներ», «Շինություններ, թանգարաններ», «Պարգևներ», «Բույսեր,կենդանիներ», «Տեսախաղեր», «Կազմակերպություններ»։
Նախագծի շրջանակներում 11 մասնակիցներ ստեղծել են 1․443․062 բայթ ծավալով 42 հոդված։
Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս երկու մասնակիցների տրվել են հավաստագրեր։
Աշխարհը կետից հետո
Նոյեմբերին «Վիքիմեդիա Հայաստան» և «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպությունները Հայերեն Վիքիպեդիայում կազմակերպել էին «Աշխարհը կետից հետո» վիքինախագիծը, որը նվիրված էր ինտերնետային դոմեններին: Նախագծի նպատակն էր առաջարկվող ցանկերից ստեղծել և բարելավել հոդվածներ, որոնք վերաբերում են ազգային և ընդհանուր վերին մակարդակի դոմեններին և դրանց հետ կապված թեմաներին:
Հատուկ շեշտադրում է կատարվել նախկինում ստեղծված հոդվածների բարելավման վրա, քանի որ դրանց մեծ մասը թերի և անաղբյուր էր. այդ հոդվածները գրվել էին Հայերեն Վիքիպեդիայի ստեղծման շրջանում:
Մեկ ամսվա ընթացքում 16 մասնակիցներ ստեղծել են 197 նոր հոդված և բարելավել են 105 արդեն գոյություն ունեցողները՝ ընդհանուր առմամբ 302 հոդված: Ստեղծված բովանդակության ծավալը կազմել է 3.389.519 բայթ:
ԿԱԵ երիտասարդական հավաք Երևանում
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նախաձեռնությամբ նոյեմբերի 21-23-ին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Երիտասարդական խումբը իր տարեկան հանդիպումն իրականացրեց կազմակերպության գրասենյակում։ ԿԱԵ Երիտասարդական խումբը ձևավորվել է 2023 թվականին ԿԱԵ հանգույցի (CEE Hub) և «Վիքիմեդիա Չեխիայի» նախագահ Կլարա Յոկլովայի նախաձեռնությամբ։ Երիտասարդական խմբում ներգրավված են 18-30 տարեկան երիտասարդներ Վիքիմեդիա տարբեր համայնքներից։
Երևանում կազմակերպված տարեկան հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին խմբի անդամներ Մարի Ավետիսյանը և Արգամ Հակոբյանը, ինչպես նաև համայնքից Սեդա Այդինյանը և Սվետլանա Խաչատրյանը։ Արևմտահայերեն Վիքիպեդիայի խմբագիրների խմբակից հանդիպմանը մասնակցում էր Շահեն Արաբօղլեանը։ Մասնակիցներ կային Չեխիայից, Լեհաստանից, Հունաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և այլն։
Նոյեմբերի 21-ին հանդիպման պաշտոնական բացման արարողության ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը հանդես եկավ բացման խոսքով և հակիրճ ներկայացրեց կազմակերպության աշխատանքը երիտասարդներին և պատանիներին ներգրավելու գործում։ Հայաստանից 8 երիտասարդներ ևս միացել էին բացման արարողությանը՝ կիսվելու իրենց փորձով։ Բացման արարողության շրջանակում այս հանդիպման նպատակն էր ԿԱԵ Երիտասարդական խմբին ներկայացնել տեղի երիտասարդ խմբագիրներին և հնարավորություն տալ շփվելու և ծանոթանալու միմյանց հետ։
Նոյեմբերի 22-23-ին ԿԱԵ Երիտասարդական խումբն իրականացրեց իր քննարկումները՝ կենտրոնանալով արդեն իսկ արված աշխատանքների, հետագա գործունեության ուղղությունների, ռազմավարական առաջնահերթությունների և 2026 թվականի ծրագրերի վրա։
Հայկական մշակույթին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով «Վիքիմեդիա Հայաստանը» խմբի համար այց էր կազմակերպել Երևանի պատմության թանգարան և քաղաք Վաղարշապատ։ Վաղարշապատում մասնակիցները այցելեցին Էջմիածնի մայր տաճար և Սուրբ Գայանե եկեղեցի, որից հետո Մաչանենց տանը սովորեցին լավաշ թխել։
