Jump to content

Հաշվետվություն/2025-02

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Փետրվար

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 9 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գրանցված էր 282 անդամ։ Փետրվարին մեկնարկել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Երիտասարդ կենսագիր» բազմափուլ նախագիծը, որի շրջանակներում ակումբների անդամները նախապես կազմված ցանկերով Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանում են անվանի անձանց կենսագրություններ։ Նախագիծը մրցութային է, այն բաղկացած է 5 փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։

Նախագծի 1-ին փուլի շրջանակներում 26 մասնակիցներ ստեղծել են 2․857․444 բայթ ծավալով 165 հոդված։

Վիքիխմբագրումներ փետրվարին

Ընդամենը փետրվարին վիքիակումբների 282 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 93-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 370 հոդված և կատարել 1726 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 5․362․330 բայթ։

Փետրվարին ակումբականներից 75-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 1330 խմբագրում։

Գիրք նվիրելու օրը Հացիկի Վիքիակումբում

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կիրանցի վիքիակումբում Մայրենի լեզվի օրվա առիթով տեղի է ունեցել «Եկ խոսենք հայերեն» թեմայով միջոցառում։ Երեխաները սահիկահանդեսով ներկայացել են հայերենում տարածված սխալները։
  • Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա առթիվ Հացիկի վիքիակումբում անցկացվել է միջոցառում, որի ընթացքում խմբագիրները միմյանց նվիրել են գրքեր։ Խմբագիրներին խրախուսելու համար ակումբի համակարգողը ևս բոլորին գրքեր է նվիրել։ Միջոցառման ընթացքում խմբագիրները Վիքիքաղվածքից ասույթներ են ընթերցել գրքերի մասին, իսկ Վիքիդարանից կարդացել են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Օրվա վերջում խաղացել են «Ես և շրջակա աշխարհը» ինտելեկտուալ խաղ-լոտո։

Վիքիգրաշխարհ

Հունվարի 15-ից փետրվարի 15-ը կայացավ «Վիքիմեդիա Հայաստանի» և «Դարակ» հրատարակչության համատեղ կազմակերպած «Վիքիգրաշխարհ» երկրորդ խմբագրաթոնը, որին մասնակցեցին Հայերեն Վիքիպեդիայի 43 խմբագիրներ։ Նրանք խմբագրաթոնի ընթացքում ստեղծեցին 4․393․238 բայթ ծավալով 294 հոդված տարբեր ազգության գրողների մասին։

Բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր, մրցանակ-գրքեր, առավել ակտիվ մասնակիցները` առավել արժեքավոր գրքեր «Դարակ» հրատարակչությունից։

Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկա

Այս համալսարանի պրակտիկան մեկնարկել է փետրվարի 10-ին։ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի 88 ուսանողներ շաբաթական երկու անգամ գալիս են «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ և մասնակցում դասընթացին (յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ)։

Առաջին երկու հանդիպումների ընթացքում աշխատակիցները նրանց ծանոթացրին Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին, երրորդ հանդիպումից սկսած՝ ուսանողները սկսեցին հոդվածներ գրել Հայերեն Վիքիպեդիայում։ Նրանք կատարում են թարգմանություններ անգլերեն, չինարեն և կորեերեն Վիքիպեդիաներից։ Անգլերենից թարգմանվում են կարևորագույն հոդվածների ցանկում ընդգրկվածները։

Պրակտիկան շարունակվում է։ Այն կավարտվի մարտի 20-ին։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների պրակտիկա

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համալսարանի պրակտիկայի սկիզբը տրվել է փետրվարի 8-ին՝ Իջևանում։ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները երկօրյա այցով մեկնել էին Իջևան, որտեղ ուսանողների հետ անցկացրին 4 պարապմունք՝ նրանց ծանոթացնելով Վիքիպեդիայի հիմունքներին, հիմնական կանոններին, խմբագրման գործիքներին և նրբություններին։ Հետագա շաբաթների ընթացքում կայանում էին առցանց հանդիպումներ, որոնց ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքը, կատարվում էին շտկումներ հրապարակված ավազարկղերում և հոդվածներում։

Ընդամենը պրակտիկային մասնակցում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների 31 ուսանող։ Նրանք կատարում են թարգմանություններ Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն Վիքիպեդիաներից, ինչպես նաև ստեղծում և բարելավում են հոդվածներ՝ օգտվելով հայերեն տպագիր աղբյուրներից։ Պրակտիկան կավարտվի մարտի 21-ին։

«Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների այցը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ

Փետրվարի 4-ին ճանաչողական այցով «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ էին այցելել Երևանի «Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները։ Անգլերենի ուսուցչուհու ուղեկցությամբ 7 աշակերտները շրջայց կատարեցին գրասենյակում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին։

Այնուհետև կազմակերպության աշխատակիցները ներկայացրին Վիքիպեդիայի պատմությունը, հինգ սյուները, ինչպես նաև ծանոթացրին Վիքիպեդիայում գրանցվելու, խմբագրելու և հոդվածներ ստեղծելու հիմնական սկզբունքներին։

Դպրոցը նախատեսում է միանալ ակտիվ վիքիշարժմանը և սկսել խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում։ Այդ կապակցությամբ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ։

Քաղցր Վիքի

«Վիքիմեդիա Հայաստանը» և «Lակի օնլայն» ակադեմիան 2025 թվականի փետրվարի 8-ից մարտի 8-ը համատեղ կազմակերպել են «Քաղցր Վիքի» խմբագրաթոնը։

Խմբագրաթոնը տևելու է մեկ ամիս, որի ընթացքում մրցույթի մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ստեղծելու են հոդվածներ քաղցրավենիքների, դրանց ստեղծման տեխնոլոգիաների, բաղադրամասերի մասին։

Մամուլում

Նախորդ եռամսյակի ընթացքում Վիքիմեդիա ԿԱԵ տեղեկագրում տպագրելու նպատակով ներկայացվել է երկու նյութը։ Առաջինը վերաբերում է «Վիքիմեդիա Հայաստանի» 9-րդ Վիքիակումբին, որը բացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Իսկ մյուսը Հայ-իրանական համատեղ խմբագրաթոնի մասին է, որը «Վիքիմեդիա Հայաստանը» և Իրանցի վիքիմեդիացիների խումբը նախաձեռնել էին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։