Jump to content

Հաշվետվություն/2025-06

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Հունիս

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ գրանցված էր 240 անդամ։ Հունիսին կայացել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Երիտասարդ կենսագիր» բազմափուլ նախագծի վերջին՝ 5-րդ փուլը, որի շրջանակներում ակումբների անդամները նախապես կազմված ցանկերով Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանել են անվանի անձանց կենսագրություններ։ Նախագիծը մրցութային էր։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը ստացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների տրվել են հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։ Նախագծի 5-րդ փուլի շրջանակներում 19 մասնակիցներ ստեղծել են 3․406․595 բայթ ծավալով 102 հոդված։ Ընդամենը նախագծի 5 փուլերի ընթացքում ստեղծվել է 15.818.543 բայթ ծավալով 757 հոդված։

Վիքիխմբագրումները հունիսին

Ընդամենը հունիսին վիքիակումբների 240 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 61-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 216 հոդված և կատարել 1021 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4.543.571 բայթ։ Հունիսին ակումբականներից 53-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 286 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

Հունիսի 15-ին նշվել է Կողբի վիքիակումբի բացման 7-ամյակը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ներկայացվեց «Լավագույն խմբագիր» անվանակարգի հաղթողը․ դա Փաշիկյան Սյուզին է, որը ստեղծել է 169 հոդված։ Նվիրական աշխատանքի համար շնորհակալագրեր տրվեցին Սյուզիին ու Նանեին։

Հետաքրքրաշարժ Վիքի 2

Հունիսի 20-ից «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել է «Հետաքրքրաշարժ Վիքի 2» խմբագրաթոնը, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան տարբեր թեմաներով հոդվածներով հարստացնելը, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերը տեղ կգտնեն Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։ Հոդվածները այլալեզու Վիքիպեդիաներից թարգմանվում են նախապես կազմված ցանկից, սակայն եթե մասնակիցները ցանկանում են ստեղծել այլ հոդված, որը նախագծի ցանկում ընդգրկված չէ, կարող են այն «Գիտե՞ք, որ․․․»-ի համար հետաքրքրաշարժ փաստով առաջարկել հատուկ ստեղծված էջում։ Կազմակերպիչների կողմից հավանության արժանանալու դեպքում հոդվածն ընդգրկվում է նախագծի ցանկում։

Խմբագրաթոնը տևում է մեկ ամիս և կավարտվի հուլիսի 20-ին, արդյունքները կամփոփվեն հաջորդ ամիս։

ՎՍԵ էքսկուրսիաներ

Հունիս ամսին «Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց լուսանկարչական 2 էքսկուրսիա։

Առաջին ուղղությունը Արմաշի լճերն էին և Հրեշտակների ձորը, որի ընթացքում նպատակ ունեինք լուսանկարել թռչունների, բնապատկերներ։ Էքսկուրսիան կազմակերպվեց հունիսի 8-ին, որին մասնակցեց 9 հոգի։

Հաջորդ ուղղությունը Խոսրովի անտառ պետական արգելոցն էր, որի շրջանակներում այցելեցինք Վահագնի ու Աստղիկ ջրվեժներ։ Էքսկուրսիան կազմակերպվեց հունիսի 22-ին և մասնակցեց 13 հոգի։

Ընդհանուր առմամբ էքսկուրսիաների արդյունքում Վիքիպահեստ բեռնվեց շուրջ 1000 լուսանկար։

Վիքին սիրում է Երկիրը 2025

2025 թվականի հունիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2025» լուսանկարչական մրցույթին։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները և քարտեզը։

Հունիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 43 մասնակից, որոնցից 13-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3026 լուսանկար։ Հուլիս-օգոստոս ամսիսների ընթացքում դրանք կզտվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, որից հետո կփոխանցվեն մրցատյանին։

ՎՄՀ անդամների հերթական համաժողով հունիսի 16, 2025

Հունիսի 16-ին «Վիքիմեդիա Հայաստանում» կայացավ կազմակերպության անդամների հերթական համաժողովը։ Օրակարգում «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների և կազմակերպության նախագահի ընտրություններն էին։

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահ երկրորդ անգամ ընտրվեց Արշակ Շահենյանը։ Վերստուգող հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Դավիթ Մանուկյանը, Արգամ Հակոբյանը և Սարգիս Ղազարյանը։