Հաշվետվություն/2025-07


Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ գրանցված էր 243 անդամ։
Հուլիսին վիքիակումբների անդամների զգալի մասը մասնակցել է Պատանեկան Վիքիճամբարին, որի ընթացքում նախապես կազմված ցանկերից Հայերեն Վիքիպեդիայում այլալեզու Վիքիպեդիաներից թարգմանելով ստեղծվել են թեմատիկ հոդվածներ։
Ընդամենը ամսվա ընթացքում վիքիակումբների 243 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 64-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 690 հոդված և կատարել 2986 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 16․340․420 բայթ։
Հուլիսին ակումբականներից 63-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 772 խմբագրում։
Պատանեկան Վիքիճամբար 2025
2025 թվականի հուլիսի 5-12-ին կայացավ Պատանեկան ամառային Վիքիճամբարը։ Ճամբարին դիմել էր 75 մասնակից, որոնցից մեկ տարվա խմբագրումների ակտիվությամբ և հոդվածների որակով ընտրվեցին 45-ը։ Մասնակիցները բաշխվել էին 5 ջոկատներում, որոնք միմյանց հետ մրցեցին Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներով, ինչպես նաև սպորտային, ինտելեկտուալ և մշակութային խաղերով։ Յոթ օրվա խմբագրումների արդյունքում 45 պատանի խմբագիրները նախապես կազմված ցանկերից, այլ լեզուներից թարգմանելով, Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեցին 14.308.344 բայթ ծավալով 605 հոդված։ Սպորտային խաղերից կազմակերպվեցին՝ դոջբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն, «Ֆորտ Վիքի», հեռակառավարվող մեքենայով ավտոարշավ։ Բացի սրանցից, կայացավ նաև «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը, ներկայացվեցին բեմադրությունները։ Մասնակիցներին տրված էր առաջադրանք՝ թատերական բեմադրությամբ ներկայացնել հայտնի մուլտֆիլմերը։ Առաջին օրը ճամբարականներին հյուր եկավ հայտնի սպորտային բլոգեր Հայկ Ֆրիսթայլը։ Նա ցույց տվեց մատի վրա գնդակ պտտելու իր յուրօրինակ հմտությունները, ինչպես նաև սովորեցրեց մասնակիցներին։ Լավագույններն արժանացան Հայկ Ֆրիսթայլի սահմանած մրցանակ-շապիկներին։ Վերջում անցկացվեց ֆուտբոլային խաղ ճամբարականների և ջոկատավարների մասնակցությամբ, որին մասնակցեց նաև Հայկը։
Ճամբարի մասնակիցներն այցելեցին նաև Ծաղկաձորի ճոպանուղի։ Սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթների արդյունքում հաղթեց 2-րդ ջոկատը, որի անդամները ստացան «Սպորտմաստեր» խանութի նվեր-քարտեր։
Վիքիպեդիայում խմբագրումների արդյունքում հաղթեց 4-րդ ջոկատը, և մասնակիցները ստացան «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի նվեր-քարտեր։ Ճամբարի լավագույն խմբագիր ճանաչվեց Կիրանցի վիքիակումբի սան Դավիթ Գաբրիելյանը։
Հետաքրքրաշարժ Վիքի 2
Հունիսի 20-ից հուլիսի 20-ը «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր «Հետաքրքրաշարժ Վիքի 2» խմբագրաթոնը, որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիան տարբեր թեմաներով հոդվածներով հարստացնելը, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերը տեղ կգտնեն Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։ Հոդվածները այլալեզու Վիքիպեդիաներից թարգմանվեցին նախապես կազմված ցանկից, սակայն եթե մասնակիցները ցանկանում էին ստեղծել այլ հոդված, որը նախագծի ցանկում ընդգրկված չէր, կարող էին այն «Գիտե՞ք, որ․․․»-ի համար հետաքրքրաշարժ փաստով առաջարկել հատուկ ստեղծված էջում։ Կազմակերպիչների կողմից հավանության արժանանալու դեպքում հոդվածն ընդգրկվում էր նախագծի ցանկում։
Մեկ ամսում ընդամենը ստեղծվեց 2.303.339 բայթ ծավալով 121 հոդված, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերն արդեն ընդգրկվում են Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։
Վիքիպեդիան հանուն ազատության
2025 թվականի հուլիսի 14-20-ին կայացավ «Վիքիպեդիան հանուն ազատության» վիքիհավաքին նախորդող դասընթացը։ Ծրագրին դիմել էր 170 մասնակից, որոնցից 100-ը նորեկ էին։ Դասընթացն անցկացվեց առցանց և առկա տարբերակներով, որոնց մասնակցեց 37 դիմորդ։ Փորձառու խմբագիրներից ընտրություն կատարելու նպատակով մասնակիցներին առաջադրանք տրվեց մինչև հավաքը հոդվածներ ստեղծել ծրագրի շրջանակներում կազմված ցանկերից։ Դասընթացի օրերին փորձառու մասնակիցները ստեղծեցին 3․319․440 բայթ ծավալով 124 հոդված, իսկ նորեկները՝ 1․339․819 բայթ ծավալով 52 հոդված։ Ընդամենը դասընթացի ժամանակ ստեղծվեց 4․659․259 բայթ ծավալով 176 հոդված։
37 նորեկ մասնակիցներից, ըստ արդյունքների, ընտրվեցին 17-ը, իսկ 43 ակտիվ փորձառուներից ընտրվեցին 18-ը։ Հավաքին մասնակցեց 35 դիմորդ և 9 աշխատակից։ Հուլիսի 23-27-ին Ծաղկաձորում կայացած հավաքի ընթացքում մասնակիցները խմբագրեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության և այլ թեմաներով հոդվածներ։ Հավաքի 4 օրերի ընթացքում ընտրված 35 մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեցին 10․640․482 բայթ ծավալով 332 հոդված։
«Վիքիպեդիան հանուն ազատության» նախագծի ընթացքում (դասընթաց + հավաք) 80 մասնակից ընդհանուր առմամբ ստեղծեց 15․299․741 բայթ ծավալով 508 հոդված։
Բացի խմբագրումներից, մասնակիցների համար կազմակերպվեց 2 էքսկուրսիա։ Առաջինը Ծաղկաձոր քաղաքով էր, որի ժամական մասնակիցներն այցելեցին նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ Երկրորդ էքսկուրսիան դեպի Գոշավանք էր և Հովքի Քարի լիճ։ Վերջին էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները Գոշավանքի հոգևորականի հետ զրուցեցին տեղեկատվության հավաստիության, հավաստի աղբյուրներ գտնելու և օգտագործելու, ինչպես նաև Վիքիպեդիայի ահռելի հնարավորությունների և ներուժի մասին։
Հավաքի ընթացքում կազմակերպվեցին նաև թեմատիկ ֆիլմի դիտում և ինտելեկտուալ խաղ, որի հարցերը վերաբերում էին հավաքի թեմային։