Jump to content

Հաշվետվություն/2025-10

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Հոկտեմբեր

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 241 անդամ։ Հոկտեմբերին հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Իտալական վիքիարշավ» մրցութային նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են Իտալիային առչնվող հոդվածներ։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվել են հավաստագրեր։ Նախագծի շրջանակներում 26 մասնակիցներ ստեղծել են 2․198․398 բայթ ծավալով 103 հոդված։ Ընդամենը ամսվա ընթացքում վիքիակումբների 241 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 49-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 108 հոդված և կատարել 609 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․742․272 բայթ։ Հոկտեմբերին ակումբականներից 32-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 505 խմբագրում։

Այլ միջոցառումներ

  • Կողբի վիքիակումբի անդամները դասարաններում կատարել են Վիքիակումբի մասին իրազեկման արշավներ, իսկ հոկտեմբերի 23-ին նրանք հյուրընկալվել են Կիրանցի վիքիակումբում, շրջայց կատարել գյուղում։ Նրանք այցելել են պատերազմի զոհերի հուշահամալիր, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Կիրանցի նորակառույց դպրոց։
  • Լեռնապատի վիքիակումբի անդամներն ամսվա ընթացքում խմբագրել են «Ավետիք Իսահակյան» հոդվածը (այս տարվա հոկտեմբերին լրացավ մեծանուն գրողի 150-ամյակը)։ Հոկտեմբերի 25-ին նրանք եղել են Գյումրիում, որտեղ այցելել են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն֊թանգարաններ։

Իտալական վիքիարշավ

Հոկտեմբերին հատուկ «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համար կազմակերպվել էր «Իտալական վիքիարշավ» մրցութային նախագիծը, որի ընթացքում այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանելով ստեղծվեցին Իտալիային նվիրված հոդվածներ։ Դրանք կարող էին լինել ցանկացած թեմայով՝ ըստ մասնակցի նախընտրության։ Միակ պայմանն այն էր, որ հոդվածի առարկան պետք է այս կամ այն կերպ առնչվեր եվրոպական այդ պետությանը։ Կարող էին գրվել ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Օգնության համար տրվել էին հոդվածների ցանկեր, որոնցից կարելի էր ընտրել հոդվածներ և թարգմանել, սակայն թույլատրվում էր գրել նաև ցանկերից դուրս հոդվածներ՝ պահպանելով Իտալական թեմատիկան։

Համաձայն նախագծի կանոնների՝ դրան կարող էին մասնակցել նաև այլ խմբագիրներ, որոնք, սակայն, Վիքիակումբների մրցույթին չէին մասնակցում։ Նախագծին մասնացել և հոդվածներ է ստեղծել 26 վիքիխմբագիր։ Մեկ ամսվա ընթացքում նրանք ստեղծել են 2․198․398 բայթ ծավալով 103 հոդված։ Մրցույթի հաղթող ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին և հավաստագրին, լավագույն արդյունք ցուցաբերած ևս չորս ակումբական ստացել են հավաստագրեր։

Մրցանակաբաշխություն

Հոկտեմբերի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանն» իր գրասենյակում կազմակերպեց «Մրցանակաբաշխության օր», որի ժամանակ ամփոփվեցին «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական և «Հետաքրքրաշարժ Վիքի 2» խմբագրական մրցույթները։

Վիքին սիրում է Երկիրը

2025 թվականի հունիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2025» լուսանկարչական մրցույթին։ ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։

Հունիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 43 մասնակից, որոնցից 13-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3026 լուսանկար։ Հոկտեմբերի 15-ի մրցանակաբաշխության ժամանակ «Վիքին սիրում է Երկիրը 2025» լուսանկարչական նախագծի հայաստանյան մրցույթի լավագույն տասնհինգ լուսանկարների հեղինակները ստացան հավաստագրեր և դրամական մրցանակներ։

Հետաքրքրաշարժ Վիքի 2

«Վիքիմեդիա Հայաստանը» 2025 թվականի հունիսի 20-ից հուլիսի 20-ը կազմակերպել էր էր «Հետաքրքրաշարժ Վիքի 2» խմբագրաթոնը։ Նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան տարբեր թեմաներով հոդվածներով հարստացնելը, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերը տեղ կգտնեն Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։ Հոկտեմբերի 15-ին հայտարարվեցին մրցույթի լավագույն 5 մասնակիցները, որոնք ստացան հավաստագրեր «Վիքիմեդիա Հայաստանից»։