Jump to content

Հաշվետվություն/2025-09

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Սեպտեմբեր

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 240 անդամ։

Սեպտեմբերին կազմակերպվել էր «Վիքիթիմ 2025» մրցութային նախագիծը, որի ընթացքում վիքիխմբագիրները ձևավորեցին 3-հոգանոց թիմեր և մեկ ամսվա ընթացքում թիմային աշխատանքով ստեղծեցին հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։ Նախագիծը բոլոր վիքիխմբագիրների համար էր, սակայն վիքիակումբների համար սահմանված էին հատուկ մրցանակներ, և նրանք մրցում էին միմյանց դեմ։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ թիմը, ինչպես նաև լավագույն ակումբականն արժանացել են «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին և հավաստագրերին։ Նախագծի շրջանակներում 14 վիքիակումբականներ ստեղծել են 1․177․452 բայթ ծավալով 48 հոդված։

Ընդամենը ամսվա ընթացքում վիքիակումբների 240 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 42-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 120 հոդված և կատարել 779 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 1․739․954 բայթ։

Սեպտեմբերին ակումբականներից 31-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 169 խմբագրում։

Վիքիճամբարի հաղթող ջոկատի էքսկուրսիա

2025 թվականի օգոստոսի 9-16-ին կայացած Երիտասարդական ամառային Վիքիճամբարի հաղթող ջոկատի, լավագույն նորեկի և լավագույն խմբագրի համար սեպտեմբերի 28-29-ին կազմակերպվեց մրցանակ-էքսկուրսիա։ Ուղղությունը Սյունիքի մարզն էր, որն ընտրել էին մասնակիցները։

Սեպտեմբերի 28-ին այցելեցինք Շաքիի ջրվեժ, Որոտնավանք, Տաթևի վանք, Հին Խնձորեսկ և Ճոճվող կամուրջ։ Ճանապարհի հեռու լինելու պատճառով գիշերեցինք Գորիս քաղաքում, իսկ հաջորդ օրն այցելեցինք Գորիսի պատմամշակութային հուշարձաններ և Հին Գորիս։

Մասնակիցներն էքսկուրսիայի ընթացքում տեղեկացան այցելվող վայրերի պատմությանն ու լուսանկարեցին հուշարձանները, որից հետո լուսանկարների մի մասը վերբեռնեցին «Վիքին սիրում է հուշարձանները» նախագծի շրջանակներում։

ՎՍՀ  արշավներ

2025 թվականի «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց լուսանկարչական երեք վիքիէքսկուրսիա։

Սեպտեմբերի 14-ին կայացավ առաջին էքսկուրսիան․ ուղղությունը Շիրակն էր, որի ընթացքում 16 մասնակից այցելեց Մաստարայի եկեղեցի, նույն գյուղում գտնվող 5-րդ դարի գերեզման և Աստվածածին Սբ. Նշան խաչքար, Հոգեվանք, Լմբատավանք և Հառիճավանք։

Երկրորդ էքսկուրսիան կազմակերպվեց սեպտեմբերի 20-ին՝ Մաթոսավանքի, Մորո Ձորո եկեղեցու և Մակարավանքի ուղղությամբ։ Վերջինին մասնակցեց 19 մարդ։

Վերջին ուղղությունը Կոտայքի մարզն էր, որտեղ մասնակիցները այցելեցին Պտղնիի մայր տաճարի ավերակներ, Առինջի Ձագավանքի սուրբ Նշան, Կարմրավոր, Սբ. Հովհաննես եկեղեցիներ, Աբովյանի Սբ․ Ստեփանոս եկեղեցի։

Ընդհանուր առմամբ էքսկուրսիաների ընթացքում արված լուսանկարներից մրցույթի շրջանակներում վիքիպահեստ է բեռնվել մոտ 3․200 լուսանկար։

Վիքին սիրում է հուշարձանները 2025

2025 թվականի սեպտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» կրկին միացել էր «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարչական մրցույթին, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ու «Վիքիմեդիա» հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Սեպտեմբերին «Վիքին սիրում է հուշարձանները» հայկական մրցույթի 49 մասնակից, որոնցից 3-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից հուշարձանների 6․895 լուսանկար։

Մրցույթին նոր լուսանկարիչներ ներգրավելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստանը» հոկտեմբերին կազմակերպեց լուսանկարչական երեք զբոսանք։ Մասնակցել է 31 լուսանկարիչ, որոնք այցելել են 15 պատմամշակութային վայր։

Դասընթաց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի աշխատակիցների հետ

Սեպտեմբերին մեկնարկեց հերթական համագործակցությունը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ։ Այդ հաստատության աշխատակիցներից յոթը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում սկսեցին մասնակցել վիքիդասընթացին։ Ամսվա ընթացքում կայացավ երկու հանդիպում, որոնց ընթացքում ՎՄՀ աշխատակիցները հյուրերին ծանոթացրին Վիքիշարժման գաղափարախոսությանը, ներկայացրին Վիքիպեդիայի պատմությունը, Հինգ սյուները, հիմնական կանոնները, ինչպես նաև հանրագիտարանում խմբագրելու և նոր հոդվածներ ստեղծելու ձևերը։

Հանդիպումները լինելու են շարունակական։

Վիքիթիմ 2025

Սեպտեմբերին Հայերեն Վիքիպեդիայում անցկացվեց «Վիքիթիմ 2025» մրցութային նախագիծը։ Նախագծի պայմանն այն էր, որ վիքիխմբագիրները պետք է ձևավորեին 3-հոգանոց թիմեր, որոնք թիմային աշխատանքով պետք է ստեղծեին հոդվածներ։ Թիմերի հիմնական գրանցումը կայացել է մինչև օգոստոսի 31-ը, սակայն մրցույթի ընթացքում ևս կարելի էր ձևավորել և գրանցել թիմեր։ Թիմերում նորեկ մասնակիցների առկայությունը տալիս էր առավելություն, քանի որ արդյունքների ամփոփման ժամանակ նրանց ներդրումները հաշվարկվում էին կրկնակի։

Նախագծի շրջանակներում գրանցված 8 թիմերի 19 խմբագիրներ ստեղծել են 3․278․461 բայթ ծավալով 81 հոդված։

Ամենաորակյալ և ամենաարդյունավետ թիմը, ինչպես նաև լավագույն խմբագիրն արժանացել են «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին և հավաստագրերին։

Վիքիմեդիա ԿԱԵ հավաք 2026

2025 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Վիքիմեդիա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամյա հանդիպումը, որի նպատակն է մեկ տեղում համախմբել ԿԱԵ տարածաշրջանի վիքիմեդիա համայնքների ներկայացուցիչներին՝ կիսվել փորձով և ներկայացնել նոր գաղափարներ:

Այս տարի հայկական վիքիհամայնքից հանդիպմանը ներկա էին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, դրամաշնորհային հարցերով պատասխանատու Մարի Ավետիսյանը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներից Սողոմոն Մաթևոսյանը։

ԿԱԵ հանդիպման շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչները կապեր հաստատեցին և հանդիպումներ ունեցան վիքիմեդիա այլ համայնքների ներկայացուցիչների հետ, փորձեցին գտնել համագործակցության եզրեր: Մասնավորապես Ռումինիայի և Մոլդովայի վիքիմեդիացիների խմբի հետ քննարկվեց և վերահաստատվեց Էրազմուս+ դրամաշնորհի ներկայացվելիք հայտը։ «Վիքիմեդիա օգտագործողների խումբ Ալբանիայի» ներկայացուցիչների հետ քննարկվեց Ալբանիայում և Հայաստանում գործող Վիքիակումբների միջև հնարավոր համագործակցությունը։ ԿԱԵ հանգույցի ներկայացուցիչների քննարկվեցին նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպվող ԿԱԵ երիտասարդական խմբի հավաքի մանրամասները և հետագա քայլերը։

Բացի հանդիպումներից և քննարկումներից, կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին մի շարք խմբային քննարկումների՝ ներկայացնելով «Վիքիմեդիա Հայաստանի» մեծ փորձը երիտասարդական ծրագրերի իրականացման գործում՝ մասնավորապես Վիքիակումբներն ու Վիքիճամբարները:

Այս ԿԱԵ հանդիպման համար կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը և դրամաշնորհային հարցերով պատասխանատու Մարի Ավետիսյանը նախապատրաստել էին ելույթ՝ «Որտեղի՞ց գտնել հովանավորներ և ֆինանսավորում Վիքիմեդիա նախագծերի համար» թեմայով։ Ելույթի ընթացքում խոսնակները ներկայացրին ֆինանսավորման հայթայթման հետ կապված խնդիրները, «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից կիրառվող լուծումները և դրանց օրինակները, ինչպես նաև Մենթիմետեր ծրագրի միջոցով հավաքագրեցին մասնակիցների ունեցած փորձը և խնդիրները։

Մամուլում

Նախորդ եռամսյակի ընթացքում Վիքիմեդիա ԿԱԵ տեղեկագրում տպագրելու նպատակով ներկայացվել է երեք նյութը։ Առաջինը վերաբերում է Ամառային Վիքիճամբարներին, երկրորդը՝ «Վիքիպեդիան հանուն ազատության» նախագծին, իսկ երրորդը՝ «Հետաքրքրաշարժ վիքի» նախագծին։ Կարևորելով վերջինս Վիքիպեդիայի գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․»-ի զարգացման գործում՝ Վիքիմեդիա Հայաստանը հրապարակել է նաև Diff Blog՝ կոչ անելով այլ Վիքիմեդիա համայնքներին միանալ և տեղայնացնել սույն նախագիծը։