Հաշվետվություն/2025-05


Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրանցված էր 230 անդամ։ Մայիսին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Երիտասարդ կենսագիր» բազմափուլ նախագիծը, որի շրջանակներում ակումբների անդամները նախապես կազմված ցանկերով Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանում են անվանի անձանց կենսագրություններ։ Նախագիծը մրցութային է, այն բաղկացած է 5 փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։ Նախագծի 4-րդ փուլի շրջանակներում 29 մասնակիցներ ստեղծել են 1.983.912 բայթ ծավալով 131 հոդված։
Վիքիխմբագրումներ մայիսին
Ընդամենը մայիսին վիքիակումբների 230 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 65-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 286 հոդված և կատարել 1112 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․842․788 բայթ։
Մայիսին ակումբականներից 61-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 558 խմբագրում։
Այլ միջոցառումներ
Վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։
- Կողբի վիքիակումբում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ կազմակերպվել է «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղ՝ ակումբականների և տարիքային այլ խմբերի միջև։ Թեժ պայքարից հետո Կողբի ակումբականները տարել են արժանի հաղթանակ։
- Իջևանի վիքիակումբը մայիսին համագործակցել է պատմամշակութային հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության հետ: Համագործակցության նպատակը Վիքիպեդիայում Իջևանի պատմամշակութային հուշարձաններին վերաբերող հոդվածների բարելավումն է: Հունիսի վերջին նախատեսվում է հանդիպում-քննարկում, որից հետո կբարելավվեն ինչպես արդեն առկա հոդվածները, այնպես էլ կստեղծվեն նորերը:
- Գորիսի վիքիակումբի անդամները մայիսի 17-ին մասնակցել են լուսանկարչական արշավի դեպի Ջրվեժի արգելոց։ Արված լուսանկարները «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթի շրջանակներում հունիսին բեռնվելու են Վիքիպահեստ։
-
Փոքրիկ բրեյն ռինգ՝ հաղթանակի տոնին ընդառաջ
-
Փոքրիկ բրեյն ռինգ՝ հաղթանակի տոնին ընդառաջ
-
Գորիսի վիքիակումբականները լուսանկարչության արշավին
Ֆինանսատնտեսական վիքիամիս
2025 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ, որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության բարելավումը, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։
Խմբագրում
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 129 դիմորդից 77-ը նորեկ էին և Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեին։ Դասընթացի ընթացքում 32 նորեկ մասնակիցներ ստեղծեցին 37 հոդված։ Արդյունքները հաշվի առնելով մասնակցելու համար նորեկներից ընտրվեցին 4 մասնակից, որոնցից հավաքին մասնակցեցին 3-ը։ Հավաքին մասնակցեցին ընդհանուր 28 վիքիխմբագիր, որոնք 4 աշխատանքային օրերի ընթացքում ստեղծեցին 8․166․095 բայթ ծավալով 360 հոդված։
Նախագծին մասնակցած 40 խմբագիրները մեկ ամսվա ընթացքում ստեղծեցին 27․657․960 բայթ ծավալով 927 հոդված։ Կենտրոնական բանկը հատկացրեց 4 դրամական մրցանակ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին և լավագույն նորեկ խմբագրին։ Ավտոապահովագրողների բյուրոն հատկացրեց հատուկ մրցանակ և մրցանակ լավագույն հոդվածի համար, իսկ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հատկացրեց երկու հատուկ մրցանակ ֆինանսատնտեսական թեմատիկայով գրքերի մասին հոդվածների համար։ Մրցանակակիրները ստացան հավաստագրեր։
Էքսկուրսիա
Մայիսի 28-ից հունիսի 1-ը կայացած Ֆինանսատնտեսական վիքիհավաքի ընթացքում, մասնակիցների համար, բացի խմբագրումներից, կազմակերպվեց նաև էքսկուրսիա դեպի Սևանավանք, Հայրավանք, Որորների կղզի։ Էքսկուրսիայի ընթացքում լուսանկարեցինք հուշարձաններ և բնություն, մասնավորապես որորների, մեծ ձկնկուլների։ Լուսանկարները հունիս ամսվա ընթացքում կբեռնենք Վիքիպահեստ, և դրանք կմասնակցեն Վիքին սիրում է Երկիրը միջազգային մրցույթին։ Բացի սրանից, մասնակիցների համար կազմակերպվեց նաև թեմատիկ ֆիլմի դիտում և քննարկում։ Մասնակիցներն այցելեցին նաև Կեչառիս վանական համալիր և զբոսնեցին Ծաղկաձոր քաղաքում։
ԿԱԵ Գարուն 2025
Ըստ ավանդույթի, այս տարի ևս՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը «Վիքիմեդիա Հայաստանը» միացել էր Վիքիմեդիաների և Վիքիպեդիաների կազմակերպած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «ԿԱԵ Գարուն 2025» ամենամյա համագործակցությանը, որի նպատակը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի մասին յուրաքանչյուր Վիքիպեդիայում հոդվածների ստեղծմանը աջակցելն է: Այս տարի համագործակցությանը Հայերեն Վիքիպեդիայում միացել են 26 վիքիխմբագիր, որոնք ստեղծել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 36 երկրների 16 թեմաների վերաբերյալ 10․137․479 բայթ ծավալով 369 հոդված։ Կանանց վերաբերյալ գրվել է 202 հոդված, որոնցից 156-ը ստեղծել է Slava Sahakyan70 մասնակիցը։ Հինգ մասնակից ստեղծել են 1-2,5 մլն բայթ ծավալով բովանդակություն։
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մրցանակաբաշխություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ը նախաձեռնել էին մրցութային նախագիծ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։
Մրցութային ամսում Հայերեն Վիքիպեդիայի 31 մասնակից ստեղծեցին և բարելավեցին պատերազմի մասնակիցների, ճակատամարտերի ու այլ իրադարձությունների, պատերազմում կիրառված զենքերի ու տեխնիկայի մասին 9․466․256 բայթ ծավալով 44 հոդված։
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առաջին հինգ հորիզոնական զբաղեցրածները նաև դրամական մրցանակներ: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ մայիսի 20-ին Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման դահլիճում, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Մարշալ Հովհաննես Բաղրամյանի նորաբաց թանգարան, որտեղ նրանց ներկայացվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս հրամանատարի կյանքն ու գործունեությունը, անձնական իրերն ու լուսանկարները:
Մամուլում
Նախորդ եռամսյակի ընթացքում Վիքիմեդիա ԿԱԵ տեղեկագրում տպագրելու նպատակով ներկայացվել է երկու նյութը։ Առաջինը վերաբերում է «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից Վիքիակումբների համակարգողների կարողությունների զարգացմանն ուղղված հավաքին։ Իսկ մյուսը ներկայացնում է «Քաղցր Վիքի» խմբագրաթոնը, որը կազմակերպվել էր «Լակի օնլայն» ակադեմիայի հետ համատեղ։