Jump to content

Հաշվետվություն/2025-03

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Մարտ

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Մարտի 7-ին Գյումրիում բացվեց «Վիքիմեդիա Հայաստանի» 10-րդ Վիքիակումբը, որը գործելու է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ գրանցված էր 284 անդամ։

Մարտին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Երիտասարդ կենսագիր» բազմափուլ նախագիծը, որի շրջանակներում ակումբների անդամները նախապես կազմված ցանկերով Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանում են անվանի անձանց կենսագրություններ։ Նախագիծը մրցութային է, այն բաղկացած է 5 փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։

Նախագծի 2-րդ փուլը նվիրված էր Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես նշվող կանանց միամսյակին։ Այս փուլում կանանց մասին հոդվածներ ստեղծող մասնակիցները այդպիսի յուրաքանչյուր հոդվածի համար ստանում էին լրացուցիչ միավորներ։ 2-րդ փուլի շրջանակներում 32 մասնակիցներ ստեղծել են 5․524․277 բայթ ծավալով 252 հոդված։

Վիքիխմբագրումներ մարտին

Ընդամենը մարտին վիքիակումբների 284 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 83-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 447 հոդված և կատարել 1357 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 8․133․158 բայթ։

Մարտին ակումբականներից 72-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 1259 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կիրանցի վիքիակումբում մարտին ակտիվորեն խմբագրվել է անվանի դերասան Խորեն Աբրահամյանի մասին պատմող հոդվածը։ Աղբյուրները տրամադրել է դերասանի թոռնուհին, որոնցով էլ բարելավվել է հոդվածը։ Ապրիլի 1-ին լրացավ դերասանի 95-ամյակը, հոդվածի բարելավումը նվիրված էր այդ հոբելյանին։
  • Հացիկի վիքիակումբում մարտին անցկացվել է կանանց միամսյակին նվիրված երկօրյա խմբագրաթոն (մարտի 10-ին և 12-ին), որի արդյունքում ստեղծվել է 24 հոդված, որոնք պատմում են տարբեր ոլորտներում աչքի ընկած կանանց մասին։

Գյումրու Վիքիակումբի բացում

Մարտի 7-ին Գյումրիում բացվեց «Վիքիմեդիա Հայաստանի» 10-րդ և Շիրակի մարզի 2-րդ Վիքիակումբը։ Այն գործելու է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Իջևանի Վիքիակումբից հետո սա բարձրագույն ուսումնական հաստատությունում գործող երկրորդ Վիքիակումբն է։

Բացման արարողությանը մասնակցեցին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահը, աշխատակիցները, ակադեմիայի դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչները։ Կազմակերպության աշխատակիցները ներկայացրին «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության նպատակները, կազմակերպվող միջոցառումները և նախագծերը։ Ծավալվեց անմիջական քննարկում ներկաների միջև, հյուրերը պատասխանեցին ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին։

Վերջում անդամակցել ցանկացողները գրանցվեցին Վիքիակումբի համակարգողի մոտ։

Ցանկացողներին Վիքիակումբը հնարավորություն է տալու դառնալ վիքիհամայնքի մի մասնիկը, մասնակցել Վիքիպեդիայի զարգացման և բարելավման աշխատանքներին:

Համալսարանների պրակտիկա

Բրյուսովի անվան պետական համալսարան

Այս համալսարանի պրակտիկան, որը մեկնարկել էր փետրվարի 10-ին, ավարտվեց մարտի 21-ին։ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 88 ուսանողներ շաբաթական երկու անգամ գալիս էին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ և մասնակցում դասընթացին (յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ), որի ընթացքում սովորեցին խմբագրել և հոդվածներ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում։

Ուսանողները անգլերեն, չինարեն և կորեերեն Վիքիպեդիաներից թարգմանելով ստեղծեցին 12․079․747 բայթ ծավալով 191 հոդված։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այս համալսարանի պրակտիկայի սկիզբը տրվել է փետրվարի 8-ին՝ Իջևանում։ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները երկօրյա այցով մեկնել էին Իջևան, որտեղ ուսանողների հետ անցկացրին 4 պարապմունք՝ նրանց ծանոթացնելով Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին։ Հետագա շաբաթների ընթացքում, մինչև մարտի վերջ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների 31 ուսանողները անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն Վիքիպեդիաներից թարգմանելով, ինչպես նաև հայերեն տպագիր աղբյուրներից օգտվելով ստեղծեցին և բարելավեցին 2․088․796 բայթ ծավալով 145 հոդված։

Մարտի վերջին մեկնարկել է նաև նույն համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հեռակա ուսուցման բաժնի ուսանողների պրակտիկան, որը կշարունակվի մինչև ապրիլի վերջ։

Երկու համալսարանների պրակտիկայի ընթացքում ընդամենը ստեղծվել է 14․168.543 բայթ ծավալով 336 հոդված։

«Վիքիգրաշխարհ» նախագծի մրցանակաբաշխություն

Մարտի 11-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կայացավ հունվար-փետրվար ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանի» և «Դարակ» հրատարակչության համատեղ կազմակերպած «Վիքիգրաշխարհ» երկրորդ խմբագրաթոնի, մրցանակաբաշխությունը։ Նախագծի հաղթող և աչքի ընկած մասնակիցները ստացան մրցանակներ և հավաստագրեր։

«Վիքիգրաշխարհ» նախագծի մրցանակները տրամադրել էր «Դարակ» հրատարակչությունը։

Քաղցր Վիքի

«Վիքիմեդիա Հայաստանը» և «Lակի օնլայն» ակադեմիան 2025 թվականի փետրվարի 8-ից մարտի 8-ը համատեղ կազմակերպել էին «Քաղցր Վիքի» խմբագրաթոնը։

Մեկ ամսվա ընթացքում խմբագրաթոնի 28 մասնակից Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել և բարելավել են 5․246․379 բայթ ծավալով 482 հոդված քաղցրավենիքների, դրանց ստեղծման տեխնոլոգիաների, բաղադրամասերի մասին։

Հետաքրքրաշարժ Վիքի

Մարտի 9-ից 20-ը «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր «Հետաքրքրաշարժ Վիքի» խմբագրաթոնը, որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիան տարբեր թեմաներով հոդվածներով հարստացնելը, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերը տեղ կգտնեն Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։ Հոդվածները այլալեզու Վիքիպեդիաներից թարգմանվեցին նախապես կազմված ցանկից, սակայն եթե մասնակիցները ցանկանում էին ստեղծել այլ հոդված, որը նախագծի ցանկում ընդգրկված չէր, կարող էին այն «Գիտե՞ք, որ․․․»-ի համար հետաքրքրաշարժ փաստով առաջարկել հատուկ ստեղծված էջում։ Կազմակերպիչների կողմից հավանության արժանանալու դեպքում հոդվածն ընդգրկվում էր նախագծի ցանկում։

12 օրում ընդամենը ստեղծվեց 979․853 բայթ ծավալով 66 հոդված, որոնցից վերցված հետաքրքրաշարժ փաստերն արդեն ընդգրկվում են Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ․․․» բաժնում։

Համայնքային հավաք

2025 թվականի մարտի 11-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։

Հավաքին գրասենյակում մասնակցել են վիքիհամայնքի 17 անդամ և 5-ն էլ՝ առցանց։

Կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» վերջին եռամսյակում կատարած աշխատանքները, միջոցառումները և խոսեց առաջիկա ամիսներին սպասվող նախագծերի մասին։ Քննարկվեցին սպասվող նախագծերի հնարավոր ժամկետները, թիրախային խմբերը։

Կազմակերպության աշխատակիցները պատասխանեցին հանդիպմանը մասնակցողներին հետաքրքրող հարցերին։