Jump to content

Հաշվետվություն/2025-04

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Ապրիլ

Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գրանցված էր 226 անդամ։

Ապրիլին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Երիտասարդ կենսագիր» բազմափուլ նախագիծը, որի շրջանակներում ակումբների անդամները նախապես կազմված ցանկերով Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանում են անվանի անձանց կենսագրություններ։ Նախագիծը մրցութային է, այն բաղկացած է 5 փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։ Նախագծի 3-րդ փուլի շրջանակներում 31 մասնակիցներ ստեղծել են 2․046․315 բայթ ծավալով 109 հոդված։

Վիքիխմբագրումներ ապրիլին

Ընդամենը ապրիլին վիքիակումբների 226 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 62-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 224 հոդված և կատարել 1112 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․224․404 բայթ։

Ապրիլին ակումբականներից 57-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 446 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

Կողբի վիքիակումբում իրականացվել է սահիկաշարով տեղեկատվական հանդիպում գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիների հետ։ Ակումբում տեղի է ունեցել նաև հոգևոր զրույց, որից հետո կատարվել է Միջինքի գաթան կտրելու արարողությունը։

ԿԱԵ գարուն 2025

Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները ապրիլ ամսին ակտիվ միացել են CEE spring 2025 մրցույթի շրջանակներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի առաջին 40 օրերի ընթացքում՝ սկսած մարտի 21-ից, Հայերեն Վիքիպեդիայի 24 մասնակից, 33 երկրի առաջարկած ցանկերից, 16 թեմաներով 248 հոդված է ստեղծել։

Վիքիակումբների համակարգողների ուսումնական հավաք

2025 թվականի ապրիլի 25-27 Վիքիմեիդիա Հայստանը Ծաղկաձորի Ալպինա հյուրանոցում կազմակերպել էր երկօրյա վերապատրաստման հավաք Հայաստանի վիքիակումբավարների համար։

Երկու օրվա ընթացքում քննարկվեցին՝ համակարգողների դերը ակումբներում, նախագծերի նախընտրելի թեմաները, միջազգային նախագծերին մասնակցելը։ Վիքիակումբավարները ծանոթացան Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում վերջին շրջանում հայտնված նոր գործիքներին ու կաղապարներին։ Համառոտակի հիշեցվեցին նորեկների հետ աշխատելու՝ Վիքիպեդիայի գործիքակազմին ծանոթացնելու, վիքիվիքինախագծերն ու  վիքիարժեքները ներկայացնելու, հոդվածները հրապարակելուց հետո դրանց ձևավորելու առավել արդյունավետ ուղիները։ Քննարկվեցին ակումբավարների անձնական փորձը,  առաջարկներն ու կարծիքները։

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ մրցույթ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել էին մրցութային նախագիծ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։

Նախագիծը նախատեսված էր անցկացնել ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ը և խմբագրել՝ Հայրենական մեծ պատերազմի ավարտի 80-րդ տարեդարձից առաջ ստեղծել և բարելավել թեմային առնչվող հոդվածներ՝ պատերազմի մասնակիցների, ճակատամարտերի ու այլ իրադարձությունների, պատերազմում կիրառված զենքերի ու տեխնիկայի մասին։

Մինչև ապրիլի վերջ 29 մասնակից ստեղծել են 203 հոդված։ Նախագծի ավարտը մայիսի 7-ին է։

Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025 նախագծի դասընթաց

2025 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» ABCFinance.am / Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության բարելավումը, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 129 դիմորդից 77-ը նորեկ էին, այսինքն՝ Վիքիպեդիայում խմբագրել և հոդվածներ ստեղծել չգիտեին։ Վերջինների համար ապրիլի 9-29-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց կայացավ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, հոդվածների կառուցվածքին, աշխատանքային հիմնական գործիքներին, ավազարկղում հոդվածները թարգմանելու և հետագայում դրանք հիմնական տիրույթ տեղափոխելու ձևերին, ինչպես նաև հոդվածների վերջնական ձևավորմանը։ Դասընթացը կայացավ 2-ական առկա և հեռակա 4 խմբով։ Դասընթացին ընդամենը մասնակցեց 32 դիմորդ։ Քսան օրվա ընթացքում, դասընթացին զուգահեռ, առաջարկված ցանկից նրանցից 9 գրեցին ֆինանսատնտեսական թեմաներով 37 հոդված, որոնց ընդհանուր ծավալը 917․997 բայթ է։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման մասնագիտական պրակտիկա

Ապրիլին ավարտվեց մարտին մեկնարկած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան։ Այդ բաժնի ուսանողների հետ անցկացվել է առցանց մեկ պարապմունք, որի ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները մանրամասն ներկայացրել են Վիքիպեդիան խմբագրելու, հոդվածներ ստեղծելու և հրապարակելու նրբությունները, պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Խորհրդատվական մյուս հարցերը կարգավորվել են «Վիքիմեդիա Հայաստանի» Իջևանի վիքիակումբում։

Պրակտիկայի ընթացքում երկու ամբիոնների 26 ուսանողներ, գրանցվելով Վիքիպեդիայում, ստեղծել են 2․080․092 բայթ ծավալով 95 հոդված։

Քաղցր Վիքի մրցանակաբաշխություն

Ապրիլի 11-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կայացավ մարտ ամսին կայացած «Վիքիմեդիա Հայաստանի» և «Lակի օնլայն» ակադեմիայի համատեղ կազմակերպած «Քաղցր Վիքի» խմբագրաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

Մեկ ամսվա ընթացքում խմբագրաթոնի 28 մասնակից Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել և բարելավել են 5․246․379 բայթ ծավալով 482 հոդված քաղցրավենիքների, դրանց ստեղծման տեխնոլոգիաների, բաղադրամասերի մասին։ Լավագույն վեց մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առաջին երեքը դրամական պարգևներ և «Lակի օնլայն» ակադեմիայի Բիսկվիթների, կրեմների և դիզայնի առցանց, ուսուցողական դասընթացների սերտիֆիկատներ։ «Քաղցր Վիքիի» մրցանակաբաշխությունը ամփոփվեց «Lակի» տորթի համտեսմամբ։