Jump to content

Հաշվետվություն/2025-08

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Օգոստոս

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված էր 242 անդամ։

Օգոստոսին հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր «Ֆրանսիական վիքիարշավ» նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են Ֆրանսիային առչնվող հոդվածներ։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս երեք մասնակիցների տրվել են հավաստագրեր։

Նախագծի շրջանակներում 22 մասնակիցներ ստեղծել են 2․608․032 բայթ ծավալով 119 հոդված։ Ընդամենը ամսվա ընթացքում վիքիակումբների 242 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 41-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 187 հոդված և կատարել 810 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․645․675 բայթ։

Օգոստոսին ակումբականներից 35-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 380 խմբագրում։

ՎՍԵ գնահատում

Օգոստոսին տեղի ունեցավ «Վիքին սիրում է Երկիրը 2025» լուսանկարչական միջազգային մրցույթի ընթացքում Հայաստանից վերբեռնած լուսանկարների գնահատումը։ Մրցատյանի մի քանի փուլ գնահատման արդյունքում առանձնացան Հայաստանի բնաշխարհի և կենդանական առանձնյակների մի խումբ լուսանկարներ, որոնցից 15-ը ներկայացվեցին միջազգային մրցատյանի գնահատմանը։ Դրանցից 10 լուսանկար կընտրվեն որպես հայակական մրցույթի հաղթողներ, որոնք կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը։

Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025-ի դասընթաց

2025 թվականի օգոստոսի 9-16-ին կայացած Երիտասարդական ամառային Վիքիճամբարին մասնակցելու հայտ ներկայացրած այն մասնակիցների համար, որոնք չունեին Վիքիպեդիայում խմբագրելու փորձ, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում, վիքիակումբներում և առցանց կազմակերպվեց մեկշաբաթյա դասընթաց։ Հայտ ներկայացրած այն մասնակիցները, որոնք չէին կարող գալ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ, դասընթացն անցան վիքիակումբների համակարգողների ղեկավարությամբ։

Ընդամենը գրանցվել էր 133 մասնակից, որոնցից 81-ը նորեկներ էին։ Նրանց համար կազմակերպված դասընթացին մասնակցեց 26-ը։

Նորեկները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացվեցին եռօրյա հանդիպումներ։ Դասընթացի ժամանակ նորեկները գրանցվեցին Հայերեն Վիքիպեդիայում, ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, Հինգ սյուներին, հիմնական կանոնակարգերին, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու գործիքակազմին, ինչպես նաև սևագրության էջում աշխատելու և հոդված ստեղծելու նրբություններին։ Արդեն երկրորդ հանդիպման օրը մասնակիցների մեծ մասը ստեղծեց որևէ օտար լեզվից թարգմանված իր առաջին հոդվածը։

Ընդամենը դասընթացի ժամանակ ստեղծվեց 805.534 բայթ ծավալով 32 հոդված։ Դասընթացի ժամանակ ստեղծված հոդվածների որակից ու քանակից ելնելով ընտրվեցին Վիքիճամբարի նորեկ մասնակիցները։ Ընդամենը ճամբարին մասնակցեց 11 նորեկ։

Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025

2025 թվականի օգոստոսի 9-16-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Երիտասարդական ամաային Վիքիճամբար 2025-ը։

Ճամբարի մասնակիցները 40-ն էին, աշխատակազմը՝ 10։ 40 ճամբարականները, որոնցից 11-ը նորեկներ էին, բաժանված էին 4 ջոկատների, որոնք մրցում էին ինչպես Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրելու, այնպես էլ սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթներում։

Ընդամենը վիքիճամբարի ընթացքում կարևորագույն հոդվածների ցանկից գրվեց 19․654․358 բայթի 473 հոդված։ Եթե այս թվերին գումարենք նաև ճամբարից առաջ խմբագրել չիմացողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ գրված հոդվածները, ապա ընդհանուր առմամբ գրվեց 20․459․892 բայթի 505 հոդված։

Ճամբարի մասնակիցների համար կազմակերպվեցին հետևյալ խաղ-մրցույթները․ «Քաղցած խաղեր», վոլեյբոլ, «Ֆորտ Վիքի», բեմադրության ներկայացում, «Ձու անկման մարտահրավեր» (Egg Drop Challenge), «Լավագույն խոհարար» մրցույթ, «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղ, սեղանի թենիս և բադմինթոն։

Բացի մրցույթներից, մասնակիցներն այցելեցին «Altitude 1900» դայվինգի կենտրոն, որտեղ միջազգային կարգի մասնագետը ճամբարականներին ներկայացրեց ֆրի դայվինգի և սկուբա դայվինգի տարբերություններն ու առանձնահատկությունները, անհրաժեշտ հանդերձանքի նշանակությունը։ Դրանից հետո մասնակիցները ստացան Սևանա լճում սուզվելու և առաջին անգամ ջրի տակ շնչելու հնարավորություն։ Բացի այդ, նավակներով գնացինք Սևանի ամենախոր կետը։

Ճամբարականների համար կազմակերպվեց նաև «Գաղտնի ընկեր» խաղը։

Ճամբարի վերջին օրը հաղթող ջոկատներին ու խմբագիրներին հայտարարելուց և պաշտոնական փակման արարողությունից հետո մասնակիցներն ու կազմակերպչական թիմը խորովեցին նրբերշիկներ ու կարտոֆիլ, մասնակիցները նվագեցին կիթառ ու երգեցին տարբեր երգեր։